Դատական համակարգի բարեփոխման հրամանայակը, որը հնչեց վերջերս ՀՀ կառավարության ղեկավարի կողմից, դատավորների դեմ կոնկրետ գործերով հանցագործության մասին հաղորդումներ տալու կոչերը ոգևորել են բազմաթիվ քաղաքացիների:
Անգամ նրանք են ակտիվացել, ովքեր անարդար վճիռների վերանայման հույսը վաղուց կորցրել են: Վերջինների թվում է Քաջարանի բնակիչ Գևորգ Թոսունյանը: Նա, նրա հայրը և երկու եղբայրները երկար ժամանակ քրեական հետապնդման են ենթարկվել Գրիգոր Պապյանի սպանության գործով, որը տեղի է ունեցել 2010 թվականի օգոստոսի 28-ին: Քաջարանի սրճարաններից մեկում այդ օրը վիճաբանություն է եղել Գրիգոր Պապյանի և Գևորգ Թոսունյանի միջև: Գևորգ Թոսունյանը հարսանիքից էր եկել, բարձր խոսել է ընկերների հետ: «Ի՞նչ ես բարձրաձայն խոսում՝ գյուղից եկել ես ստեղ, քեզ լա՞վ ես զգում», — ասել է Պապյանը: Վեճը վերածվել է ծեծկրտուքի, որի ժամանակ Պապյանն ընկել է, գլուխը կպել է ճամփեզրի քարին: Նրան տարել են հիվանդանոց, որտեղ Պապյանը մահացել է:
Թոսունյանի որդին և Սուրիկ Խաչատրյանի թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանի ընկեր Սահակ Սահակյանը, ևս մեկ անձ, դատապարտվել են խմբակային սպանության համար: Սահակ Սահակյանը վերջերս մահացավ Արմավիր քրեակատարողական հիմնարկում գանգուղեղային տրավմայից: Նա վայր է ընկել երկրորդ հարկի պատուհանից: Գևորգ Թոսունյանը, որը նույնպես 11 տարվա ազատազրկման է դատապարտված, կալանավայրում է: Նրան մնացել է նստել 4 տարի: Նա երկու անչափահաս երեխաներ ունի:
Թոսունյանները այն ժամանակ և այսօր էլ պնդում են, որ քննչական մարմինները, մասնավորապես ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատուկ կարևորագույն գործերով բաժնի ղեկավար, ներկայում մարտի մեկի գործով մեղադրյալ, հետախուզվող Վահագն Հարությունյանը, առաջին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանը հանցագործություն են կատարել իրենց ընտանիքի նկատմամբ, ապօրինաբար բերման ենթարկելով ընտանիքի բոլոր տղամարդկանց, երկար ամիսներ պահելով կալանավայրում: :
Հակոբ Թոսունյանին՝ ընտանիքի հորը, ապօրինի կալանքի տակ են պահել 43 շաբաթ՝ սոված, հիվանդ, հարազատներին տեսակցելու իրավունքից զրկված վիճակում: Նրանից պահանջել են, որ խոստովանի, թե, իբր 100 հազար դոլար կաշառք է տվել դատախազին և դատավոր Հալետ Դավթյանին որդուն՝ Գևորգին քրեական հետապնդումից ազատելու համար, սակայն խոստովանություն չեն ստացել: Գևորգ, Ջորջ և Կարապետ Թոսունյաններին մեղադրանքներ են առաջադրվել: Նրանց երկար կալանքի տակ պահելուց, ճնշումների ենթարկելուց հետո մեղադրանքները կարճվեցին:
Գևորգ Թոսունյանի դատավճիռը, որը նախ մեղադրվում էր խուլիգանության համար /քրեական օորնեսգրքի 258-րդ հոդվածով/, հետագայում՝ սպանության, կայացրեց դատավոր Դավիթ Գրիգորյանը: Գևորգ Թոսունյանն այսօր էլ պնդում է, որ կապ չի ունեցել սպանության հետ, ընդամենը վիճել է սպանվածի հետ:
«Իմ հիմնական դժգոհությունը քննչականի պետ Վահագն Հարությունյանից է: Նա ինձ կանչեց, ասեց՝ հերդ փող ա տվել քեզ համար, դրա համար դրսերը «գուլյատ» ես անում: Ասեցի՝ չի տվել հերս ոչ մի փող: Նա, թե՝ վրադ առանց էն էլ հոդված կա խուլիգանության, եթե ասես, որ հերդ փող ա տվել, մի բան կանենք, դրսում կլինես, քո համար ամեն ինչ կեթա առաջ, եթե չասես՝ ագռավի «սռոկով» կդատվես: Մի հատ էլ բոքսով փորիս խբեց, բա՝ գնա մտածի», — ասում է Գևորգը: Նա մեզ հետ կապվել էր կալանավայրի «տաքսոֆոնից»: Խոսում էր արագ, և չհասցրեց ավարտել պատմությունը: Կապը կտրվեց: Այդ կարճ հեռախոսազրույցի ընթացքում նա հասցրեց վերհիշել սպանության օրը.
«Ես երեկոյան 7-8-ի կողմերը վիճաբանել էի մեռնողի հետ: Դրանից հետո նա գնաց-եկավ, թե՝ «ով որ ինձ խփել ա…» ու քֆուր արեց: Նա, ով խփել էր իրան, տեղից վեր կացավ, կռիվ արեցին, նա ընկավ, մահացավ: Ես կապ չեմ ունեցել սպանության հետ»:
Գևորգ Թոսունյանի դեմ վկաների ցուցմունքներ են եղել, որոնց, ըստ Թոսունյանի, քննիչները «շան օրն են գցել» դրանք կորզելու համար: «Դավթյան Դավիթ, նա Ռուսաստանում էր, նրան այնտեղից բերեցին, քրեական գործ սարքեցին նրա վրա, մամային տարան, գիշերով պահեցին, ասեցին, որ գրի, որ տեսել ա, էթե ես եմ սպանել: Քաջարանի պասպորտ սեղանի պետ Արշամ Աթայանին տարան, պահեցին երկար, ասեցին՝ գործից կհանենք, եթե ցուցմունք չգրես, ծեծ, ջարդ: կաները երկուսն էլ հետո եկան դատարան ու խոստովանեցին, որ սուտ են գրել: Մեկ էլ կար Մարգարյան Արարատ: Նրան էլ էին ստիպել, որ գրի, բայց չկարողացան բերել դատարան: Նա ասեց՝ ինքնավնասում կանի, ու չեկավ դատարան»:
Քաջարան քաղաքի անձնագրային վարչության պետ Արշամ Աթայանը և Դավիթ Դավթյանը դատարանում պնդել են նախաքննական ցուցմունքները, սակայն դատավոր Դավիթ Գրիգորյանը հաշվի չի առել դրանք:
Ներկայացնում է Հակոբ Թոսունյանը. «Ոստիկանության անձնագրայինի պետը Արշամ Աթայանն ասում էր՝ ես դեպքի վայրում չեմ եղել, ինձ ինչո՞ւ եք բերել: Նրան օրերով պահել են, խոշտանգել են, ասել են՝ գործից կհանենք, ու հանեցին»:
Քննիչների կողմից ճնշումներ գործադրելու դատարանում հնչած վկայությունների վերաբերյալ ՀՔԾ-ում ձևական քննություն է տարվել, ապա, կարճ ժամանակ անց կարճվել է:
Գործով վկա Դավիթ Դավթյանը Forrights.am-ի հետ զրույցում հաստատեց Գևորգ Թոսունյանի հայտնած տվյալները: Նա ասաց, որ վերջերս հանդիպել է իրավապաշտպան հասարակական կազմակերպություններից մեկի անդամներին և մանրամասն ներկայացրել է իր հետ կատարվածը: «Առաջին անգամ, առաջին քննության ժամանակ ես պատմել եմ այն, ինչ որ տեսել եմ: Երկրորդ անգամ արդեն գրեցի այն, ինչ տեսել եմ, ինչ չեմ տեսել, ինչ իրենք էին ասում», — նշում է նա:
Դավիթ Դավթյանը օգոստոսի 28-ին տեսել է, թե ինչպես է Գևորգ Թոսունյանը վիճել մահացող Պապինյանի հետ: «Գրիգորը թողել գնացել է էդ վիճաբանությունից հետո ու նորից հետ ա եկել: Այդ ժամանակ ես նրանցից հեռու եմ եղել՝ մոտ 10-15 մետր հեռավորություն վրա: Մթան մեջ տեսել եմ մենակ խմբված շատ մարդիկ են: Ես ո՞նց կարող էի տեսնել, թե ով ա խփել մեռնողին, ինչով ա խփել, ով ինչ ա արել»:
Ոստիկանության 5-րդ վարչության քննիչները նախ բերման են ենթարկել Դավթի Դավթյանի մորը: «Հեռախոսիս վրա սպանողը՝ Սահակը մի տասը անգամ զանգել էր, որ հարցնի, թե Գրիգորը հիվանդանոցում ոնց ա: Բայց էդ հեռախոսի քարտը մորս անունով էր: Իրենք մորս տարան ու պահեցին բաժնում, շատ լավ իմանալով, որ մամաս կապ չունի: Ես ատամի «պրիստուպի» մեջ եմ եղել, ինձ էդ վատ վիճակում մեր ստեղի վարչութունում են ծեծել, հետո տարել են Երևան, հատուկ քննչական: Մի անգամ չեն տարել, երկու անգամ չեն տարել: Ես դատարանում ասել եմ, որ ինձ վախեցրել են, ինձ ծեծել են, հիմք համարեք իմ առաջին ցուցմունքը, բայց դատավորը հիմք համարեց քննչականում իմ գրածները: Ես այնպես հասկացա, որ իրենց մոտ ամեն ինչ նախապես գրված կար: Պարզապես իրենք դերերը բաժանեցին մեր մեջ», — պատմում է Դավիթ Դավթյանը:
Ըստ Հակոբ Թոսունյանի, Գրիգոր Պապյանի սպանության գործը եղել է այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանի ուշադրության կենտրոնում և գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի անձնական հսկողության տակ, իսկ Վահագն Հարությունյանը քննության մանրամասները զեկուցել է Սուրիկ Խաչատրյանին: Գործը կրկնակի անգամ նախաքննության է ուղարկվել, քննվել ու վերաքննվել է դատարանում: «Առաջին նախաքննության ընթացքում տվյալ վախտվա դատախազին Լիսկան ասել էր՝ նենց արա, որ Սահակ Սահակյանի մեղադրանքը հանվի, ուրիշ մարդիկ են եղել այնտեղ: Դատախազը չի լսել Սյունիքի մարզպետին ու արել է այնպես, ինչպես արել է, երկրորդ անգամ քննությունը տեղափոխել են Երևան,- պատմում է Հակոբ Թոսունյանը, — ինձ ասում էին, որ կա ԱԱԾ գաղտնալսում, որից պարզվում է, որ դու՝ Հակոբ Թոսունյանդ, 100 հազար դոլար փող ես տվել, որ տղայից գործը փակեն»:
Քաջարանցի գործարարը վերհիշում է, թե ինչպես 2013 թվականին «Երևան կենտրոն» քրեակատարողական հիմնարկում նրան տարան Վահագն Հարությունյանի մոտ: «Ինձ կանչեցին հարցաքննության, տարան իրա կաբինետ, հայհոյանքով, փորիս խփելով՝ ասա ում ես տվել էդ փողը, որ դատավոր-դատախազին ես տվել, եթե չէ՝ փոքր տղայիդ էլ ենք բերելու ստեղ: Նա էլ բանակում էր: Բանակից Ջորջ Թոսունյանին, տղայիս բերեցին ՀԿԳ վարչություն, նույնպես ձերբակալեցին, 13 ամիս էդ Դավիթ Գրիգորյան կոչված դատավորը տղայիս պահեց կալանքի տակ, անգամ հրամանատարության հսկողության տակ չթողեց»:
Նա ներկայացնում է դատավարության մանրամասները: «Դավիթ Գրիգորյանը ինձ ասում էր՝ խելոք մնա, տեղդ նստի, քեզ հանգիստ պահի, թե չէ քեզ համար ավելի վատ կլինի, ես ասեցի՝ սրանից վատ ինչ պետք է լինի, ի ձ ու երեք տղաներիս դատում ես, մնում են կանայք, նրանց էլ բերեք, դատեք: Սա ասելու վրա, նա ինձ հեռացրեց նիստերի դահլիճից»: Թոսունյանը վկայություն է տալիս նաև Վահագն Հարությունյանի դեմ: «Նա ասեց՝ մեծ տղայիդ վրա կա խուլիգանության հոդված, եթե չասես, ում ես տվել փողը, փոխում ենք խմբակային սպանություն՝ իրա բառերն են»:
Հակոբ Թոսունյանին 43 շաբաթ կալանքի տակ ապօրինի պահելու հարցը քննում է Մարդու իրավունքների եվրոպարկան դատարանը: Գործն ավարտական փուլում է: «Կառավարությունը առաջարկել է, որ ես հաշտվեմ, փողը վերցնեմ ու հաշտվեմ, բայց ես չեմ ուզելու, թող վճիռ կայացվի», — ասում է Թոսունյանը և պահանջում է Հայաստանի նոր կառավարությունից հետամուտ լինել այս գործի բացահայտմանը: Նա և վկաները, որոնց ճնշումների են ենթարկել, պատրաստ են ցուցմունքներ տալ, նոր հանգամանքների մասին հայտնել, հասնել նրան, որ վերանայվի Գևորգ Թոսունյանի մեղադրանքը: Հայրն ասում է. «Որդիս անմեղ է»:
Սյուզան Սիմոնյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: