Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ իրարանցումը, անհանդուրժողականության հասարակական ալիքը, որը տարածվում է այս օրերին, համեմատելի է թերևս տրանսգենդեր կին Լիլիթ Մարտիրոսյանի հայտնի ելույթից հետո բարձրացած աղմուկի հետ: Շուտով Լիլիթ Մարտիրոսյանը կրկին կմտնի խորհրդարան, այս անգամ Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ կազմակերպված լսումներին մասնակցելու:
Ապրիլի 5-ին, ինչպես հիշում ենք, «Իրավունքի Կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության հիմնադիր և նախագահ Լիլիթ Մարտիրոսյանը մարդու իրավուքների թեմայով հրավիրված լսումների ժամանակ մոտեցավ ԱԺ ամբինին և կարճ ելույթ ունեցավ «խոշտանգված, բռնաբարված, ֆիզիկական բռնության ենթարկված, այրված, ողջակիզված, դանակահարված, մահափորձի ենթարկված, սպանված, արտագաղթած, թալանված» տրանսգենդերների անունից:
Լիլիթ Մարտիրոսյանը ներկայացրեց բռնությունների դաժան վիճակագրություն: Սակայն հիմնական քննարկումները ծավալվեցին ոչ թե այդ թվերի, այլ մեկ հարցի շուրջ՝ ինչպես հաջողվեց տրանսգենդերին մտնել Ազգային ժողով ու մոտենալ ԱԺ ամբիոնին:
Շատերը երիտասարդ կնոջ այդ քայլը ընկալեցին որպես սրբապղծություն: Լիլիթ Մարտիրոսյանի նկատմամբ հետապնդումներ ու հալածանք սկսվեց: Նա նամակով դիմեց Հայստանի վարչապետին, հայտնեց, որ իր ելույթից հետո բազմաթիվ սպառնալիքներ է ստացել, ատելության խոսք է իրեն ուղղվել, ԼԳՏԲ անձանց ոչնչացնելու կոչեր են հնչել, տեսաուղերձներ են հրապարակվել:
Այս փաստերը, իր հասցեին սպառնալիքներ հնչեցրածների անունները Լիլիթ Մարտիրոսյանը ներկայացրել է ոստիկանություն: «Բոլոր այդ նյութերը մեժվել են հանցակազմի բացակայության պատճառով», — ասում է Լիլիթ Մարտիրոսյանը Forrights.am-ն, պատասխանելով հարցին, թե պետք է արդյոք իր գնահատմամբ ընդունել կոնվենցիա բռնության դեմ պայքարի վերաբերյալ: Ստամբուլյան կոնվենցիան կլինի դա, թե մեկ այլ փաստաթուղթ, Մարտիրոսյանը չգիտի, ասելով. «Բուն կոնվենցիան ես դեռ կարդում եմ, եզրակացություն այս պահին չեմ կարող անել»:
Իրավաբանները տեսակետ են հայտնում, որ մեր օրենքները բոլորին, անկախ սեռից ու գենդերային ինքնությունից, պաշտպանում են բռնութնունից և կոնվենցիա պետք չի: Ձեր կարծիքը ո՞րն է: Այս հարցին Մարտիրոսյանը պատասխանեց. «Դուք էլ լավ գիտեք, որ Հայաստանում բռնությունը մեր նկատմամբ այն աստիճանի է, որ մեկի բնակարանն են այրում, մյուսի կոկորդն են կտրում: Մենք 10-ից ավելի գործեր ունենք դատարանում: Իրավապահները, արդարադատության մարմինները անտեսում են դրանք, բռնությունը հաղթում է: Ես կասեի, որ իրականում բռնությունը ԼԳՏԲ անձանց նկատմամբ ավելի մեծ է, քան ընտանիքի կանանց: Ոստիկանությունը, լինելով հայրիշխանական, համոզված է, որ կանայք պետք է պաշտպանված լինեն, իսկ հոմոֆոբիան ու տրանսֆոբիահի մակարդակն այնքան բարձր է, որ իրավապահների կողմից միտում կա կարճելու մեր նկատմամբ բռնության գործերը»:
Լիլիթ Մարտիրոսյանը համարում է, որ ինքը և իր համայնքի մարդիկ Հայաստանում օրենքներով պաշտպանված չեն բռնությունից և հոմոֆոբ հասարակության ակտիվորեն դրսևորվող ատելությունից: Պետությունը պետք է պատրաստակամություն հայտնի կոտրելու հանդուրժողականությունը բռնության նկատմամբ, իսկ դա կարելի է անել կոնվենցիային միանալով:
«Պետք է կոտրվի այն կարծրատիպը, որ ամուսինը կնոջը խփի ու ասի՝ դե, ընտանիք է, էլի, ամեն ինչ կպատահի, այն կարծրատիպը, որ ԼԳՏԲ -ներին ծեծեն ու ասեն՝ դե, ինքը այլասերված է, պետք է վտարենք: Չի կարելի մարդուն՝ անկախ սեռական պատկանելիության, կամ գենդերային ինքնության, զրկել փողոցում քայլելու տարրական իրավունքից», — գտնում է Լիլիթ Մարտիրոսյանը:
Նա չի հասկանում, թե ինչու են Ստամբուլյան կոնվենցիայի մասին խոսելիս, այն կապում հիմնականում տրանսգենդերի և ԼԳՏԲ խնդիրների հետ: «Այդ աղմուկը արհեստական է: Կա բռնությունների կանխարգելման աշխատանք, որը կապ չունի, օրինակ, ԼԳՏԲ ամուսնությունների հետ, որդեգրումների, և այլն: Բայց տարբեր բարձր պաշտոնյաների կողմից, հոմոֆոբ-տրանսֆոբների, ծայրահեղական ու հայրենասիրական խումբ-խմբավորումների կողմից անընդհատ շահարկվում է այդ թեման:
Հիմա ժողովուրդը ճիշտ տեղեկատվություն չի ստանում Ստամբուլյան կոնվենցիայի մասին: Ամեն երկրորդը խոսում է այդ կոնվենցիայից, անգամ ստորագրահավաքներ են կազմակերպում, ներկայացնում են լրիվ ուրիշ պատմություններ, որոնք կապ չունեն այդ փաստաթղթի հետ, որ վերջում կանգնեն ասեն տեսա՞ք, ամբողջ հայ ազգը դեմ է Ստամբուլյան կոնվենցիային», — համոզված է Լիլիթ Մարտիրոսյանը:
«Իրավունքի Կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբանները առայժմ վերլուծում են փաստաթուղթը, փորձում են հասկանալ, թե որքան ով է այն պաշտպանում իրենց համայնքի մարդկանց բռնություններից: Նրանք մտադիր են մասնակցելու փաստաթղթի շուրջ ԱԺ լսումներին և առաջիկայում կհայտնեն իրենց տեսակետը:
Հակառակ ընդունված կարծիքների, թե Ստամբուլյան կոնվենցիան երրրորդ սեռի գաղափար է պարունակում և ինչ-ինչ արտոնություններ է տալիս ԼԳՏԲ և տրանսգենդեր անձանց, քաղաքագետ, հանրային խորհրդի անդամ Ստեփան Սաֆարյանը գտնում է, որ փաստաթուղթն այս ուղղված է զուտ կանանց և երեխաների իրավունքի պաշտպանությաւնը: Այս կարծիքը նա հայտնել է հուլիսի 25-ին, հանրային խորհրդի լիագումար նիստում:
«Կոնվենցիան կոչվում է «Կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության կա-ինխարգելման և դրա դեմ պայքարի մասին»։ Կոնվենցիայի բոլոր հոդվածներում հստակեցված է, որ դա վերաբերում է կանանց, թեպետ չի հապաղում ասելու, որ տղամարդիկ ևս երբեմն-երբեմն ենթարկվում են բռնության: Այն ասում է՝ չի կարելի բռնաբարել, ծեծել կնոջը, երեխային: ՀՀ Սահմանադրությունը նույնպես սահմանում է, որ կանայք և տղամարդիկ իրավահավասար են: Այս կոնվենցիան արձանագրում է այդ ամենը»,- ասաց Սաֆարյանը, փաստելով, որ չկա հակասություն կոնվենցիայի և ՀՀ սահմանադրության մեջ: Երրորդ սեռի մասին, ըստ Սաֆարյանի, խոսք չկա, իսկ «գենդերային» տերմինը բացառապես օգտագործված է կանանց և տղամարդկանց համար հավասարության իմաստով:
Սյուզան Սիմոնյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: