Ալավերդիում քրեական իրավիճակը լարված է. այս օրերին լարվածության նոր օջախ է առաջացել Ալավերդցի Վահագի գործով

0
1024

Ալավերդիում մի օր դանակահարություն է լինում, մի օր կրակոցներ, մի օր էլ ծեծ: Այս օրերին սրվել է քաղաքում քրեական իրավիճակը:

Դանակահարություն Անկախության տոնի ժամանակ

Ըստ ոստիկանության մոտ աղբյուրի, մի քանի օր առաջ դանակահարություն է տեղի ունեցել Էնգելս թաղամասում: Անկախության տոնի կապակցությամբ սեպտեմբերի 21-ին բացօդյա միջոցառում էին կազմակերպել Էնգելս թաղամասում: Միջոցառման ժամանակ 16 տարեկան անչափահաս տղա, որը, ինչպես հետո պարզվել է, հոգեկան խնդիրներ ուներ, դանակահարել է մեկ այլ երիտասարդի: Դանակահարվողը չի բողոքել, քանի որ, ինչպես հայտնեց մեզ թաղամասի բնակիչներից մեկը, Ալավերդիում ոստիկանին բողոքելը շատերը պատվազրկության նշան են համարում: Դանակահարող տղային տեղափոխել են հոգեբուժարան, որտեղ նա գտնվում է այս պահին:

Սպանդարյան փողոցում էլ երեկ, կեսօրից հետո կրակոցներ են լսվել: Այդ մասին  «1-02» ծառայությանը ահազանգել է թաղի բնակիչը: Ոստիկանները եկել են դեպքի վայր և զննություն են կատարել, սակայն տեղում նրանց գործողություններին խոչընդոտել է Ալավերդու հեղինակություն Զորիկ Շահվերդյանը:

Կրակոց թ՞ե պայթուցիկ

Forrights.am-ը երեկ անդրադարձել էր միջադեպին, որի վերաբերյալ մեզ նոր մանրամասներ են հայտնի դարձել: Թաղի բնակիչ Ա. Ս-ն պատմում է, որ Զորիկ Շահվերդյանը նստած է եղել բակային տաղավարում՝ բեսեդկայում, և տեսնելով, որ ոստիկանները գործողություններ են կատարում տարածքում, մոտեցել է և հրահանգել է նրանց, որ հեռանան այդտեղից:

«Ասել է՝ գնացեք, ստեղի ասողը ես եմ, չեմ թողնում, որ ստեղ պտտվեք: Ասենք, թե ես եմ կրակել, կարա՞ք ապացուցեք, որ ես եմ», — հաղորդում է Forrights.am-ի զրուցակիցը:  Ոստիկանները, ըստ նրա, հանդուրժողական պահվածցք են ցուցաբերել, որից  Շահվերդյանը, ըստ Ա. Ս-ի, ավելի է լկտիացել և չի թողել, որ նրանք կատարեն իրենց աշխատանքը, հարվածել է ոստիկաններից մեկին, ապա դեպքի վայր է եկել մեկ այլ օպերատիվ խումբ:  «Նա հարձակվել է նաև նոր եկածների վրա հայհոյանքներով ու բռունցներով, նաև հարվածներ է հասցրել ոստիկանների  մեքենային ու վնասել է այն: բաժանմունքում էլ հարվածել է ու հայհոյել է ոստիկանության բաժնի պետի տեղակալին:

 Շուրջ 20 րոպե նվաստացրել է ոստիկաններին ու քննչական խմբին, քրեական հետախույզներին, հայհոյել է: Կան վկաներ, որոնք հիմա ցուցմունքներ են տալիս», — պատմում է ոստիկանության մոտ աղբյուրը: Մեր տեղեկություններով, Շահվերդյանի մայրը ևս փորձել է միջամտել և հանգստացնել որդուն, սակայն Զորիկ Շահվերդյանը նրան էլ է հարվածել:

Նա քաղաքում հայտնի է նաև քրեական հեղինակություն հանդիսացող հոր շնորհիվ՝ Կամո Շահվերդյանի, որը ներկայում կալանավայրում է և 10 տարվա ազատազրկման է դատապարտված մի քանի հոդվածներով, այդ թվում նաև սպանության համար:

Զորիկ Շահվերդյանը ձերբակալված է, նրան կասկածում են ոստիկաններին հարվածելու մեջ, քրեական գործ է հարուցված Քր. Օր-ի 258-րդ հոդվածի երրորդ մասով՝ խուլիգանություն, որը զուգորդվել է իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալով: Այս մասին  Forrights.am-ին հայտնեցին քննչական կոմիտեից, ավելացնելով, որ կրակոցների փաստը չի հաստատվում: 

Ոստիկանները քաղաքացիական հագուստո՞վ են եղել

Շահվերդյանի փաստաբան Հակոբ Ճարոյանը հակառակ պատկերն է նկարագրում: Ըստ նրա, իրականում ոստիկաններն են իր պաշտպանյալին հանել հունից: Ճարոյանը պատմեց, որ իրականում այդ տարածքում  ոչ թե կրակոց է եղել, այլ պայթուցիկ են տրաքացրել: Այդ տարածքում բնակվել է դանակահարողը. որը մտավախություն է ունեցել, որ հոգեխախտ երիտասարդը կրկին կգա իրեն դանակով կխբի:  

«Դանակահարման դեպքից հետո այդ տարածքը ոստիկանները մի քանի օր հսկել են և այդ օրը արդեն պատրաստվել են հանել հսկողությունը, — ասում է փաստաբանը,- քանի որ բնակիչները վախեցել են, որ դեպքը կկրկնվի, նրանք պայթուցիկ են տրաքացրել, որպեսզի ոստիկանները շարունակեն տարածքի հսկողությունը: Իմ պաշտպանյալը չի իմացել, որ եկածները ոստիկաններն են: Նրանք քաղաքացիական հագուստով են եղել»: 

Ինչո՞ւ է Շահվերդյանը հարձակվել ոստիկանների վրա:  

«Ոչ մի նման ցուցմունք չկա: Իրենք են հարձակվել Շահվերդյանի վրա: Նա իր համար բեսեդկում հագիստ նստած է եղել: Ոստիկանները նրան մոտեցել են, կարծելով, որ ինքն է պայթեցրել ու այդտեղից կոնֆլիկտը եղել է», — պատասխանեց Հակոբ Ճարոյանը: Հայհոյանքի ու մի քանի ոստիկանների ծեծելու մասին տվյալները նա հերքում է:

Վահագն Աբգարյանի գործով առանցքային վկան զգուշանում է իր անվտանգության  համար

Այս օրերին լարվածության նոր օջախ է առաջացել կապված Ալավերդցի Վահագի գործի հետ: Այս գործով նախորդ դատական նիստին հայտնվել էր Վահագն Աբգարյանին պատկանող հյուրանոցի նախկին տնօրեն Արթուր Մնացականյանը՝ Արկոն, որը ժամանակին ցուցմունքներ է տվել Աբգարյանի դեմ, որ իբր, նա պատիրել է Ալավերդու բնակիչ Կամո Փիրուզյանի սպանությունը: Աբգարյանը, ինչպես հայտնի է, արդեն մոտ երկու տարի է, կալանավորված է: Արթուր Մնացականյանը սեպտեմբերի 18-ին եկավ դատարան և պահանջեց, որ իրեն հարցաքննեն, քանի որ մի քանի օրով է կարողացել գալ արտասահմանից:

Իսկ  ԶԼՄ-ների համար նա հայտարարեց, որ Մարտի մեկի գործով մեղադրյալ, գլխավոր դատախազի նախկին տեղակալ Վահագն Հարությունյանն է  նրան ստիպել սուտ ցուցմունքներ գրել Ալավերդցի հեղինակության, ինչպես նաև Լոռու մարզային քննչականի պետ Թաթուլ Շուշանյանի և  նրա ենթակաների դեմ: 

Դատավոր Սուսաննա Գզոգյանը սակայն չլսեց վկային, խոստանալով, որ դա կանի սեպտեմբերի 25-ի նիստի ժամանակ: Սեպտեմբերի 25-ի նիստը, սակայն հետաձգվեց, իսկ Արթուր Մնացականյանը և նրա ներկայացուցիչները բողոքի ցույց կազմակերպեցին գլխավոր դատախազության դիմաց, պահանջելով պաշտպանել իր անվտանգությունը: Արթուր Մնացականյանը վախենալու պատճառներ ունի, քանի որ փաստորեն ոչ միայն Վահագն Հարությունյանին, այլև  մի քանի քննիչերի, որոնք այսօր էլ պաշտոնի են, հանցագործության մեջ է մեղադրում: Բացի այդ, Արթուր Մնացականյանի պահվածքը բնականաբար, չի կարող դուր գալ Վահագն Աբգարյանի ոխերիմ թշնամիներին, որոնք մի քանի անգամ մահափորձ են կազմակերպել Ալավերդցի հեղինակության դեմ և մնում են անպատիժ: Արթուր Մնացականյանը ունի բոլոր հիմքերը անհանգստանալու  իր անվտանգության համար:

Հայտնի է, որ Ալավերդին տարիներ շարունակ արյան վրեժի ու փոխադարձ հաշվեհարդարների, ինքնադատաստանների դաշտ է եղել քրեական վարքագիծ դրսևորող տարբեր խմբավորումների համար: Եւ այսօր էլ քրեական իրավիճակը այս քաղաքում մնում է լարված:

Սյուզան Սիմոնյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here