2018 թվականի հուլիսի 2-ին Մոսկվայում Կրիստինա, Մարիա և Անգելինա Խաչատուրյանները (19, 18 և 17 տարեկան) սպանել էին իրենց հորը՝ 57-ամյա Միխայիլ Խաչատուրյանին։ Քույրերն իրենց հորը հասցրել էին դանակի բազմաթիվ հարվածներ կրծքավանդակի և վզի շրջանում, ընդ որում, քննությունը պարզել էր, որ 17-ամյա Անգելինա Խաչատուրյանը  հորը 35 դանակի հարված էր հասցրել, իսկ մյուս երկու քույրերը հարվածելուց բացի նաև պղպեղի սփրեյ էին ցանել Միխայիլ Խաչատուրյանի դեմքին։  Սպանությունից հետո քույրերից ամենամեծը՝ Կրիստինան, զանգահարել էր ոստիկանություն և հայտնել կատարվածի մասին։

Ո՞վ էր Միխայիլ Խաչատուրյանը

57-ամյա Միխայիլ Խաչատուրյանը ոչ մի տեղ չէր աշխատում, սակայն սոցցանցերի նրա էջից երևում է, որ վերջինս բավականին լավ ֆինանսական վիճակում էր։  Խաչատուրյանի նկարներից նաև երևում է, որ նա հավատացյալ էր, ինչպես նշել են նրան ճանաչող մարդիկ, նա տարվա մեջ մի քանի անգամ այցելում էր Երուսաղեմ, քահանա էր հրավիրում տունը օրհնելու համար և այլն։ Սպանված Միխայիլ Խաչատուրյանի ավտոմեքենայում քննիչները հայտանբերել էին հերոին տեսակի թմրանյութ իսկ տանը՝ զենք։

Խաչատուրյանը նաև խնդիրներ ուներ հոգեկան առողջության հետ, դա ապացուցում են նրա բժշկական փաստաթղթերը։ Խաչատուրյանի նկարներից նաև երևում է, որ վերջինս բավականին կապված էր Հայաստանի և Ռուսաստանում հայ համայնքի հետ, դա է վկայում նաև Մոսկվայի հայկական եկեղեցու բակում նրա լուսանկարը Ռուբեն Վարդանյանի հետ։

Բավականին հիմնավոր կասկածներ կան, որ Միխայիլ Խաչատուրյանը սերտ կապերի մեջ է եղել քրեական աշխարհի հետ, և ապրուստ էր «վաստակում» ուղղակի քրեական աշխարհից եկող նվիրատվությունների շնորհիվ։

Միխայիլ Խաչատուրյանն ամուսնացած էր եղել մոլդովացի Աուրելիա Դունդուկի հետ, որին տնից վռնդել էր մի քանի տարի առաջ, իսկ իր 3 աղջիկներին և տղային՝  արգելել շփվել մոր հետ։ Բայց տղան չէր կատարել հոր պահանջը, ինչի պատճառով էլ Միխայիլը 2013 թվականին վռնդել էր տնից նաև սեփական որդուն և ամբողջովին խզել կապերը նրա հետ։

Խաչատուրյանների հարևանների և բարեկամների կարծիքներն այս ընտանիքի մասին  խիստ իրարամերժ են։ Հարևանները պնդում են, որ քույրերի վրա նկատել են կապտուկներ, տնից ճչոցներ ու գոռոցներ են լսել։ Բարեկամները, մասնավորապես Միխայիլ Խաչատուրյանի քույրը, մայրը և նրան հայր անվանող ոմն Արսեն անունով տղան, Միխայիլի մասին խոսում են որպես պատվի մարդ, ով չափազանց շատ էր սիրում իր երեխաներին և ոչինչ չէր խնայում նրանց համար։

Միխայիլ Խաչատուրյանի նախկին կնոջ՝ Աուրելիա Դունդուկի պնդմամբ, ամուսինը նաև իրեն էր ծեծում և նվաստացնում, անտանելի խանդոտ էր և փորձել էր նույնիսկ սպանել իրեն, երբ ինքը՝ չդիմանալով ծեծին, փախչում էր տնից։

Աղջիկների և հոր փոխհարաբերությունները

Սպանությունից հետո Խաչատուրյան ընտանիքի մասին ի հայտ եկան բազմաթիվ զարհուրելի հանգամանքներ։ Քննության ժամանակ ասված մի քանի փաստեր դեռ ապացուցման կարիք ունեն, սակայն ՌԴ քննչական մարմինները հրապարակեցին նաև մի քանի աուդիոձայնագրություն, որտեղ աստվածավախ և պատվարժան Միխայիլ Խաչատուրյանը վիրավորում է իր դստրերին վերջին վատ բառերով, սեռական բնույթի հայհոյանքներ տալիս  և սպառնում, նրանց անվանելով անբարոյական, անդաստիարակ և փողոցային։

Խաչատուրյան քույրերն իրենց տված ցուցմունքներում նշում են ոչ միայն ծեծի, նվաստացման և հայհոյանքների, այլև հոր կողմից սեռական բռնության մասին, որը կատարվել է պարբերաբար, և ինչի պատճառով քույրերը նույնիսկ տնից փախուստի փորձեր են կատարել։ Սեռական բռնության մասով վկայություն է տվել նաև Միխայիլի որդին՝ Սերգեյը, ում խոսքով մի անգամ մեծ քույրը զանգահարել է իրեն և պատմել, որ հայրը փոքր քրոջը ստիպել է իր հետ լոգանք ընդունել։

Հատկանշական է նաև այն, որ հայրը արգելում էր աղջիկներին դպրոց հաճախել և նրանք շատ բացակայություններ ունեին։ Քույրերի համադասարանցիների խոսքով՝ նրանք խնդրում էին ոչ ոքի չասել կապտուկների մասին և թաքցնում էին կատարվածը, որովհետև վախենում էին իրենց հորից։

Սպանության օրը քույրերից ամենափոքրը՝ Անգելինան, նամակագրություն էր ունեցել իր ընկերուհիներից մեկի հետ, որում կարծես թե ինչ-որ ակնարկ էր արել սպանության մասին։ Այս նամակագրությունը որպես ապացույց բերելով, Միխայիլի մտերիմները պնդում են, որ սպանությունը նախօրոք պլանավորված էր, և քույրերը գիտակցաբար են սպանել իրենց հորը։

Ի՞նչ է սպասվում Խաչատուրյան քույրերին

Անցած տարվա սեպտեմբերին դատարանի որոշմամբ քույրերին տրվեց տնային կալանք, ընդ որում, նրանք պահվում էին առանձին բնակարաններում և չունեին կապ արտաքին աշխարհի և անգամ իրենց մոր հետ։

Դատահոգեբանական փորձաքննությամբ ապացուցվել է, որ 19-ամյա Կրիստինայի մոտ առկա է հոգեկան շեղում, ինչի պատճառը հոր կողմից գործադրված բռնություններն ու ստորացուցիչ գործողություններն են եղել։

Մի քանի ամիս տևող քննությունից հետո հույս կար, որ քույրերը արդարացվելու են։ Սակայն, դեպքից գրեթե մեկ տարի անց հունիսի 14-ին, Խաչատուրյան քույրերին վերջնականորեն մեղադրանք առաջադրվեց ՌԴ քրեական օրենսգրքի 105 հոդվածի 2-րդ կետով, այն է՝ խմբակային կանխամտածված սպանություն։ Տվյալ հոդվածով կանանց համար նախատեսվում է մինչև 20 տարի ազատազրկում և վտանգ կա, որ քույրերից առնվազն երկուսը, բացի անչափահաս Անգելինայից, իրենց կյանքի մնացած մասը կանցկացնեն բանտում։

Իրավապաշտպաններն ու փաստաբանները ներկայումս պայքարում են, որպեսզի վերոնշյալ մեղադրանքը հանվի, քանի որ քույրերը այդ քայլին գնացել են ճարահատյալ` հոր կողմից տարիներ շարունակ տեղի ունեցող  բռնություններին չդիմանալու պատճառով։

Ինչպե՞ս օգնել քույրերին

Խաչատուրյան քույրերի նկատմամբ մեղադրանքի առաջադրման օրից սկսած Ռուսաստանի տարբեր քաղաքներում, ի պաշտպանություն նրանց ցույցեր, երթեր և բողոքի ակցիաներ են տեղի ունենում, բայց ինչքան էլ զարմանալի է, Ռուսաստանի հայկական համայնքը լուռ է մնում և որևէ կերպ կարծիք չի հայտնում կատարվող իրադարձությունների վերաբերյալ:

Ռուս և հայ մի քանի իրավապաշտպաններ կարծում են որ հայկական կողմի և հայ համայնքի գործոնը կարող է որոշիչ լինել Խաչատուրյան քույրերի համար:

Բայց, թե կոնկրետ ինչպես պետք է օգնի հայ համայնքը քույրերին, ոչ ոք չգիտի:

Forrights-ը կապ հաստատեց Խաչատուրյան քույրերից երկուսի փաստաբանների` Ալեքսեյ Լիպցերի և Ալեքսեյ Պարշինի հետ: Մասնավորապես մենք փորձեցինք իմանալ՝ արդյո՞ք փաստաբանները որևէ տարբերակ մտածել են հայ համայնքին ներգրավելու կամ հայկական կողմից օգնություն ստանալու համար, ինչին նրանք պատասխանեցին, որ չեն մտածել այդ հարցի շուրջ:

«Հայ համայնքի, դեսպանատան և եկեղեցու լռությունը անհասկանալի է, ցավալի է տեսնել որ հայ ընտանիքում տարիներ շարունակ կատարված հանցագործությունները չեն հետաքրքրում մի համայնքի, ում ներկայացուցիչները չեն վարանում կրկնել, որ երեխան իրենց համար սրբություն է»,- Forrights-ի հետ զրույցում ասաց ռուսաստանաբնակ հոգեբան Զառա Հարությունյանը:

Օրեր առաջ իր տված հարցազրույցում, նա կոչ էր արել հայ համայնքին արձագանքել և օգնել քույրերին:

«Գոնե դեսպանը կարող էր մի խոսք ասել, հայկական եկեղեցին, բայց ոչ, նրանք շարունակում են լռել, իսկ աղջիկների կյանքը կործանվում է»:

Հելսինկյան ասոցիացիայի իրավապաշտպան Նինա Կարապետյանցը քույրերին առաջադրված մեղադրանքի մասին իմանալուց հետո սկսել է սոցցանցերում ակտիվորեն տարածել նրանց պատմությունը և կոչ է անում հայաստանյան իրավապաշտպաններին գործադրել բոլոր ջանքերը աղջիկներին փրկելու համար:

«Ինչ-որ կոնկրետ գործողություն այս պահին դժվարանում եմ նշել, բայց ամենաքիչը, ինչ կարելի է անել Հայաստանը, դա քաղաքացիական հասարակության արձագանքն է: ՄԻՊ-ը նույնպես կարող էր առնվազն իր մտահոգությունը հայտնել կամ դիմել Ռուսաստանի օմբուդսմենին, որպեսզի Խաչատուրյան քույրերի գործն ուշադրության կենտրոնում պահի: Կարծում եմ նաև արժե ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց բողոքի ակցիաներ կազմակերպել, որովհետև մեր աչքի առաջ հայ ընտանիքը ներկայացվում է որպես բռնարար, երեխաների հանդեպ նույնիսկ սեռական բռնություն կատարող ընտանիքի մոդել, ինչը՝ անընդունելի է: Հայաստանում քաղհասարակությունը ներկայացված է բազմաթիվ կոալիցիաների ձևով, կարծում եմ, կարելի է հայտարարություն կազմել և ուղարկել պետական այն գերատեսչություններին, որոնք կարող են որևէ կերպ դիմել ՌԴ իշխանություններին»,- առաջարկեց իրավապաշտպանը:

Մոտ մեկ ամսից կմեկնարկեն Խաչատուրյան քույրերի գործով դատական լսումները, այս ընթացքում իրավապաշտպանները հույս ունեն հասարակական ճնշման միջոցով ազդել դատարանի որոշման վրա և արդարացնել քույրերին։

Ռաֆ Ենգիբարյան

Pin It on Pinterest