Արմեն Ղազարյանը 6 տարի կալանքի տակ գտնվելուց հետո ազատ արձակվեց

0
399

Սույն թվականի հուլիսի 8-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը դատավճիռ հրապարակեց մի արտառոց գործով։ Ամբաստանյալ Արմեն Ղազարյանն այդ դատավճռով դատապարտվեց 6 ու կես տարի ազատազրկման՝ ժամկետ, որը նա արդեն ապրել էր Նուբարաշենի բանտում։

Վերջինս 2013 թվականի հունիսից գտնվում է կալանքի տակ։

Արդեն այսօր, Վերաքննիչ քրեական դատարանում մեկնարկեց Արմեն Ղազարյանի գործով վերաքննիչ բողոքի քննությունը, որի ընթացքում նաև քննվեց խափանման միջոց կալանավորումը վերացնելու  մասին պաշտպաններ Հայարփի Սարգսյանի և Արա Ղարագյոզյանի միջնորդությունը:

Դատական նիստին չէր ներկայացել մեղադրող կողմը, սակայն դատարանը՝ դատավոր Ռուբեն ՄԽիթարյանը՝ կողմերի համաձայնությամբ որոշում կայացրեց նիստը շարունակել մեղադրող կողմի բացակայությամբ:

Պաշտպանական կողմը դատարան միջնորդություն էր ներկայացրել խափանման միջոց կալանավորումը վերացնելու կամ մեկ այլ խափանման միջոցով՝ գրավով փոխարինելու վերաբերյալ:

Պաշտպան Հայարփի Սարգսյանն անդրադարձավ այն հանգամանքին, որ Արմեն Ղազարյանը 6 տարի 3 ամիս է գտնվում է կալանքի տակ, առանց որևէ հիմքի, քանի որ չկան հանգամանքներ, որ նա կարող է խոչնդոտել գործի քննությանը:

«Մարդը ոչ թե կալանք է կրել, այլ պատիժ, և Առաջին ատյանի դատավորի կայացրած դատավճիռը դրա ապացույցն է», ասաց նա, հավելելով, որ կիրառված խափանման միջոցը պատժի հետ աղերսներ ունի:

Արմեն Ղազարյանն էլ իր հերթին անդրադարձավ քրեական գործին, նշելով, որ որևէ ապացույց չկա և նշեց, որ դատավարական որևէ գործընթացի ինքը չի մասնակցել՝ առերեսում և այլն:

«Ուղղակի կարդացին մի քանի վկաների ցուցմունքները և դատապարտեցին»,-ասաց Արմեն Ղազարյանը, նշելով, որ «Եթե այս քրեական գործի մեջ կա տուժող՝ ես եմ»:

Դատարանը քննելով բողոքաբեր կողմի միջնորդությունը՝ խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո հրապարակեց որևոշում՝ միջնորդությունը բավարարելու վերաբերյալ:

Արդյունքում, Արմեն Ղազարյանը 6 տարի 3 ամիս անցկացնելով Նուբարաշեն ՔԿՀ-ում ազատ արձակվեց հենց դատարանի դահլիճից՝ խափանման միջոց կալանավորումը փոխարինվեց ստորագրությամբ չհեռանալու մասին:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 16-ին:

Հավելենք, որ Արմեն Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել մոտ 20 տարի առաջ Դոնի Ռոստովում տեղի ունեցած իրադարձությունների հետ կապված։ 2000թ. մայիսին նա, ըստ մեղադրանքի, ևս երկու անձի հետ առևանգել է ՌԴ քաղաքացիներ Կրուգլովային և Տոլստիխին, որոնք մայր ու աղջիկ են, տարել է նրանց մի բնակարան, պահանջել է, որ նրանք ասեն փողերի տեղը։ Նրանց ծեծի են ենթարկել, որից հետո կանայք հայտնել են, թե որտեղ են պահանջած գումարները:

«Ղազարյանը գնալով այդ հասցեով և օգտվելով այն հանգամանքից, որ իրեն նախկինում ծանոթ Կրուգլովը բացել է դուռը, մտել է բնակարան, որտեղ…քննությամբ չպարզված հանցագործի հետ Ս.Կրուգլովայի գումարին տիրանալու նպատակով սկսել է ծեծի ենթարկել նրանց․․․ հափշտակել է Ս. Կրուգլովային պատկանող 6900 ԱՄՆ դոլար գումարը», — գրված է եզրակացության մեջ։

Այս արարքները մեղսագրվել են Արմեն Ղազարյանին 2013 թվականին։ Նա մեղադրվել է ավազակության, մարդու առևանգման, դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեջ։ 2009 թվականին ՌԴ դատախազը որոշում է կայացնել քրեկան հետապնդումը Արմեն Ղազարյանի նկատմամբ կարճելու մասին, քանի որ նրան առաջադրված մեղադրանքը անհիմն է համարել։

Ազնիվ Սիրադեղյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here