Լոռու մարզի քննչական վարչության նախկին պետ Թաթուլ Շուշանյանի գործով այսօրվա դատական նիստին հրավիրված 5 վկաները չէին ներկայացել: Հենց դատական նիստի սկզբում դատավոր Աննա մաթևոսյանը ծանուցված, սակայն դատարան չներկայացած վկաներին բերման ենթարկելու մասին որոշում կայացրեց
Մեղադրող կողմը, ինչպես նաև տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Լուսինե Սահակյանը դատարանին միջնորդություն ներկայացրին դատավարական կարգը փոփոխելու վերաբերյալ․ նախ ապացույցները հետազոտվեն, ապա վկանները հարցաքննվեն, սակայն պաշտպանական կողմն առարկեց միջնորդությանը՝ դատավորն էլ իր հերթին միջնորդությունը մերժեց:
Ավելի ուշ դատարան ներկայացան երկու վկաներ։
Հարցաքննվեց գործով վկա Մարինե Քառյանը, ով հանդիսանում է Լոռվա մարզի ՀՀ Քննչական դեպարտամենտի առանցքային մասնագետ: Վերջինս դատարանին պատմեց, որ ընդհանրապես իր աշխատանքային գործառույթների մեջ մտնում է գրանցամատյանը լրացնելը, գրանցվում են այն քաղաքացիների անուններն ու անձնական տվյալները որոնք որևէ խնդրով դիմում են պետին՝ այդ ժամանակահատվածում՝ Թաթուլ Շուշանյանին:
Մեղադրող կողմը հետաքրքրվեց՝ արդյո՞ք Թաթուլ Շուշանյանին դիմել է Մնացականյան Արթուր անուն ազգանունով քաղաքացի, սակայն վկան պնդեց, որ նման մարդ չի դիմել և պնդեց, որ նույնը ասել է նաև իր նախաքննական ցուցմունքում:
Մեղադրողը հետաքրքրվեց՝ «հնարավո՞ր է, որ պետը ասի մի գրի և գրանցամատյանում քաղաքացու տվյալները չգրվեն», ինչին հստակ և վստահ բացասական պատասխան տվեց վկա Քառյանը, նշելով, որ իր աշխատանքի ընթացքում այդպիսի դեպք չի եղել: Պաշտպանական կողմը նշեց, որ վերոնշյալ վկային հարցեր չունե:
Հաջորդ վկան Արամ Խաչատրյանն էր՝ Արմավիրի մարզի Գետաշեն գյուղի բնակիչ: Վերջինս վկայի իր ցուցմունքը սկսեց «ոչ-ոքի չեմ ճանաչում, ես երբեք չեմ հարցաքննվել» արտահայտությամբ, ինչին ի պատասխան դատավոր Աննա Մաթևոսյանը ցույց տվեց վկային իր ստորագրությունը, ներկայացրեց տվյալներ և հետաքրքրվեց.
«Դուք պնդում եք, որ նախաքննական ցուցմունք չեք տվել և քննիչի կողմից ձեր անձնական տվյալներով փաստաթուղթը կեղծվե՞լ է»,-հարցրեց դատավորը, ինչին ի պատասխան Արամ Խաչատրյանը պնդեց, որ ինքը ոչնչից տեղյակ չէ և ոչ մի անգամ ցուցմունք չի տվել:
Ստեղծված անհասկանալի իրավիճակը հասկանալու համար դատավորը որոշեց հրապարակել նախաքննական ցուցմունքը, սակայն պաշտպանական կողմի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը առարկեց, իսկ մեղադրող կողմը ոչ մի դիրքորոշում չհայտնեց՝ թողնելով նախագահող դատավորի հայեցողությանը: Արդյունքում, դատավոր Աննա Մաթևոսյանը ընթերցեց, այսպես կոչված՝ վկա Արամ Խաչատրյանի գործում առկա 3 հարցաքննությունները:
18.01.2018թ. հարցաքննության մեջ, որը եղել է հենց Արմավիրի մարզի Գետաշեն գյուղի բնակիչ Արամ Խաչատրյանի տան խուզարկության ժամանակ, ինչպես այսօր դատարանում՝ պնդել է, որ ոչ մեկին չի ճանաչում Վահագն Աբգարյանին, Թաթուլ Շուշանյանին, ինչ վերաբերվում է սպանության դեպքին՝ ապա նշել է, որ Կամո Փիրուզյանին ևս չի ճանաչել և որևէ տեղեկություն չունի:
19.01.2018թ. ցուցմունքի մեջ Արամ Խաչատրյան անուն ազգանունով անձը տվել է մեկ այլ՝ հակասող ցուցմունք: Ըստ վերոնշալ ցուցմունքի՝ Արամ Խաչատրյանը նախկինում դատապարտված է եղել և նշել է, որ չի ճանաչում Վահագն Աբգարյանի շրջապատի անձանց: Արդեն 3-րդ՝14.02.2018թ.-ի ցուցմունքի ժամանակ Արամ Խաչատրյանը մանրամասներ է ներկայացրել. ըստ ցուցմունքի՝ Վահագն Աբգարյանը հանդիսանում է Արամ Խաչատրյանի հորաքրոջ որդին, ով խոստացել էր իրեն աշխատանքի տեղավորել:
Երեք հարցաքննություններում առկա էական տարբերությունները դատավարական կողմերը տարօրինակ համարեցին: Արամ Խաչատյան անունով քաղաքացին՝ ով ներկայացել էր դատարան, կրկին պնդեց նիստի սկզբում իր խոսքերը, որ ոչ մի կերպ առնչություն չունի Վահագն Աբգարյանի, Արթուր Մնացականյանի և մյուսների հետ և ինքը ցուցմունք չի գրել:
Պնդեց, որ ինքը միայն գրել է 18.01.2018թ.-ի ցուցմունքը, որի մեջ ասվում է իր տեղյակ չլինելու մասին, արդյունքում կողմերը եկան այն եզրահանգման, որ հարցաքննված անձիք տարբեր են՝ նույն անուն, ազգանուն, հայրանունով, սակայն այնուամենայնիվ տարբեր անձիք են՝ գործով վկան՝ Վահագն Աբգարյանի քեռու տղան՝ Արամ Խաչատրյան ը հանդիսանում է 2-րդ և 3-րդ անգամ ցուցմունք տված քաղաքացին, իսկ դատարան ներկայացածը՝ զուտ շփոթմունքի արդյունքոում է դատակոչվել:
Նիստը հետաձգվեց: Հաջորդ նիստը տեղի կունենա հունիսի 14-ին:
Հիշեցնենք՝ Թաթուլ Շուշանյանը, ըստ մեղադրանքի, Ալավերդու բնակիչ Կամո Փիրուզյանի սպանության գործի քննության ընթացքում կաշառք է ստացել Ալավերդու հայտնի հեղինակություն Վահագն Աբգարյանից, որը մեղադրվում է այդ սպանությունը պատվիրելու և Շուշանյանին կաշառք տալու համար։ Վերջինս կտրականապես չի ընդունում մեղադրանքը, պնդելով, որ որպես քննիչ օբյեկտիվ քննություն է կատարել։
Ազնիվ Սիրադեղյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: