Անցումային արդարադատության կիրառման ենթակա գործերի շրջանակներում անհրաժեշտ է ներառել՝
- հասարակությունից և պետությունից թալանված գումարների վերաբերյալ կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերը, այդ թվում գերակա հանրային շահի պատճառաբանությունով հասարակության և պետության կարիքների համար անձանց սեփականության օտարման վերաբերյալ գործերը:
- Համապետական ընտրություններում և հանրաքվեներում տեղ գտած զանգվածային ընտրախախտումների վերաբերյալ և դրանցից ածանցյալ գործերում: Օրինակ՝ 2008 թվականի մարտի 1-ի դեպքերը:
- Կյանքի իրավունքի, խոշտանգումներից զերծ լինելու իրավունքի նկատմամբ ոտնձգությունների վերաբերյալ գործերը:
Այս մասին «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով խորհրդարանական լսումների ժամանակ ներկայացրեց «Իրավաբանների հայկական ասոցիացիա»-ի նախագահ Կարեն Զադոյանը:
Փաստաբանի պնդմամբ, անցումային արդարադատության կիրառման գործիքները չորսն են՝ քրեական արդարադատության իրականացում, ճշմարտության որոնում, փոխհատուցման ծրագրեր և համակարգային ինստիտուցիոալ բարեփոխումներ:
«Անցումային արդարադատությունը Սահմանադրությամբ սահմանված նպատակներին հասնելու միջոց է, որին հնարավոր չէ հասնել այլ կոնվեցիոնալ համակարգերի միջոցով, ուստի դրա կիրառման շրջանակները պետք է հստակ ուրվագծեն սահմանադրությամբ ընձեռնված հնարավորությունների և երկրի կոնվեցիոն պարտավորությունների շրջանակները»,- իր ելույթում ասաց նա:
Կարեն Զադոյանը խոսեց նաև անցումային արդարադատության կիրառման մեխանիզմներից՝ նշելով.
- մասնագիտացված դատարանների ստեղծման հնարավորության մասին,
- կոռուպցիոն հանցագորությունների հետևանքով ապօրինի հարստացածներին՝ առաջնորդվելով և՛ իրավական, և՛ քաղաքական գործընթացներով օրենքի ընդունման միջոցով կապիտալի ամնիստիա (մեղքի ընդունման գործարք) կիրառելու և ներպետական մակարդակում գործարք առաջարկելու հարցի մասին,
- քրեական գործերի վերանայման և նոր քրեական գործերի հարուցման իրավական հիմքերի մասին,
- անցումային արդարադատության մեխանիզմները ներդնելուց հետո քննարկման առարկա դարձնել անցումային արդարադատության շրջանակներում դատապարտված նախկին հանրային իշխանության ներկայացուցիչների նկատմամբ համաներում տարածելու վերաբերյալ հարցի մասին:
Կարեն Զադոյանը նշեց, որ ասոցիացիայով նախաձեռնել են մի գործընթաց՝ փորձելով կարևոր խնդիրներին լուծում տալ: Մասնավորապես, սկզբում զեկույց են պատրաստել անցումային արդարադատության մասին, ապա ազգային փորձագետների մասնակցութամբ անցումային արդարադատության մեխանիզմների կիրառմանն ուղղված փորձագիտական համաժողով կազմակերպել՝ հրավիրելով մի շարք պատկան մարմինների:
«Միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց տվեց, որ անցումային արդարադատությունը ձախողվել է այն երկրներում, որտեղ չի եղել անցումային արդարադատության համակարգ ձևավորելու վերաբերյալ ակնհայտ և անկեղծ պատրաստակամություն, առանց այդ գործընթացում բոլոր շահագրգիռ դերակատարների ներգրավում և հանրային լայն իրազեկման բացակայություն»,- զեկույցը հիշատակելով նշեց Զադոյանը:
Զեկուցը կազմելիս ուսումնասիրվել են իրավական, սոցիալական, տնտեսական և քաղաքական համատեքստով միջազգային զեկույցները, որում գնահատվել են Հայաստանին վերաբերվող այդ չորս հատվածները:
Խոսելով փոխհատուցման ծրագրերի գործընթացի մասին՝ Կարեն Զադոյանը նշեց. «Փոխհատուցման ծրագրերը պետք է ներառեն նախնական վիճակի վերականգնում, կոմպենսացիա, ռեաբիլիտացիա, սատիսֆակցիա, կրկնման բացառման երաշխիքների տրամադրում»:
Նախնական վիճակի վերականգնման օրինակներից են՝ անձնական ազատության իրավունքի վերականգնումը, մասնավոր և ընտանեկան կյանքի, պատվի և բարի համբավի անձեռնմխելիության, քաղաքացիության իրավունքի և այլ իրավունքների վերականգնումը, սեփական բնակության վայր վերադառնալը, աշխատանքում վերականգնվելը, գույքի վերադարձը և այլն: Կարևոր է նաև պետությունից գողացված ակտիվների վերականգնումը և դրանց օգտագործումը հանրօգուտ նպատակներով՝ սոցիալական, կրթական, առողջապահական և այլ ոլորտներում՝ հատուկ այդ նպատակով պետության կողմից ստեղծված հիմնադրամների միջոցով:
Ճշմարտության որոնման գործընթացի մասին խոսելից Կարեն Զադոյանն ասաց, որ առաջարկվում է ընդունել «Ճշմարտության և հաշտեցման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենք: Ճշմարտության որոնման գործընթացներն օգնում են հավաքագրել փաստեր և դրանց միջոցով օժանդակել իրավապահ մարմիններին հետաքննել նախկինում կատարված հանցագործությունները և բացահայտել նախկինում կատարված հանցագործությունների վերաբերյալ պատմական ճշմարտությունը։ Ճշմարտության որոնման գործընթացը հիմնականում իրականացվում է ճշմարտության և հաշտեցման հանձնաժողովների կողմից՝ որպես վերականգնողական արդարադատության եղանակ։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: