«Անդրանիկ Մկրտչյանը ինքնասպան չի եղել, նրան սպանել են.այսօր մենք ունեցանք դրա անհերքելի ապացույցը».փորձագետ

0
5298

Կապիտան Անդրանիկ Մկրտչյանի մահվան գործով եզակի փորձաքննություն է իրականացվել: Համաձայն դատաբժշկական կենտրոնի փորձագետի եզրակացության, գնդակի վրա, որով, ըստ նախաքննության մարմնի, կապիտանն ինքնասպան է եղել և որը անցել է կապիտանի գլխի միջով, ոչ ուղեղանյութ, ոչ արյուն չեն հայտնաբերվել:  

Չեն հայտնաբերվել նաև արյան, մազի, կամ մաշկի հյուսվածքների որևէ նյութ: Սա առնվազն նշանակում է, որ նախաքննության մարմինը իրեղեն ապացույց է կեղծել, և կապիտան Անդրանիկ Մկրտչյանը սպանվել է բոլորովին այլ գնդակով, բոլորովին այլ զենքից և, հնարավոր է, բոլորովին այլ վայրում:

Ինչպես հայտնի է, քառօրյա պատերազմի հերոս, Մեղրիի N զորամասի վաշտի հրամանատար Անդրանիկ Մկրտչյանը մահացել է 2017 թվականի օգոստոսի 20-ին:

Քննիչներն ապացուցված են համարում, որ դեպքի օրը Անդրանիկ Մկրտչյանը սիրած աղջկան հրաժեշտ տալուց հետո իր «Ֆոլկսվագեն» մեքենայով վերադարձել է քաղաք Ագարակ,մտել է իր հանրակացարանը, որտեղ բնակվում էր, իր սենյակում ընկերոջ հետ ձվածեղ է կերել, ափսեները կեղտոտ դրել է լվացարանի մեջ, դուրս է եկել, երեք րոպեում հասել է զորամաս, մտել է վաշտի զինանոց, այնտեղից վերցրել է իր ինքնաձիգը, գնացել է զորամասում գտնվող իր աշխատասենյակը և ինքնասպան է եղել: Որևէ պատճառ քննիչները չեն ներկայացրել։

Ըստ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Հայարփի Սարգսյանի, առաջին իսկ օրվանից գործով կեղծ քննություն է կատարվել, և սպանությունը ներկայացվել է որպես ինքնասպանություն: Այդպես են կարծում նաև Անդրանիկ Մկրտչյանի հարազատները:

Համաձայն քրեական գործում առկա նյութերի, մասնավորապես կապիտան Մկրտչյանի դիակի դատաբժշկական եզրակացության, կրակոցը արձակվել է կզակի տակից, և գնդակը, անցնելով կապիտանի գլխի կարևորագույն օրգանների միջով, դուրս է եկել ծոծրակագագաթային հատվածից:

 Հայարփի Սարգսյանը դեռևս անցյալ տարվա փետրվարին միջնորդել էր, որ գնդակն ուղարկվի դատաքիմիական-դատակենսաբանական փորձաքննության:

Միջնորդությունը պետք է պատասխաներ հարցի՝ կա՞ արդյոք գնդակի վրա ուղեղանյութի և արյան հետքեր:

Նախաքննական մարմինը մոտ մեկ ու կես  տարի ձգձգում էր փաստաբանի միջնորդության քննարկումը, հավանաբար, հույս ունենալով, որ վերջինս կհոգնի իրենց դիմելուց, սակայն փաստաբանը կրկին ու կրկին պնդել է իր միջնորդությունը:

Վերջապես եկավ փորձագետի պատասխանը. «Փորձաքննության ներկայացված գնդակի վրայից վերցված քսվածքի մզվածքից պատրաստված պրեպարատներում բջջաբանական ուսումնասիրությամբ որևէ հյուսվածքի, այդ թվում նաև ուղեղանյութի բջիջներ չհայտնաբերվեցին»:

21 տարվա ռազմական փորձագետ Ռուբվեն Մարտիրոսյանը պնդում է, որ եթե գնդակն անցել է մարդու գլխի միջով, ապա ուղեղանյութի ու արյան նյութերի առկայությունը այդ գնդակի վրա պարտադիր են:

«Եթե գնդակը՝ շիկացած, անցնում է գլխի միջով, ապա ուղեղանյութը ոչ թե կպչում, այլև վարկյանական չորանում ու զոդվում է գնդակին: Եթե քննիչների կողմից ներկայացված գնդակի վրա այդպիսի նյութեր չեն եղել, սա միանշանակ վկայում է, որ գնդակը հանցավոր կերպով փոխված է, որ սպանության զենքը հանցավոր կերպով փոխված է, կրակված պարկուճը հանցավոր կերպով փոխված է: Կարծում եմ, մարդասպանի պարկուճն ու գնդակը պարտակվել են, դրանց փոխարեն կրակվել է Անդրանիկ Մկրտչյանի զենքից և կրակված գնդակն ու պարկուճը հանցավոր ճանապարհով ներկայացվել են որպես իրեղեն ապացույցներ: Նախաքննական մարմին կոչվածը  ի սկզբանե փորձել է անհեթեթ վարկած առաջ քաշել, որպեսզի իր հանցագործությունը կոծկի: Ես ծանոթանալու այս գործին, առաջին իսկ օրվանից հայտարարել եմ որ Անդրանիկ Մկրտչյանն ինքնասպան չի եղել, որ նրան սպանել են: Այսօր մենք ունեցանք դրա անհերքելի ապացույցը: Որտե՞ղ է վարույթը հսկող դատախազությունը: Սա համակարգային հանցագործություն է», — ասում է Ռուբեն Մարտիրոսյանը Forrights.am-ին:

Ի՞նչ գործողություներ եք ձեռնարկելու, համոզվելուց հետո, որ իրեղեն ապացույց գնդակը, փաստորեն, կեղծ է: Այս հարցին փաստաբան Հայարփի Սարգսյանը պատասխանեց.

«Մենք այս փաստերի շուրջ հանցագործության մասին հաղորդում ենք ներկայացնելու ազգային անվտանգության ծառայություն: Գտնում ենք, որ  ԱԱԾ-ն լրջորեն պետք է զբաղվի բանակում տեղի ունեցող սպանություններով, որոնք որակվում են ինքնասպանություններ, իսկ քննչական մարմինն անդրդվելի է, և ամենահիմնավորված ապացույցներ ներկայացնելու դեպքում էր, որ անձինք սպանվել են, չի ցանկանում վերավորակել ինքնասպանությունների դեպքերը»:

Հայարփի Սարգսյանը հիշեցնում է, որ կապիտանի սպանությունից մոտ երկու ամիս առաջ նա խնդիր էր ունեցել ռազմական ոստիկանության  աշխատակիցների հետ:

Մկրտչյանի բնակարանից փամփուշտներ էին հայտնաբերել: Նրան հետմահու մեղադրանք էին առաջադրել փամփուշտներ ապօրինի ձեռք բերելու և պահելու համար:  Հետագայում  սակայն ապացուցվեց, որ կապիտանը ապօրինի ձեռք բերելու և պահելու հետ կապ չուներ, և մեղադրանքը կարճվեց: Սակայն ինչպես այդ փամփուշտները հայտնվեցին կապիտանի ծառայողական բնակարանում և ինչ կապ կարող էր ունենալ ոստիկանների վեճը իր մահվան հետ, այս ուղղությամբ որևէ քննություն չի իրականացվել:

«Հարկ է նշել, որ նախաքննության մարմինը՝ ՀՀ քննչական կոմիտեն քրեական գործը քննել է միայն մեկ վարկածով՝ ինքնասպանության, չնայած որ մենք բազմիցս բողոքներ և հաղորդումներ ենք ներկայացրել հանցագործության մասին՝ ահազանգելով, որ քննեն սպանության վարկածը», —  հարց է բարձրացնում փաստաբանը:

Սյուզան Սիմոնյան 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here