ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը քիչ առաջ հայտարարություն տարածեց,նշելով,որ Քոչարյանը և իր պաշտպանական խումբը չի մասնակցի այսօրվա նիստին.

«Այսօր, ժամը 16։00 ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ Արմեն Դանիելյանի, պետք է հրապարակի ՀՀ Գլխավոր դատախազության կողմից բողոքարկված՝ ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փոփոխելու և Սահմանադրական դատարան դիմելու որոշումը կասեցնելու վերաբերյալ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշման վերաբերյալ վճիռը։

Հաշվի առնելով, որ Վերաքննիչ քրեական դատարանը թույլ չի տվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին ներկայացնել իրենց դիրքորոշումները և, կոպտորեն ոտնահարելով մրցակցային դատավարության սկզբունքը, հեռացել է խորհրդակցական սենյակ՝ դատական ակտ կայացնելու, հայտարարում ենք, որ ո՛չ նախագահ Քոչարյանը, ո՛չ Պաշտպանական խմբի անդամները, ի նշան բողոքի, չեն մասնակցելու այսօր կայանալիք նիստին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ Վերաքննիչ դատարանն այսօր հրապարակելու է Սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կրկին կալանավորվելու կամ ազատության մեջ թողնելու մասին որոշումը:

Մեղադրող կողմը և զոհերի ու տուժողի ներկայացուցիչները բողոք էին ներկայացրել Քոչարյանին երաշխավորությամբ ազատ արձակելու, գործը կասեցնելու և Սահմանադրական դատարան ուղարկելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest