Բունտի հեղինակ «զոն նայողներին» տեղափոխել են պատժախուց. Ինչ ազդեցություն կունենա օրենքի ընդունումը

0
1505

Forrights.am-ին հասած տեղեկություններով՝ քրեակատարողական որոշ հիմնարկներում տեղի ունեցած վերջին բունտի պատճառը եղել է ՔԿՀ-ներում մեկնարկած քրեական բարքերի դեմ պայքարը, որը սկսվել է «զոն նայողներին» իրենց արտոնյալ խցերից տեղափոխելով ու այդպիսով «հեղինակազրկելով»: Տարիներ շարունակ հարմարավետ պայմաններում ՔԿՀ-ներում ապրող «զոն նայողները» ընդդիմացել են վարչակազմի այդ քայլին:

Դրա արդյունքում, օրինակ,  «Արմավիր» ՔԿՀ-ի  1-ին, 2-րդ, 3-րդ և 6-րդ մասնաշենքերի «զոն նայողներին» տեղափոխել են պատժախուց, այնտեղից նրանց «Գորիս» ՔԿՀ տեղափոխելու համար: «Նուբարաշեն» ՔԿՀ-ում նույնպես իր խցից հանել են «զոն նայողին», որն էլ, սկսել է գոռգոռալ, դռներին հարվածել ու ապստամբություն է բարձրացրել բանտում: Տեղեկությունը տարածվել է մյուս ՔԿՀ-ներ, որոնցում նույնպես դժգոհության ալիք ու բունտ է բարձրացել:

Որոշ տեղեկություններով՝ բանտերում ապստամբությունների հեղինակներն ու ակտիվ մասնակիցները այժմ պատժախցերում են, թեև պաշտոնական տեղեկատվություն չկա այդ մասին:

ՔԿՀ-ներում հասարակական դիտորդների խումբը սեպտեմբերի 5-ի բունտից հետո  այցելել է «Նուբարաշեն» ՔԿՀ: Խմբի ղեկավար Հասմիկ Հարությունյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենց այցելության պահին ՔԿՀ-ում իրավիճակը հանգիստ էր, վերահսկվում էր ադմինիստրացիայի կողմից: «Բայց խնդիրն էնպիսին է, որ պահանջում է ավելի խորքային ուսումնասիրություն, և ավելի պարբերական այցելություններ ու մշտադիտարկումներ, ինչն էլ մենք պլանավորում ենք անել»,-հավելեց դիտորդների խմբի ղեկավարը:

Մեր դիտարկմանը, թե տեղեկություն կա, որ «զոն նայողներին» տարել են պատժախուց, դիտորդը չպատասխանեց. «Էդ մասով բան չեմ կարող ասել, էդ տիպի տեղեկության մասին էս պահին չեն կարող ոչինչ ասել»: Միևնույն ժամանակ նա վստահեցրեց, որ բռնություն չի կիրառվել ապստամբած դատապարտյալների նկատմամբ:

Նշենք, որ ՀՀ նոր իշխանության նախաձեռնած օրենսդրական փաթեթով` քրեական պատասխանատվություն է նախատեսվում քրեական բարքերին հարելու և քրեական աստիճանակարգության համար: Ըստ նախագծի՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ է համարվելու ոչ միայն «օրենքով գողը», այլ նաև քրեական հեղինակությունը։ Ըստ այդմ՝ քրեական միջավայր ստեղծելը կամ ղեկավարելը կպատժվի ազատազրկմամբ՝ 6-10 տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա: Եթե արարքը քրեական միջավայրում քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից է կատարվել, ապա այն կպատժվի ազատազրկմամբ՝ 10-15 տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա: Քրեական միջավայրում կամավոր ներգրավվելը կպատժվի ազատազրկմամբ՝ 4-8 տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա: Քրեական ենթամշակույթին հարելն ու այն տարածելը կպատժվի տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 200-ապատիկից 600-ապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը 2 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 3 տարի ժամկետով:

ՔԿՀ-ներում հասարակական դիտորդների խմբի ղեկավարից հետաքրքրվեցինք, թե իրատեսական համարո՞ւմ է, որ վերոնշյալ օրենսդրական փաթեթը արմատախիլ կանի քրեական բարքերը:

«Եթե մենք պայքարը դիտարկենք միայն  օրենսդրական մակարդակում նախագիծ ընդունելու ու քրեականացնելու ձևաչափով որպես մեխանիզմ, չեմ կարծում, որ դա դրական արդյուքններ տալու է: Պետք է մոտեցումը լինի համակարգային, համալիր՝ կախված, թե սոցիալական վերականգնողական ինչ ծրագրեր կորդեգրվեն, ինչպիսի աշխատակիցներ կունենա ՔԿՀ-ն, հսկիչների թիվը, պատրաստվածությունը»,-նշեց դիտորդը՝ հավելելով.

«Եթե դու վերացնում ես մի բան, ինչը տարիներ շարունակ կարգավորող դեր է ունեցել, հիմնարկն իր ռեսրուսները պետք է ավելի ուժեղացնի, որպեսզի գործառույթները արդյունավետ իրագործվեն: Հույս ունենալ, որ միայն օրենքի նախագծով մենք կկարողանանք արմաախիլ անել, այդքան էլ իրատեսական չէ»:

Դիտորդը ողջունեց քաղաքական իշխանության կամքը: «Կամքը շատ ողջունելի է, բայց պետք է պրակտիկ շատ լուրջ քայլերի հետ զուգորդվի, որ արդյունք տա: Եվ դա շարունակական աշխատանք պետք է լինի, համակարգային: Միայն պատժելը հարցի լուծում չի լինելու, պատիժը պետք է լինի մի շարք այլ փոփոխությունների հետ՚  հենց պրակտիկայից բխող, որ արդյունք տա»,-տեսակետ հայտնեց դիտորդը՝ նշելով, որ խումբը հանդես էր եկել համապատասխան առաջարկներով. «Օրինագծի վերանայված տարբերակում որոշակի փոփոխություններ եղել են, իսկ մնացած մասով պետք է սպասենք՝ ինչ քայլեր են ձեռնարկում»:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը, որը նույնպես քրեակատարողական հիմնարկներում հասարակական դիտորդների խմբի անդամ է, մեզ հետ զրույցում տեսակետ հայտնեց, որ հանրությանը ներկայացված օրենսդրական փաթեթը դեռ պետք է լրացվի: «Որովհետև քրեական հակամշակույթի սահմանումը, թե՝ ինչ է քրեական հեղինակություն ասածը, շատ ֆունդամենտալ և կարևոր է, որպեսզի հնարավոր լինի նրանց քրեական պատասխանատվության ենթարկել»,-նշեց իրավապաշտպանը:  

Նա օրինակ բերեց Վրաստանում Սահակաշվիլու իրականացրած պայքարը «օրենքով գողերի» դեմ. «Օրենքով գողերին տանում էին ոստիկանության բաժին ու տեսախցիկի առաջ հարցնում՝ դուք օրենքով գո՞ղ եք: Եթե ասում էր՝ այո, տանում էին բանտ, եթե ոչ ասեր, հեղինակազրկվում էր իր գողական շրջապատում, քանի որ հրապարակավ հրաժարվում էր իր տիտղոսից: Սակայն պետք է ամեն միջոց օրենքով սահմանված լինի, որպեսզի ընդունելի լինի»:

Սաքունցը նաև կարծում է, որ գողական բարքերը նախկին իշխանությունների թողտվությամբ են հաստատվել և դրա դեմ պայքարը պետք է սկսվի Քրեակատարողական ծառայության վարչակազմի փոփոխությունից. «Օբշյակից օգտվել է նաև ՔԿՀ վարչակազմը՝ մի մասը բաժին հանելով իշխանությանը»:

Իրավապաշտպանը նաև չի բացառում, որ նոր իշխանության որոշումը քաղաքական հետևանք ունենա ու նախկին իշխանությունը փորձի օգտագործել քրեական հեղինակություններին իր քաղաքական նպատակների համար: «Եթե նախկին իշխանությունը Վիտալի Բալասանյանի նման անձին է իր նպատակների համար օգտագործում՝ թքած ունենալով շատ արժեքների վրա, ինչո՞ւ չպետք է քրեական հեղիկանություններին օգտագործի, հատկապես, որ նախկինում համագործացել են»,-նշեց Սաքունցը:

Նա իրատեսական համարեց քրեական բարքերի դեմ մեկնարկած պայքարի հաջողությունը, միևնույն ժամանակ շատ կարևոր համարեց, որ քրեական բարքերի դեմ պայքարի հարցում պետական մարմինները հետևողական լինեն և խուսափեն ընտրողական մոտեցումից:

Մարինե Խառատյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here