«Բոլոր այն դատավորները, ովքեր իրենց ներսում գիտեն, որ չեն կարող անաչառ կամ օբյեկտիվ լինել, պետք է հրաժարական տան». վարչապետն ուղերձով հանդես եկավ

0
519
Նիկոլ Փաշինյան

«Վերջին մեկ տարվա իրադարձությունները ի ցույց են դնում, որ Հայաստանում չկա ժողովրդի վստահությունը վայելող դատական իշխանություն։ Չեմ ուզում դատողություններ անել դատական իշխանության կողմից կայացվող որոշումների մասին, դա իմ լիազորությունների մեջ չի մտնում։ Անկախ ամեն ինչից՝ ակնհայտ է, որ դատական համակարգի որոշումները խորապես անվստահելի են ժողովրդի շրջանում։

Հայաստանի ժողովուրդը գիտի, որ ինքը ազատ կամարտահայտմամբ ձևավորել է օրենսդիր իշխանություն, գործադիր իշխանություն։ Բայց Հայաստանի ժողովուրդը դատական իշխանությունը համարում է նախկին կոռուպցիոն համակարգի մնացուկ։

Եթե դատական իշխանությունը չունի ժողովրդի վստահությունը, նշանակում է՝ չունի բավարար լեգիտիմություն, ինչը այսօր ուղղակի սպառնալիք է մեր երկրի բնականոն կյանքին, անվտանգությանը:

Ցավոք, չեմ կարող երաշխավորել, որ դատական համակարգը չի ենթարկվում ստվերային և ապօրինի ազդեցություններին՝ հիմնականում նախկին կոռուպցիոն համակարգի կողմից, որոնք միմյանց հետ կապված են մարդկային, քաղաքական կապերով:

1. Հայաստանում գործող բոլոր դատավորները պետք է ենթարկվեն, այսպես ասած, vetting-ի: Այսինքն՝ հանրությունը պետք է ամբողջական տեղեկատվություն ունենա դատավորի ունեցած քաղաքական կապերի ու ծագումնաբանության, գույքային վիճակի, դատավորի կարգավիճակում եւ նախորդ շրջանում ծավալած գործունեության, անհատական եւ պրոֆեսիոնալ հատկանիշների մասին:

2. Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի որոշումներով հաստատված՝ քաղաքացիների իրավունքների կոպիտ խախտումներով դատավճիռների հեղինակ բոլոր դատավորները պետք է հրաժարական տան, հեռանան կամ հեռացվեն պաշտոններից:

3. Բոլոր այն դատավորները, ովքեր իրենց ներսում գիտեն, որ չեն կարող լինել անաչառ եւ օբյեկտիվ դատավորներ, պետք է հրաժարական տան՝ այդպիսով կարեւոր ծառայություն մատուցելով Հայաստանի Հանրապետությանն ու նրա ժողովրդին:

4. Հիմա արդեն անցումային արդարադատության մեխանիզմների ներդրումը կենսական անհրաժեշտություն է Հայաստանի Հանրապետության համար, եւ մենք պետք է մեկ-երկու ամսվա ընթացքում ամփոփենք վերջին յոթ-ութ ամիսներին այս ուղղությամբ մեր կատարած աշխատանքը։

5. Ազգային ժողովում պետք է տեղի ունենա օրենսդրական համապատասխան աշխատանք՝ մեր երկրի համար կենսական այս օրակարգը կյանքի կոչելու եւ Հայաստանում իրապես, երաշխավորված անկախ դատական համակարգ ունենալու համար: Եթե սրա համար անհրաժեշտ լինի իրականացնել սահմանադրական փոփոխություններ, մենք պետք է գնանք նաեւ այդ քայլին, եթե պետք լինի դա անել համաժողովրդական հանրաքվեով, մենք պետք է գնանք նաեւ նման լուծումների: Այս ողջ աշխատանքը, ընդ որում, պետք է տեղի ունենա այս ոլորտի միջազգային հեղինակավոր կազմակերպությունների հետ համագործակցության, միջազգային լավագույն փորձի եւ Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների շրջանակներում։

Հասունացել է ժամանակը՝ 2016 թվականի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով ստեղծելու՝ մեզ բոլորիս հուզող մի շարք հարցերի պատասխանները ստանալու համար», — իր ելույթում նշեց վարչապետը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Իմ խոստացած ելույթը:

Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Monday, May 20, 2019

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here