Օրերս ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը, ելույթ է ունեցել ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի Դատագենետիկական փորձաքննությունների բաժնի վերաբացման արարողությանը և հայտարարել, որ այսօր հնարավոր չէ պատկերացնել մարդու կյանքի և առողջության դեմ ուղղված հանցագործության բացահայտումն առանց դատագենետիկական փորձաքննության արդյունքի.
«Հանցագործությունների բացահայտման գործում առանցքային է դատագենետիկական փորձաքննության արդյունքը»,- մասնավորապես ասել է քննչական կոմիտեի նախագահը:
Սակայն Հայկ Գրիգորյանի խոսքերն հենց այդպես էլ օդում կախված են մնում: Քննչական կոմիտեն մինչ օրս որևէ քայլեր չի ձեռնարկել խոսքը գործ դարձնելու ուղղությամբ: Տարիների փորձը ցույց է տալիս, որ կոմիտեն բնավ չի ապավինում դատագենետիկական փորձաքննության արդյունքներին:
Խոսենք փաստերով.
Հարազատները պնդում են՝ Գևորգն ինքնասպան լինել չէր կարող, նրան սպանել են. մայրը՝ անուններ է բարձրաձայնում
2018 թվականի հոկտեմբերի 1-ին «Մարտունի 2» զորամասում մահացավ շարքային զինծառայող Գևորգ Հարոյանը: Դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ (Սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնել):
Հարազատները, սակայն, պնդում են՝ Գևորգն ինքնասպան լինել չէր կարող, նրան սպանել են: Հարոյանի մայրը՝ Արմինե Բեգլարյանը, անգամ անուններ է տալիս.
«Իրա վաշտի հրամանատարը՝ էդ լեննականցի Լուկաշը (Լուկաշ Պետրոսյանը-խմբ.), անընդհատ նսեմացնում էր տղայիս, հաց ուտելիս հանգիստ չէր թողնում: 80 հոգու մեջ ասում էր՝ նստի, վեր կաց, նստի, վեր կաց, չէր թողնում հաց ուտի տղես: Գևորս պատմում էր, ասում էր՝ հլը մի թիքա հաց չեմ դրել բերանս, էդ Լուկաշն ասում ա՝ վեր կաց, մինչև կանգնում եմ, թե բա՝ նստի: Վերջին օրն էլ էլի կանչել ա տղուս ու ծեծել: Դեմքի ու վզի վրայի էդ թարմ հետքերն էլ դրա ապացույցն են»,- դեռ ամիսներ առաջ Forrights-ի հետ զրույցում մանրամասնել էր տիկին Արմինեն:
Հարազատների բարձրաձրած բողոքը, որ Գևորգին սպանել, սակայն որակել են որպես «ինքնասպանություն», հանրության շրջանում մեծ արձագանք գտավ: Արցախի հանրապետության Պաշտպանության նախարարությունը հոկտեմբերի 12-ին շտապ հայտարարություն տարածեց, փորձելով վերջ դնել տարատեսակ խոսակցություններին, մասնավորապես նշելով՝ «նախնական և անհետաձգելի գործողությունների արդյունքները բավարար հիմքեր են տվել ենթադրելու, որ Գ. Հ.-ն մահացել է իր իսկ գործողությունների արդյունքում»:
Հայտարարության մեջ ասվում էր, որ դեպքի առթիվ մեղադրանք է առաջադրվել 3 անձի, որից երկուսն այս պահին ձերբակալված են. Ձեռք բերված ապացույցների հիման վրա հոկտեբերի 2-ին ձերբակալվել է սերժանտ Մ. Չ-ն, հոկտեմբերի 4-ին՝ վաշտի հրամանատար Լ. Պ-ն, իսկ 5 օր անց մեղադրանք է առաջադրվել Դ.Ս-ին, սակայն նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել զորամասի հրամանատարության հսկողության հանձնելը:
Քննչական կոմիտեի և փորձագիտական կենտրոնների համագործակցության արդյունքում որևէ պատկեր չի փոխվել
Քրեական գործում՝ որպես տուժող կողմի ներկայացուցիչ, ներգրավվեց «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ փաստաբան Հայարփի Սարգսյանը: Փաստաբանը մի շարք փորձաքննություններ իրականացնելու միջնորդություններ էր ներկայացրել քննչական խմբին, որոնցից էր նաև դատագենետիկական՝ մոլեկուլային գենետիկայի փորձաքննությունը: Փորձաքննության միջոցով պետք է պարզվեր՝ ինքնաձիգի վրա արդյո՞ք կար Գևորգ Հարոյանի ԴՆԹ հետքերը:
Ըստ գենենտիկական փորձաքննության արդյունքների առաջին կետի՝ ինքնաձիգի ձգանի վրա հայտնաբերվել են քրտնաճարպային հետքեր, որոնցից անջատվել է ԴՆԹ: Հետազոտվել և պարզվել է, որ դրանք երկու տարբեր անձանց գենետիկական բնութագրերի խառնուրդ են: Հետքերից և ոչ մեկը չի համապատասխանել Գևորգի ԴՆԹ-ին:
«Եզրակացությունը ստանալուն պես, Գևորգ Հարոյանի գործով զբաղվող քննչական մարմինը պարտավոր էր հարուցել քրեական գործ սպանության հոդվածով (ՔՕ 104-րդ հոդված), քանի որ՝ ստացվում է, որ եթե ինքն իր վրա չի կրակել, ուրեմն սպանվել է այլ անձանց կողմից: Փորձաքննության եզրակացությունը ստացվել է հունվար ամսին՝ 5 ամիս առաջ, այնինչ մինչ այս պահը գործի քննությունը շարունակվում է Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածով՝ ինքնասպանության հասցնել»,- Forrights-ի հետ զրույցում նշեց փաստաբան Սարգսյանը:
Փաստաբանը նկատեց, որ Քննչական կոմիետի նախագահի այն հայտարարությունը, թե իրենք առանցքային նշանակություն են տալիս դատագենետիկական փորձաքննությանը, որևէ ձևով չի արտացոլվում քրեական գործերի բացահայտմանը.
«Քննչական կոմիտեի և փորձագիտական կենտրոնների համագործակցության արդյունքում որևէ պատկեր չի փոխվել»,- ընդգծեց Հայարփի Սարգսյանը:
Ռոզա Վարդանյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: