«Սեռական բռնության մասին բարձրաձայնած կանայք երբեմն կրկնակի զոհ են դառնում․ միջավայրը սկսում է արդարացնել բռնարար տղամարդուն և մեղադրել կնոջը»

0
243

«Սեռական բռնության դեպքեր միշտ էլ եղել են, ուղղակի վերջին տարիներին Հայաստանում սկսեցին ավելի շատ խոսել այդ դեպքերի մասին, որն էլ տպավորություն է  ստեղծեց, թե դա նոր հայտնված երևույթ է»։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ  ասաց «Կանանց ռեսուրսային կենտրոնի» սեռական բռնության ճգնաժամային ծառայության ծրագրերի պատասխանատու Տաթևիկ Աղաբեկյանը, նշելով՝ 2010 թվականներից է խոսվել սեռական բռնության մասին

Հայաստանում սեռական բռնության վերաբերյալ հստակ վիճակագրություն ներկայացնել հնարավոր չէ, քանի որ այդ ուղղությամբ չկա կատարված ուսումնասիրություն, դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ բացակայում է ամբողջական տեղեկությունը նաև խոցելի խմբերի թվային պատկերի վերաբերյալ․

«Սեռական բռնությունն ամենալատենտային հանցատեսակներից մեկին է։ Մեզ թվում է, թե շատ է խոսվում այդ մասին, սակայն սա դեռ իրական պատկերը չէ, քանի որ չկա վիճակագրություն, մենք չգիտենք, որ խմբերն են խոսցելի»,- ասաց նա։

«Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն» ՀԿ ներկայացուցիչ Անահիտ Սիմոնյանի կարծիքով սեռական բռնության մասին լռության պատճառը սոցիալ–մշակութային և պետական համակարգն է, որը բարձրաձայնումը զրկում է անձին արդարության արժանապատիվ գործընթացների միջոց անցնելուց, և իր իրավունքները վերականգնելու հնարավորությունից:

«Սեռական բռնության մասին բարձրաձայնած կանայք երբեմն կրկնակի զոհ են դառնում․ միջավայրը սկսում է արդարացնել բռնարար տղամարդուն և մեղադրել կնոջը»,-ասաց նա, վստահեցնելով՝  Հայաստանում ձևավորված չէ ոչ համապատասխան  մթնոլորտ, որում բռնությունն անընդունելի է, և  ոչ էլ առկա է արձագանքի պետական մեխանիզմներ։

«Այստեղ պետական մակարդակով խնդիր կա․ հարց է առաջանում՝ արդյո՞ք բռնության ենթարկված այդ մարդիկ  նման պատկերի առաջ չեն կանգնելու դատարանում կամ Ոստիկանությունում, արդյո՞ք դատարանում այդ մարդկանց չեն սկսելու անընդունելի և նսեմացնող հարցեր տալ՝ նրանց ստիպելով կրկնակի տրավմայի ենթարկվել»,- իր մտահոգությունը հայտնեց «Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն» ՀԿ ներկայացուցիչ Անահիտ Սիմոնյանը։

Օրենսդրական դաշտում առկա բացերին անդրադարձավ իրավաբան Նվարդ Փիլիպոսյանը.

«Սեռական ոտնձգության սահմանում մենք ունենք «Կանանց և տղամարդկանց հավասար և հավասար հնարավորությունների մասին» օրենքում, սակայն որևէ պատասխանատվություն դրա համար սահմանված չէ, չկա որևէ մեխանիզմ կամ թեժ գծի հնարավորություն, որը թույլ կտա բարձրաձայնել այդ խնդրի մասին կամ բարձրաձայնելու դեպքում ինչ–որ դրական հետևանքներ ունենալ»,-նկատեց իրավաբանը։

Ըստ նրա՝ սեռական բռնության համար ՀՀ օրենսդրությունն ունի որոշակի թերացումներ, սակայն պատասխանատվություն այդ արարքի համար սահմանված է, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ խնդիրն ավելի շատ ընթացակարգերի մեջ է․

«Ընթացակարգերը շատ նեյտրալ են, այսինքն սեռական բռնության համար դրանք նույնն են, ինչ գողության, սպանության համար, իսկ առանձնահատկությունները, որ բնորոշ են սեռական բռնության ենթարկված անձին, հաշվի չի առնված մեր օրենսդրությունում։ Տարբեր երկրներում կան որոշակի առանձնահատկություններ սեռական բռնության ենթարկված անձանց հարցաքննության հետ կապված, հարցաքննությունը որոշ երկրներում մեկ անգամ է արվում, որ մարդը ստիպված չլինի կրկին վերապրել դեպքը»,-մանրամասնեց իրավաբանը, նշելով, որ առերեսման հետ կապված կարգավորումներ կան, որոնք մեր օրենսդրությունը չի կարգավորում։

Իրավաբանը համոզմունք հայտնեց, որ բացի վերապատրաստումներից ու իրազեկումից, կա նաև օրենսդրական նախաձեռնությունների կարիք, որը թույլ կտա, որ սեռական բռնության գործերը պատշաճ քննվեն։

Ազնիվ Սիրադեղյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here