Սթիվեն Նյուտոնին սպասելիս. Պողոս Պողոսյանի սպանությունից 18 տարի անց կրքերը չեն հանդարտվում

0
485

74-ամյա բրիտանացի Սթիվեն Նյուտոնը այն երեք հարյուր անձանցից է, որոնք «Առագաստ» սրճարանում են եղել 2001 թվականի սեպտեմբերի 24-ի երեկոյան, այն  ժամին, երբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիկնապահները ծեծելով սպանեցին Վրաստանի քաղաքացի Պողոս Պողոսյանին:

Այդ շրջանում նա Եվրոպայի Միության  ծրագրերից մեկի շրջանակում որպես դասախոս դասավանդում էր կառավարման դպրոցում:

Փաստորեն, նա Պողոսյանի սպանության միակ ականատես վկան է եղել և այսօր հույս ունի, որ գործը կվերաբացվի և 18 տարի անց Հայաստանի իրավապահները վերջապես կլսեն իրեն:

Բրիտանացի դասախոսը այս շաբաթ հարցազրույցներ էր տալիս հայկական ԶԼՄ-ներին, ներկայացնելով իր տեսածը՝ թե ինչպես են Քոչարյանն ու Շարլ Ազնավուրը եկել այդ օրը «Առագաստ», և մարդիկ նրանց ծափերով են դիմավորել, ինչպես է  Պողոս Պողոսյանը ասել Քոչարյանին՝ «բարև, Ռոբ», ինչպես են Քոչարյանի թիկնապահները հրմշտելով զուգարան մտցրել Պողոս Պողոսյանին և նրա ընկերոջը:

«Ես վազեցի ներս: Այդ Կուկու կոչվածը ատրճանակի կոթով ծեծում էր երկրորդ տղամարդուն։ Ես նրան հրեցի։ Երբ մտա ներս, երկրորդ տղամարդը՝ Պողոս Պողոսյանը, ընկած էր հատակին, նա համարյա մեռած էր, նրա գլուխն ուռած էր», — ասել է Նյուտոնը «Ազատություն» ռադիոկայանին:  Նա խոստովանել է, որ այս տարիների ընթացքում անընդհատ այդ դեպքն իր մտքին է եղել:

Սպանությունից անմիջապես հետո «Առագաստի» աշխատակիցները կեղծ վարկած էին տարածում՝ թե Պողոս Պողոսյանը մահացել է սրտի կաթվածից, քանի որ չի դիմացել Քոչարյանին ու Ազնավուրին տեսնելու ուրախությանը:

Պողոս Պողոսյանի սպանության համար ոչ ոք պատասխան չտվեց: Քոչարյանի թիկնապահ Աղամալ Հարությունյանը դատապարտվեց մեկ ու կես տարվա ազատազրկման անզգույշ սպանության մեղադրանքով: Դատավոր Մնացական Մարտիրոսյանը նրա պատիժը պայմանականորեն չկիրառեց:

Պողոս Պողոսյանի սպանության գործով դատավարության ժամանակ  Նյուտոնը Ռումինիայում է գտնվել: Իր ցուցմունքը նա ստորագրել էր և հյուպատոսարանի կնիքով ուղարկել է Հայաստան: Ցուցմունքի մեկ օրինակն էլ հյուպատոսարանն ուղարկել էր իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանին, որը որպես լրագրող այն ժամանակ աշխատում  էր «Արմենիա Նաու» էլեկտրոնային պարբերականում:

«Սպանվածի եղբայրը միջնորդել էր դատարանին, որպեսզի ԱԳՆ-ն և ներքին գործերի նախարարությունը գտնեին ականատես վկային, և երեք շաբաթյա ընդմիջումից հետո դատարանում հայտարարվեց, որ չեն կարողանում գտնել վկային: Եւ ահա հենց այդ ժամանակ էլ ստացվեց միակ ականատեսի՝ Սթիվեն Նյուտոնի վկայությունը՝ հյուպատոսի կնիքով վավերացված, որը պաշտոնական փաստաթուղթ էր, և պետք էր ներկայացնել դատարան: Սպանվածի եղբոր՝ Անդրանիկ Պողոսյանի շահերը ներկայացնում էր Ռուբեն Սահակյանը, և նա էր իրավասու վկայությունը  ներկայացնել դատարանին:  Սակայն նա չներկայացրեց պատշաճ փաստաթուղթ: Նա ներկայացրեց մի թուղթ, Նյուտոնի վկայության թարգմանությամբ, բայց այդ թուղթը նոտարական հաստատում չուներ, և դատարանն այն չընդունեց, պատճառաբանելով, որ դա պատշաճ փաստաթուղթ չի: Այսպիսով, Սթիվեն Նյուտոնի վկայությունը դատարանում չընթերցվեց ու չլսվեց: Ես կարծում եմ, որ այնպիսի փաստաբանն, ինչպիսին էր Ռուբեն Սահակյանը, որը մեծ հեղինակություն ուներ, շատ լավ պատկերացնում էր, որ նման փաստաթղթերը պետք է պատշաճ ներկայացվեն դատարան:»:

Նա վերհիշում է դատավարության մթնոլորտը. «Փոքրիկ դահլիճում էին ընթանում նիստերը: Աղամալ Հարությունյանը, այսպես ասած՝ Կուկուն, ազատորեն պտտվում էր դահլիճում: Նա իր թիկնապահների խմբով էր գալիս, նույնիսկ լրագրողի էր սպառնացել: Դատարանում ցուցմունքներ էին տվել շատերը, նախարարից սկսած, բայց դրանք գորշ ցուցմունքներ էին: Որևէ մեկը չհամարձակվեց ասել իրականությունը: Ոչ ոք չէր համարձակվի, որովհետև Ռոբերտ Քոչարյանի հաջորդ թիրախը կարող էր լինել այդ ցուցմունք տվողը»:

Սթիվեն Նյուտոնի շահերը ներկայացնող փաստաբան Լուսինե Հակոբյանը սեպտեմբերի 4-ին Նյուտոնի բացատրությունը առձեռն հանձնել է դատախազություն:  Այդ օրը Սթիվեն Նյուտոնը  գնացել էր Սահմանադրական դատարանի մոտ, ցույցի մասնակցելու: Ըստ Լուսինե Հակոբյանի, դեռ Նյուտոնը անցյալ տարվա հոկտեմբերին  Փաշինյանին ուղարկել էր իր բացատրությունները: «Նա իր բացատրությունը էլեկտրոնային փոստով ուղարկել է Փաշինյանին, սակայն հաստատում չի ստացել, որ նամակը ստացվել է, գուցե, տեխնիկական պատճառով», — ասում է փաստաբանը: :

Ի՞նչ եք ակնկալում դատախազությունից:  Forrights.am-ի հարցին Նյուտոնի  փաստաբանը պատասխանում է. «Նա կարևոր վկա է եղել, անմիջական ականատեսն է եղել, կանխել է Ստեփան Նալբանդյանի սպանությունը, իր ասելով: Եթե Նյուտոնը չլիներ, Ստեփան Նալբանդյանը նույն ճակատագրին կարժանանար, ինչ Պողոս Պողոսյանը: Ամեն ինչ կախված է մարդկային գործոնից: Կարծում եմ, եթե նորմալ քննիչ լինի, այդ գործը վերջապես արդարացիորեն կքննվի։ Ի վերջո, մեզ հայտնի չէ, թե Քոչարյանը հարցաքննվել է այս գործով, թե չէ, նրան նորից անհրաժեշտ է հարցաքննել»։

Ըստ փաստաբանի, արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը ևս  պետք է հարցաքննվի, քանի որ իր պաշտպանյալը դիմել է նախարարին, պահանջելով, որ ծեծողները ձերբակալվեն, սակայն վերջինս առանց պատասխանելու, հեռացել է դեպքի վայրից:

«Նա կատարյալ անտարբերություն է ցուցաբերել, փաստորեն անգործություն է դրսևորել: Պարզ չի, թե արդյոք նա իմացել է, թե ինչ է կատարվել և իմանալով հանդերձ, ոչ մի գործողություն չի ձեռնարկել: Այդ ամենը պետք է պարզել»։

Լուսինե Հակոբյանն  ասում է, որ Նյուտոնը այս օրերին հետևել է Ռոբերտ

Քոչարյանի գործով սահմանադրական դատարանում տեղի ունեցող գործընթացին, նա տեսնում է, թե ինչպես են Քոչարյանին մեկ կալանավորում, մեկ ազատ արձակում:

«Նա գտնում է, որ եթե Քոչարյանին ազատ արձակեն, դա շատ վատ կլինի և համարում է, որ Քոչարյանը իմացել է, որ Պողոս Պողոսյանի ու Նալբանդյանի հետ իր թիկնապահները նման կերպ են վարվել», — նշեց Լուսինե Հակոբյանը Forrights.am-ի հետ զրույցում:

Կտրվի արդյո՞ք ընթացք Նյուտոնի դիմումին և ինչ փուլում է գործընթացը:

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը պատասխանում է. «Ստացվել է դիմում այդ անձի հայտարարությունների կապակցությամբ, որը ներկա պահին ուսումնասիրվում է: Արդյունքների մասին մենք անպայման կտեղեկացնենք»:

Եթե դատախազությունը որոշի ընթացք տալ բրիտանացի դասախոսի դիմումին, ապա Հայաստանում կգտնվեն մարդիկ, ովքեր ինքնակամ ցուցմունքներ կտան այս գործով: Նրանց թվում է «Հույս» ՀԿ նախագահ Կարեն Հակոբյանը: 2001 թվականին, դեպքի օրը նա իր ուսանող ընկերների հետ  նույնպես «Առագաստ» սրճարանում է եղել:

Forrights.am-ի հարցերին պատասխանելով Կարեն Հակոբյանն ասաց, որ իր իմացած տեղեկությունները ժամանակին հայտնել է մամուլի միջոցով, բայց եթե պահանջվեն իր ցուցմունքները, ինքը պատրաստ է մասնակցել քննությանը:

Նա նաև նկատում է. «Հայ հասարակությունը պետք է արձագանքեր այն ժամանակ, երբ դատավարությունը գնում էր ու կար հնարավորություն արդարադատության լավ կամ վատ կողմերը ցույց տալու, ինձ համար սա է հասարակական կարծիքի ձևավորումը:  Մենք մոտ 300 հոգի, ունեինք այն ժամանակ «Առագաստում», ներկա էր ՀՀ արվեստագետների ու նոմենկլատուրայի էլիտան, ու ես ենթադրում էի, որ առավոտյան շատերը կխոսեն, կվրդովվեն, իրենց դժգոհությունը կհայտնեն, որ  հայտնի ազգանուններ  կհայտնվեն խոսողների մեջ: Բայց դա տեղի չունեցավ: Ես անտարբեր հասարակությունը ավելի վտանգարվոր եմ համարում, քան մեղավորին չգտնելը: Մտավախություն ունեմ, որ քաղաքական շահարկումներ կարող են լինել այս թեմայի շուրջ, ցավոք, ես դա արդեն տեսնում եմ», — ասաց Կարեն Հակոբյանը:

2001 թվականի սեպտեմբերի 24-ին նա իր ընկերների հետ մինչև վերջ մնացել է «Առագաստում», իսկ հետո, գիշերով մյուս ուսանողների հետ գնացել է իր դասախոսի Հրանուշ  Խարատյանի տուն:

«Իմ ուսանողները՝ Կարեն Հակոբյանը, Գայանե Շագոյանը, Պողոսյանի կողքի սեղանին են նստած եղել, — պատմում է ազգագրագետ Հրանուշ Խարատյանը, — այդ օրը գիշերով նրանք եկան մեր տուն, բունտ էր իմ տանը, մեղվի փեթակ: Ըմբոստացած երիտասարդությունը հավաքվել էր իմ տանը՝ վախեցած, բարկացած, գոռացող երեխեք: Նրանք ուզում էին հասկանալ, ինչ կարելի է անել այս վիճակում։ Ես զանգում էի քննիչներին, ասում էի, որ վկաներ կան: Մեզ ասեցին, որ հետո կզանգեն, բայց մի տաս օր մեզ ոչ ոք չի զանգել: Ուսանողներս, վրդովված գնացել էին Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բացմանը, հույսով, որ այնտեղ կկարողանան իրենց նամակը փոխանցել Շարլ Ազնավուրին, բայց նրանց թույլ չտվեցին, որ մոտենան Շարլին:  Այդ ժամանակ մենք գնացինք «Ա-1 պլյուս» հեռուստաստուդիա ու  40 րոպեանոց եթեր ունեցանք: Ըստ էության, դա հաղորդում էր հանցագործության մասին, որի վրա  իրավապահները ուշադրություն չդարձրեցին»:

Սյուզան Սիմոնյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here