Մարտի 1-ի դիպուկահարի սպանությունը չեն բացահայտում

0
1649

Վանաձորցի քրեական հեղինակություն Շալիկո Մանուչարյանի՝ Շալոյի դեմ մահափորձ կազմակերպելու գործով նախաքննությունն ավարտվում է: Շուտով գործը կուղարկվի դատարան: Այն հանրային մեծ հետաքրքրություն է ներկայացնում, քանի որ առնչվում է հատուկ ջոկատային, ըստ չճշտված, բայց ստույգ տվյալների, Մարտի 1-ի դիպուկահար Եվգենի Կաչակի մահվանը:

Նախաքննության ընթացքում քննչական մարմինը անընդհատ փորձել է Կաչակի սպանությունը կապել նրա ընկերոջ՝ կարատեի նախկին մարզիչ Սամվել Այվազյանի հետ, սակայն դա չի հաջողվել: Դիպուկահարի սպանությունը բացահայտված չի և հույս չկա, որ կբացահայտվի:

Կաչակը, որը Մարտի 1-ի դեպքերից հետո հրահանգ է ունեցել հեռանալ Հայաստանից, ապրում էր Ղազախստանում և Հայաստան էր գալիս միայն ՀՀ բարձրաստիճան ոստիկանների գիտությամբ և թույլտվությամբ իր հայաստանցի կնոջ մոտ: Ղազախստանում  նա ևս ընտանիք ուներ:

Մինչև կյանքի վերջին  օրը Ժենյա Կաչակը հաշվառված է եղել ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչության հատուկ նշանակության ջոկատում և ոստիկանության զորքերում։

Այն վարկածը, թե նա 2017 թվականին վերջին անգամ Հայաստան էր եկել Վանաձորի  քրեական հեղինակություն Շալիկո Մանուչարյանի դեմ մահափորձ իրականացնելու համար, ոչ մի կերպ չի ապացուցվում: Միակ հիմքը նախաքննության նյութերում ինչ-որ օպերատիվ գրություն է, որը գրել են իրավապահները: Չի բացառվում, որ այն գրվել է քննությունն այլ ուղղությամբ տանելու և դիպուկահարի սպանությունը կոծկելու համար:

«Կիոկուշին» ֆեդերացիայի փոխնախագահ, կարատեի նախկին մարզիչ Սամվել Այվազյան, որին մեղադրում են Շալոյի մահափորձը  նախապատրաստելու համար (Քրեական օրենսգիրք, 35-104 հոդված), նույնպես հատուկ ջոկատային է եղել, և, ըստ գործի նյութերի, Կաչակին հրավիրել է արտերկրից, Շալոյին սպանելու պատվեր է տվել, վճարել է դրա համար 15 000 դոլար, սակայն մահափորձը չի իրականացվել:

Քննչական կոմիտեն այս մասին « մշուշոտ>> հաղորդագրություն է տարածում 2018 թվականի նոյեմբերի 9-ին, դեպքերից մոտ մեկ տարի անց:

Ըստ դրա, « քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2017 թվականին մի խումբ անձանց կողմից նախապատրաստվել է Վանաձորի բնակիչ, քրեական հեղինակություն համարվող անձի սպանությունը, որն իրականացնելու համար Հայաստան է հրավիրվել նաև դիպուկահար, ով, լինելով ՀՀ քաղաքացի, վերջին տարիներին բնակվել է արտերկրում։ Վերջինս Հայաստան է ժամանել 2017 թվականի ապրիլի 19-ին և մի քանի օր նախ մնացել է օդանավակայանին հարակից հյուրատներից մեկում, ապա՝ հանցակցի հետ ապրիլի 24-ին տեղափոխվել Վանաձոր, որտեղ բնակվել են նախապես վարձակալված բնակարանում։

2017 թվականի ապրիլի 27-ի լույս 28-ի գիշերը վարձակալված բնակարանում հայտնաբերվել է դիպուկահարի դին՝ բազմաթիվ մարմնական վնասվածքներով: Քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ սպանվածի դին Վանաձորից Երևան է տեղափոխվել նրա հանցակցի կողմից՝ սպանության, ինչպես նաև քրեական հեղինակության սպանության նախապատրաստության հետքերը թաքցնելու նպատակով>>։

Ինչո՞ւ այնուամենայնիվ չի հաջողվում սպանել վանաձորցի հեղինակությանը: Այստեղ սկսվում է քննչական հեքիաթը, խճճված  մի պատմություն անհայտ դերակատարներով: 

Շալիկո Մանուչարյանի բնակարան, որը գտնվում է բազմաբնակարան շենքի 6-րդ հարկում, իբր, այցելում են հանցաշխարհի ինչ-որ ներկայացուցիչներ և  ռազբորկա են սկսում հեռախոսով հնչեցրած հայհոյանքների համար:

Այդ ժամանակ նույն շենքի առաջին հարկում պայթյուն է տեղի ունենում, և խանգարում է մահափորձի իրականացմանը: 3-4 ամիս անց ենթադրյալ  «քիլլերին»՝ Ժենյա Կաչակին հայտնաբերում են Վանաձորում՝ մահացած: Արդյոք Կաչակը հանկարծամահ է եղել, թ՞ե նրան սպանել են, մինչ օրս անհայտ է:

Նախաքննության  մարմինը մեկ տարուց ավելի է, անընդհատ փորձել է Սամվել Այվազյանին կապել Ժենյա Կաչակի սպանության հետ, սակայն դա քննիչներին չի հաջողվել:

«Գործով ապացուցված է, որ այն ժամանակ, երբ Կաչակը Վանաձորում մահացել է, Սամվել Այվազյանը եղել է Երևանում», — ասում է Այվազյանի փաստաբան Գուրգեն Հովհաննիսյանը: Նա այս օրերին ծանոթանում է նախաքննության նյութերին: Վստահեցնում է, որ ապացույց, որով կհիմնավորվեր, որ իր պաշտպանյալը մասնակցել է Շալիկո  Մանուչարյանի դեմ կազմակերպվող մահափորձի, դատախազությունը չունի:

 «Չկա ոչ մի ապացույց, որը վկայում է, որ Սամվել Այվաղզյանը և Եվգենի Կաչակը ցանկացել են  Շալիկո Մանուչարյանի սպանությունը կազմակերպել: Շալիկո Մանուչարյանը, որին երևի, 100 ձևով հարցրել են, թե հն արավոր է, որ ինչ-որ մեկի հետ խնդիր ունեցած լինի, հերքել է, ասել է՝ չգիտեմ, չեմ ճանաչում, թե ով է այդ տղան: Շինծու մեղադրանք է, սպանության նախապատրաստություն գոյություն չունի, ուղղակի չեն կարողանում գտնել, թե Կաչակին ով է սպանել, և չորս հատ քրեական գործ հորինեցին նրա մահը չբացահայտելու  համար», — ասում  է փաստաբանը:

Քննիչները 5 անգամ երկարացրել են Սամվել Այվազյանի խափանման միջոց կալանքը, և ամեն անգամ դրա անհրաժեշտությունը հիմնավորել են նոր հանգամանքներով, որոնք չեն ներկայացվել դատարանին: Փաստաբան Գուրգեն Հովհաննիսյանը վերաքննիչ բողոքներ է ներկայացրել կալանքի որոշումների դեմ: «Չորրորդ խափանման միջոց կալանքի վերաքննիչ բողոքի քննությունը դեռ չի եղել, և հիգերորդ կալանքի վերաքննիչ բողոքի քննությունը ևս դեռ տեղի չի ունեցել», — ասում է նա Forrights.am-ին:

Այվազյանի դեմ միակ ցուցմունք գրողը եղել է հանգուցյալ Կաչակի կինը: «Նրան բերել են արտերկրից, նա ակնհայտ ուղորդված վկա է: Բացի դա, նրա այդ ցուցմունքներում չի հնչում քրեական հեղինակության անունը:  Նա խոսում է ինչ-որ պաշտոնական անձի դեմ կազմակերպվող գործողության մասին: Մենք նրան կհարցաքննենք ու ամենը կպարզենք», — նշում է Գուրգեն Հովհաննիսյանը:

Այսիսով, Կաչակի սպանությունը բացահայտված չէ: Տեղեկությունները, որ նա եղել է Մարտի 1-ի հայտնի իրադարձությունների ժամանակ կրակող դիպուկահարներից, քննչական մ արմինը չի հերքել: Միևնույն  ժամանակ որևէ ջանք Մարտի մեկի դիպուկահարի սպանությունը բացահայտելու համար քննչականը չի գործադրում, կամ էլ այդ ջանքերն այնքան աննշան են և անարդյունք, որ կասկածների տեղիք են տալիս:

Ակնհայտ է, որ Մարտի 1-ի դիպուկահարի սպանության գործի բացահայտումը ոչ մեկի պետք չէ:

Եւ այսպես, Եվգենի Կաչակը, որը Մարտի 1-ի կարևոր վկաներից կարող էր լինել, ինչպես և նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը, հեռացավ կյանքից առեղծվածային հանգամանքներում: Մարտի մեկի առանցքային  վկաներից այժմ ողջ չեն նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անվտանգության ծառայության ղեկավար Գրիգորի Սարքիսովը, ծանր հիվանդությունների պատճառով մահացել են ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանը, Ազատության հրապարակի օպերացիայի պատասխանատուներին ՀՀ ոստիկանապետի նախկին տեղակալ Արմեն Երիցյանը:

Սյուզան Սիմոնյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here