«Եթե հիմա էլ նույն իրավիճակը լիներ, էլի կգնայի օգնելու…հա-հա, հաստատ, առանց մտածելու»:
20-ամյա Հրանտ Հարությունյանը բանակ էր զորակոչվել 2018 թվականի հունվար ամսին՝ Արցախի ՊԲ-ի N զորամասերից մեկում: Ծառայության 16 ամիսների ընթացքում պարբերաբար մարտական հերթապահության է եղել դիրքերում: Մայիսի 14-ը, սակայն, եղավ վերջին հերթապահությունը…
«Ականի պայթյունի պահին իրեն թվացել ա՝ հակառակորդն ա հարձակվում: Շրջվել Գրիգորին ասել ա՝ լապատկով խփի ինձ, սպանի, դու փախի»
Առավոտյան հերթական հերթափոխը հանձնելուց հետո, Հրանտին է մոտենում դիրքի ավագի օգնականը՝ Խեչումյան Գրիգորն ու ասում, որ գնում է դիրքի տեսախցիկների դիմացի խոտերը մաքրելու: Հրանտը խրամաբջջի մոտ է կանգնում, Գրիգորը՝ գնում առաջ: Քիչ անց Հրանտին են հասնում ընկերոջ ցավի ու օգնության ձայները.
«Ես տեսա, որ Գրիգորը գլորվում ա: Զրահաբաճկոնս ու սաղավարտս արագ հանեցի ու վազեցի դեպի իրեն: Մեկ էլ ոտքս տարօրինակ փոսի մեջ ընկավ՝ առանց խոտի տեղ էր: Ուզում էի հետ քաշել, զգում էի՝ չեմ կարողանում, ոտքս դնեցի վրեն՝ մի հատ զրնգոց եկավ ու հասկացա, որ արդեն մեջքի վրա պառկած եմ: Բարձրանում եմ արմունկներիս վրա, նայում եմ ոտքիս, տեսնում՝ կրունկիս հատվածը չկա, էդ պահին երկրորդն ա տրաքում ու աչքերս արդեն փակվում ա»,- Forrights-ին պատմում է Հրանտը:
Զինծառայողին միանգամից առաջին օգնություն են ցույց տալիս և հրամանատարությանը զեկուցում ականների պայթյունի մասին: Հրանտին տեղափոխում են Մարտունի հոսպիտալ, որտեղ ոտքն անդամահատում են,, ապա տանում Ստեփանակերտ:
Պատահարի մասին Հրանտի ծնողներին տեղեկացնում են ժամեր անց, ովքեր միանգամից հասնում են Արցախ:
«Աչքերը բացեց Ստեփանակերտում, մեզ տեսավ, ջղայնացավ: Ասում ա՝ դուք ինչի՞ եք եկել, ի՞նչ ա եղել, ձեզ ո՞վ ա կանչել: Հետո մեզ բժիշկն առանձին ասեց, որ Գրիշան պատմել ա, որ Հրանտս չի գիտակցել դեպքը: Ականի պայթյունի պահին իրեն թվացել ա՝ հակառակորդն ա հարձակվում: Շրջվել Գրիգորին ասել ա՝ լապատկով խփի ինձ, սպանի, դու փախի»,- տղայի խոսքն է շարունակում մայրը՝ Նելլին:
Անդամահատված ոտքի մասին Հրանտն իմացել է միայն հաջորդ օրը՝ Երևանի «Մուրացան» հոսպիտալ տեղափոխվելուց հետո, շատ պատահական.
««Մուրացան»-ի հոսպիտալում բժիշկը հարցրեց՝ ոտքդ քո՞ր ա գալիս, ասեցի՝ հա, ձեռքս տարա, որ քորեմ, տեսնում եմ չկա, ասում են՝ անդամահատել ենք»,- վերհիշում է Հրանտը:
Հոսպիտալում շտապ վիրահատում են Հրանտի՝ ասկոլկայից վիրավորված աչքը, սակայն հայտնում, որ ձախ աչքն այլևս չի տեսնելու:
«Մուրացան»-ի վերակենդանացման բաժնում անցկացնում են 15 օր՝ պարբերաբար ենթարկվելով բժիշկների կողմից անփութության և անտարբերության: Հերթական ստուգման եկած Հրանտը՝ անվասալյակին նստած և ցավերի մեջ միջանցքում մնում է 4 ժամից ավելի: Եվ միայն մորաքրոջ բողոքից հետո են Հրանտին տանում ռենտգեն հետազոտության.
«Հետազոտությունից հետո հենց մտա բժշկի սենյակ, բժիշկն արագ պահեց ռենտգենը, բայց ես տեսա, որ ձախ ոտքի մատները կոտրված են: Բայց բժիշկն ասեց՝ պատասխանը լավ ա եկել, էդ ցավերը նորմալ ա, կարա ոտքը դնի գետնին ու վազելով գնա: Ոնց որ ձեռ առներ»,- վրդովված պատմում էր Հրանտի մորաքույրը՝ Նաիրան:
Կրկնակի ռենտգեն հետազոտությունը պարզում է, որ Հրանտի ոտքի մատները 6 տեղից կոտրված են: Ականի պայթյունի հետևանքով անդամահատվել էր Հրանտի աջ ոտնաթաթը, վնասվել՝ ձախ ոտքը, ձախ աչքն ամբողջովին կուրացել էր՝ պահպանել միայն աչքի կառուցվածքը, իսկ աջ աչքի տեսողությունն այս պահին 30 տոկոս է:
Զինդատախազությունը հավատացնում է՝ անգիտակից վիճակում գտնվող Հրանտը պատմել է պատահարի մանրամասները, ապա ստորագրել
Ստեփանակերտի հիվանդանոցի վերակենդանացման բաժնում գտնվելու ժամանակ, երբ Հրանտը գրեթե անգիտակից էր, նրան են այցելում Ռազմական ոստիկանությունից և պահանջում պատմել դեպքի մանրամասները: Հրանտը խնդրում է՝ հիմա ոչինչ ասել չեմ կարող: Հետագայում՝ Զինդատախազությունը ինչ-որ ցուցմունք է ցույց տալիս Հրանտի ծնողներին, հավատիացնելով, որ անգիտակից վիճակում գտնվող զինծառայողը կարող էր մանրամասն պատմել դեպքի մասին, ինչից հետո՝ ստորագրել.
«Ես հաստատ ոչ մի բան չեմ ստորագրել, ոչ մի բան չեմ պատմել, առավել ևս գրել, քանի որ էդ պահին ռեանիմացիայում էի ու շատ վատ: Ստորագրությունս հեշտ ա, կարող ա կեղծել են»,- համոզմունք է հայտնում Հրանտը:
Հրանտի «ցուցմունքում» նկարագրված է դեպքի մանրամասները, սակայն մի հանգամանքի վրա առավել քան սևեռված է՝ խոտեր մաքրելը եղել է զինվորների սեփական ցանկությունը և նախաձեռնությունը, այնինչ Հրանտը հավաստիացնում է՝ խոտեր մաքրելը եղել է բանավոր հրաման, որը պետք է կատարվեր: Forrights-ի այն հարցին, թե կարո՞ղ էին չմաքրել խոտածածկույթը, Հրանտը ժպտալով բացասաբար թափահարեց գլուխը:
Պաշտպանության նախարարությունում Հրանտի հարազատների «գլխի տակ փափուկ բարձ են դրել», ասելով՝ գործն ընթացքի մեջ է, հանգիստ եղեք ու զբաղվեք տղայի առողջականով: Որոշ ժամանակ անց, հասկանում են, որ ՊՆ-ն ուղղակի ցանկանում է իր մեղքը թաքցնելու և խուսափել պատասխանատվությունից:
«Բանից պարզվում ա, որ Հրանտս իր ինքնագործունեության արդյունքում է վնասվել ու Պաշտպանության նախարարությունն այստեղ գործ չունի: Համ ասում են՝ լավ գործ ա կատարել, համ ասում են՝ խախտել ա էս կամ խախտել ա էն կանոնը: Կամիսիան էլ ասում ա՝ ես իրավունք չունեմ բանակի հետ պատճառահետևանքային կապ գրեմ, քանի որ «խախտում» բառը մեջը շատ ա գրած: Իրականում, իրենց մեղքերն են կոծկում, սխալներն ու վրիպակներն են թաքցնում ու երեխուն մատնում անտերության»,- բողոքում են զինծառայողի հարազատները:
Զինկոմիսարիատում «չեն կարողանում» գտնել կապը ծառայության հետ, քանի որ Արցախում քննիչները սխալ եզրակացություն են տվել: Նրանք պարբերաբար Հրանտին ցանկանում են զորացրել և զինվորական թոշակ նշանակելու փոխարեն քաղաքացիական թոշակ տրամադրել: Հարազատները դեմ են այդ որոշմանը:
«Ասում են՝ քանի որ ինքը հրամանով չի գնացել, դա ծառայության հետ կապ չունի: Ստացվում ա, Ապրիլյան պատերազմի լիքը հերոսներ առանց հրամանի են հաղթանակ տարել: Ըստ իրենց՝ Հրանտը պետք ա 50 մետր վազեր, հասներ ավագից թույլտվություն վերցներ, գար ու նոր իջներ ձորը՝ ընկերոջ կյանքը փրկելու: Փաստորեն, ոչ ոքի օգնել պետք չի, քանի որ պետությունը թքած ունի քո վրա»,- իր վրդովմունք է արտահայտում Նաիրան:
«Ասում են՝ Ձեր երեխան հերոս ա, բայց…Բոլորը բանավոր կերպով լավ հասկանում են իրավիճակը»
Ականների պայթելու հետ կապված մեկ այլ կարևոր հանգամանք ևս առկա է. դիրքում հերթապահող զինծառայողներին հավաստիացրել են, որ եռաշարք հատվածն ականապատ չէ: Դեպքի առթիվ նախապատրաստվել են նյութեր, սակայն քրեական գործ այդպես էլ չի հարուցվել: Ասել են՝ շնորհակալ եղեք:
«Եթե ընկերը զոհվեր, ինքն ի՞նչ խղճով էր ապրելու: Ասում են՝ Ձեր երեխան հերոս ա, բայց…Բոլորը բանավոր կերպով լավ հասկանում են, բայց դե մեկ ա հիմք ա ընդունվում գրավորը, ասում են՝ հասկանում ենք, գիտենք, բայց էս ա օրենքը, ինչ անենք»:
Հարազատները բազմաթիվ դիմում-բողոքներ են ուղարկել Պաշտպանության նախարարություն, Մարդու իրավունքների պաշտպանին, ՀՀ գլխավոր դատախազին, Քննչական կոմիտեին և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Առ այսօր որևէ պատասխան չեն ստացել:
«Երեխա ենք ուղարկում, բայց չգիտենք թե ում ձեռքը կընկնի: Հրանտս ասում էր՝ պետք ա իրենց լսես, բայց որ իրենց ասածն անենք՝ կկործանվենք»,- ասում էր մայրը:
Ռոզա Վարդանյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: