«Երբ կատարեցի հանձնաժողովի նախագահի հրահանգն ու մեկ քայլ առաջ եկա, վերցրեց իմ ամբողջ գործն ու ինչքան ուժ ուներ խփեց դեմքիս»
«Սեռական կողմնորոշման հիմքով բանակից ազատվելու ժամանակ հոգեբանական բռնությունն ու ճնշումները շատ հաճախ են լինում, իսկ ամեն երրորդը ենթարկվում է ֆիզիկական բռնության: Ես այդ «երրորդն էի»»…
18-ամյա Արտակ Առաքելյանն այս տարեսկզբին պետք է զորակոչվեր պարտադիր զինվորական ծառայության: Բժշկական հանձնաժողովի մոտ բուժզննում անցնելուց առաջ, Արտակը մոտենում է հանձնաժողովի անդամներից մեկին և ականջին ասում, որ նույնասեռական է, ինչից հետո սկսում է «կինոն»:
«Հենց իմացավ, որ գեյ եմ, էլ չթողեց խոսքս շարունակեմ, թևիցս բռնեց ու քարշ տվեց կոմիսարի մոտ: Չնայած իրենց իրավասությունների մեջ չի մտնում անձնական կյանքս քչփորելը, բայց սկսեցին շատ ինտիմ բնույթի հարցեր տալ, ծաղրել, վիրավորել ու ծիծաղել արտաքին տեսքիս վրա: Ամբողջ ընթացքում անընդհատ ոչ վայելուչ արտահայտություններ էի լսում հանձնաժողովի անդամների կողմից»,- Forrights-ին է պատմում Արտակը:
Նախնական բուժզննումից հետո Արտակին 2 օրով ուղարկում են Ավանի հոգեբուժարան՝ «բուժվելու»: Սահմանված կանոնակարգի համաձայն, հոգեբանն ու հոգեբույժը պետք է մասնագիտական եզրակացություն տան այն մասին, որ անձն ունի հոգեկան խնդիրներ: Արտակի դեպքում եզրահանգել էին՝ սեռի շեղում, որը ձեռք է բերել 15 տարեկանում: Ըստ եզրակացության, նա հենց այդ տարիքում է «հիվանդացել»:
Իր իսկ անվտանգությունից ելնելուց, այդ օրն Արտակը խուսափում է հոգեբուժարանում գիշերելուց: Օրեր անց նրան կանչում են վերջնական բժշկական հետազոտության, որտեղ սկսվում է «կինոյի երկրորդ մասը».
««Գեներալնի կամաիսայի» ժամանակ, ներքևում ինձ արդեն զգուշացրին, որ հանձնաժողովի նախագահը բավականին ագրեսիվ ա տրամադրված իմ հանդեպ: Երբ ներս մտա սենյակ, մոտ 15 անդամներից բաղկացած հանձնաժողովը սկսեց համատարած սեռական բնույթի հայհոյանքներ ու ռեպլիկներ թողնել իմ հասցեին, ծաղրել ու ծիծաղել ինձ վրա: Հանձնաժողովի նախագահ Հենրիկ Մուրադյանը րոպեներ անց առավել բորբորքվեց ու երբ կատարեցի իր հրահանգն ու մեկ քայլ առաջ եկա, վերցրեց իմ ամբողջ գործն ու ինչքան ուժ ուներ խփեց դեմքիս: Ես գոռգոռալով դուրս եկա ու զանգեցի կոմիսարին: Էլ երբեք չտեսա էդ մարդկանց…»,- նշեց Արտակը:
Նրա պնդմամբ, բժշկական հետազոտությունների ժամանակ հանձնաժողովը մի շատ կարևոր հարց է տալիս՝ արդյո՞ք նույնասեռական անձն իրեն հիվանդ համարում է: Եթե պատասխանը բացասական է լինում, ապա ուղարկում են բանակ: Արտակը նշել է՝ իրեն հիվանդ չի համարում, բայց և չի պատկերացնում իր ապահով և անվտանգ ծառայությունը բանակում:
Դեպքերից միայն ամիսներ անց է Արտակը ստանում զինվորական իր գրքույկը, որտեղ՝ բանակից ազատման պատճառ նշված էր՝ անձնային խանգարում, հոմոսեքսուալ տիպ, բուժման ենթակա չէ:
««Դիագնոզս» էդ էր: Զինգրքույկիս մեջ էդ գրվածքի «շնորհիվ» ես չեմ կարող հետագայում աշխատել պետական հիմնարկներում, զբաղվել մանկավարժությամբ, ունենալ վարորդական իրավունք և մի շարք այլ բաներ, որոնք «սովորական» մարդկանց հասանելի է»:
Այսօր Արտակը պայքարում է իր նկատմամբ կատարված բռնության դեմ: Արդեն իսկ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ ոստիկանություն, անձամբ Վալերիյ Օսիպյանին և Գլխավոր դատախազություն:
Պատկան մարմիններին իրազեկում են և հանդես գալիս առաջարկներով, սակայն «պատասխանը» մեկն է՝ լռություն
«ՓԻՆՔ Արմենիա» ՀԿ գործադիր տնօրեն Մամիկոն Հովսեփյանը չկարողացավ հստակ վիճակագրական տվյալներ տրամադրել, թե այս տարի ԼԳԲՏ քանի անձ է ենթարկվել բռնության զինվորական ծառայության անցնելու ժամանակ կամ հենց ծառայելիս: Ըստ նրա, շատերի մասին անգամ իրենք չեն իմանում, քանի որ կան անձիք, ովքեր խուսափում են բարձրաձայնել իրենց սեռական ինքնության մասին.
«Եղել է դեպք, երբ անձի սեռական ինքնությունը պարզվել է միայն ծառայության ընթացքում և դրան են հետևել նրա նկատմամբ ծաղրը, բռնությունը, անգամ սեռական ոտնձգությունները: Բանակում միանգամից հնարավորինս սահմանափակվում է նրա հետ շփումները, առանձնացվում՝ սպասքը, հնարավորինս իրենցից հեռացվում մահճակալը: Նրա նկատմամբ փորձել են քրեական գործ հարուցել, հիմքում նշելով, իբրև խուսափում է ծառայությունից: Բանակի ղեկավարությունն էլ է հասկանում, որ խնդիր կա, ու հենց այդ խնդիրներից խուսափելու նպատակով, նույնասեռականներին առաջարկում են ստացիոնար հետազոտություն անցնել, որ գոնե այլ հիվանդության հիմքով ազատվել ծառայությունից»,- Forrights-ի հետ զրույցում նշեց Մամիկոնը:
ԼԲԳՏ անձանք իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպություններ պարբերաբար հանդես են գալիս խնդրի լուծման առաջարկներով, հրապարակում՝ զեկույցներ, որտեղ իրական դեպքերի օրինակներով պատկան մարմիններին իրազեկում են դեպքերի մասին, սակայն «պատասխանը» մեկն է լինում՝ լռությունը:
«Ես համոզված եմ, որ նրանք ստանում և մանրամասն ծանոթանում են և՛ առաջարկներին, և՛ զեկույցներին, սակայն չեն կարողանում կամ չեն ուզում մանրամասն զբաղվել այս հարցով: Նախընտրում են որևէ հիմքով ազատել ծառայությունից, քան որևէ իրավական լուծում տալ խնդրին»,- հավելեց Հովսեփյանը:
«Եթե ԼԳԲՏ անձ է ծառայության անցնում բանակում, ապա ՊՆ-ն բոլոր իր ենթակա կառույցներին հրահանգում է՝ բացառել ցանկացած տեսակի միջադեպերը նրա կողմնորոշման մասին»
Պաշտպանության նախարարության Մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, փոխգնդապետ Ալեքսանդր Ավետիսյանի պնդմամբ՝ ՊՆ-ն չի կարող փոխել ընդհանուր հասարակական տրամադրությունները ԼԳԲՏ անձանց նկատմամբ, սակայն համապատասխան հսկողություն է սահմանում, որ բանակում կամ ՊՆ-ին ենթակա կառույցում նմանօրինակ բռնության դեպքեր չլինեն.
«Ամերիկյան բանակում օգտագործում են մի սկզբունք՝ don’t ask, don’t tell (մի՛ հարցրու, որ չասեմ- խմբ.), ինչն իրենից ենթադրում է՝ ոչ ոքի սեռական կյանքը դիմացինին հետաքրքիր չէ, ուստի անհրաժեշտ չէ դրա մասին բարձրաձայնել: Հետերո մարդիկ հո չե՞ն գնում հայտնում, թե ինչով են զբաղվում: Սակայն, եթե անգամ ԼԳԲՏ անձ է ծառայության անցնում բանակում, ապա ՊՆ-ն բոլոր իր ենթակա կառույցներին համապատասխան կարգով հրահանգում է, որ նման իրավիճակներում բացառեն ցանկացած տեսակի միջադեպերը նրա կողմնորոշման մասին»,- նշեց Ավետիսյանը:
Ըստ փոխգնդապետի, զորակոչն ընդհանուր կարգով է իրականացվում, անկախ անձի սեռական կողմնորոշումից՝ ցուցաբերվում է նույնանման վերաբերմունք, սակայն եթե անձը ենթարկվել է ծաղրանքների կամ բռնության, ապա կա համապատասխան մարմին, որը զբաղվում է խնդրով, հարկ եղած դեպքում նախապատրաստում նյութեր և հարուցում քրեական գործ:
Forrights-ի այն հարցին, թե ինչու են նույնասեռականները բանակից ազատվում հոգեկան հիվանդության հիմքով, Ավետիսյանը կարծիք հայտնեց.
«Լինում են դեպքեր, երբ անձը նույնասեռական հակումներ է ձեռք բերում՝ հոգեկան շեղումների արդյունքում»:
«Բանակում զինծառայողները չեն հանդուրժում ԼԳԲՏ անձանց ներկայությունը իրենց հետ միևնույն տեղում»
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի համար ընդունելի չէ ՊՆ-ի վերոնշյալ պատասխանը, քանի որ՝ եթե հասարակությունն այսօր քիչ թե շատ հանդուրժող է ԼԳԲՏ անձանց նկատմամբ, ապա փակ համակարգում պատկերը բոլորովին այլ է.
«Մարդը չի կարող կամավոր գնալ բռնության: Այս պահին նույնասեռականները չպետք է պարտադիր ծառայության անցնեն, քանի որ բանակի ղեկավարությունն այսօր չի կարողանա ապահովել նրանց անվտանգությունն այնտեղ: Եթե զինկոմիսարյատներում շարունակվում է նրանց նկատմամբ հոգեբանական և ֆիզիկական բռնությունները, ստորացումներն ու նսեմացումները, ապա եկեք պատկերացնենք, թե ինչ կկատարվի պարտադիր զինվորական ծառայության ընթացքում: Բանակում զինծառայողներն այլ մտածելակերպ և հոգեբանություն ունեն և չեն հանդուրժում ԼԳԲՏ անձանց իրենց հետ միևնույն տեղում»,- իր խոսքն ավարտեց իրավապաշտպանը:
Ռոզա Վարդանյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: