Ինքնասպանություն, թ՞ե հատուկ օպերացիա ապրիլյան պատերազմի հերոսի դեմ. Վլադիմիր Գասպարյանի ստվերը

0
3769

2017 թվականի օգոստոսի 20-ին Մեղրիի զորամասում առևղծվածային հանգամանքներում մահացած կապիտան, նախկինում հատուկ ջոկատային Անդրանիկ Մկրտչյանին քննչական կոմիտեն, զինվորական դատախազությունը շարունակում են համառորեն ներկայացնել որպես ինքնասպան: Երկու տարի է, նրանք քննություն են վարում քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածով՝ «Ինքնասպանության հասցնելը», հարուցված գործով, բայց անգամ ինքնասպանության պատճառ չեն նշել:

Մեքենայություններ գրության հետ

Ստացվում ՝ կապիտանը, որը ապրիլյան պատերազմի հերոս էր, պարապած, պինդ տղա, մինչև Մեղրիի զորամասը մայրաքաղաքի Քանաքեռի զորամասի հատուկ նշանակության զորքերում ծառայած, հանկարծ, առանց որևէ պատճառի որոշել է հաշիվները մաքրել կյանքի հետ: Ընդ որում՝ միանգամայն խաղաղ հանգամանքներում:

Ըստ գործի նյութերի, այդ օրը նա հանդիպել է ընկերուհուն, հետո ընկերոջ հետ հանրակացարանում հաց է կերել, գնացել է զորամաս, վերցրել է զենքը ու իր աշխատասենյակում ինքնասպան է եղել, նախապես թողնելով գրությունը, որում խնդրել է ոչ մեկի չմեղադրել իր մահի համար: Ահա այս գրությունը, որը Անդրանիկի հարազատները կեղծ են համարում և իրենց որդու ձեռագրին չհամապատասխանող, սենսացիոն բացահայտման առարկա դարձավ օրերս:

Տուժոողի իրավահաջորդի ներկայացուցիչ Հայարփի Սարգսյանը և քրեագետ Ռուբեն Մարտիրոսյանը կրկնակի փորձաքննությամբ ապացուցել են, որ գրությունից բացի կա դրա սևագիրը: Կապիտանի ձեռագրի առանձին մասնիկներ ու չարաբաստիկ գրության առանձին բառեր ինչ-որ մեկը փորձել է այդ սևագրում վերարտադրել: Եզրակացությունը տրամաբանական է. որ մինչև կապիտանի ձեռագիրը կեղծելը, գրության իրական հեղինակը այն յուրացնելու համար վարժություններ է կատարել ստվարաթղթի վրա: Շարունակությունն ավելի սենսացիոն է:

«Դատախազությունը տեղեկացրել է, որ փորձագետը միջնորդություն է ներկայացրել, որ ինքն այդ թղթի վրա գրառումներ անի, քննիչն էլ բավարարել է միջնորդությունը», — ասում է Հայարփի Սարգսյանը: Փաստորեն, գրառումները իրեղեն ապացույց հանդիսացող թղթի վրա արել է փորձագետը, իսկ քննիչը նրան թույլ է տվել, որ ապացույցներ կեղծի:

Փաստաբանն ահազանգում է՝ Անդրանիկին սպանել են

Փաստաբանը պահանջում է այս գրությունների նոր փորձաքննություն, այս անգամ Վրաստանի անկախ փորձաքննական կենտրոնում: «Հիմքը՝ քր.դատավարության օրենքի պահանջի խախտումն է, որի համաձայն եթե փորձագետը սխեմա, կամ լուսանկար ունի փորձաքննության վերաբերյալ, պետք է կցի միջնորդությանը, ինչը այս դեպքում չի արվել», — ասում է Հայարփի Սարգսյանը: Նա մայիսի 13-ին նոր բողոք է ուղարկել գլխավոր դատախազին, որում նշել է սպանության վարկածը հիմնավորող փաստեր.

Անդրանիկ Մկրտչյանի դեմքին կան բութ առարկայի հարվածների հետքեր, կետային վնասվածքներ, կապիտանը սնվել էր դեպքից կարճ ժամանակ առաջ, մինչդեռ դատաբժշկական եզրակացության համաձայն՝ նրա ստամոքսը դատարկ է եղել, ինչը կարող էր հարվածի արդյունքում փսխելու հետևանք լինել, Վլադիմիր Գասպարյանը ցանկացել է վրեժխնդկիր լինել իրենցից, գնդակը, որով իբր ինքնասպանություն է գործել Անդրանիկ Մկրտչյանը, չի ուղարկվել դատակենսաբանական փորձաքննության՝ պարզելու համար, թե արդյո՞ք դրա վրա Անդրանիկ Մկրտչյանի ուղեղանյութի հետքեր կան, նրա հագուստները եղել են թաց, նրա ձեռքը՝ մինչև արմնկահոդը, եղել է ցեխոտված և մրոտ, կան տեղեկություններ, որ դեպքի օրը զորքը մեկ ժամ ուշացումով է գնացել ճա շարան, շարված է եղել շարահրապարակում, իսկ այնուհետև, ի զարմանս զինվորների՝ ճաշարան են գնացել թմբուկների ձայների ներքո, չի հայտնաբերվել այն գրիչը, որով գրվել է ինքնասպանության մասին վկայող գրությունը, զենքի վրա չկան Անդրանիկի հետքերը և այլն:

Մահից երեք ամիս առաջ կապիտանը վիճաբանություն է ունեցել ոստիկանների հետ

Եթե կապիտանին սպանել են, ապա ո՞ւմ նա կարող էր խանգարել, ո՞վ արող էր «ընկած լինել» նրա հետևից: Անդրանիկ Մկրտչյանի հարազատները կապ են տեսնում նրա մահվան և մահից մոտ երեք ամիս առաջ տեղի ունեցած միջադեպի միջև:

2017 թ մայիսի 7-ին Անդրանիկն ու նրա զինվորական ընկերները, որոնք միասին ծառայում էին Քանաքեռի զորամասի հատուկ նշանակության վաշտում, իսկ ապրիլին միասին էլ կռվել էին Թալիշում, գնացել են նշելու ապրիլյան պատերազմի հիշատակը: «Վերադարձի ճանապարհին վարորդը արագ է քշել, ոստիկանները նրանց կանգնեցրել են, — պատմում է Անդրանիկի մայրը՝ Նարինե Մկրտչյանը, — իջել են, ասել են, որ հատուկ ջոկատայիններ են, առիթ էին նշում ու հիմա գնում են չաստ, որ եթե չեն հավատում, թող քշեն իրենց հետևից: Ոստիկանը հայհոյել է, թե՝ զզվացրեցիք դուք ձեր բանակով, ու սկսվել է քաշքշուկը»:

Միջադեպից հետո տղաներին տարել են ռազմական ոստիկանություն,նվաստացնելու համար քաչալացրել են, որպես հանցագործների, և 72 ժամը լրանալուց հետո անգամ ապօրինաբար շարունակել են պահել այնտեղ: Մի քանի օր այս միջադեպի շուրջ քննարկում է եղել վերևներում:

«Էդ գործը հասել է նախագահ Սերժ Սարգսյանին: Վերջապես, այն ժամանակվա պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի միջամտելուց հետո հաշվի առան տղաների մարտական ուղին, որակները, ու նրանց բաց թողեցին: Տղաս պատմում էր, որ Վովա Գասպարյանը ուզում էր, որ դատեն իրենց: Բայց Վիգեն Սարգսյանը ազատեց նրանց: Նա սեղմել էր Անդրանիկի ձեռքը, որը վաշտի հրամանատարն էր, եւ ասել էր՝ մի անգամ սխալվելու իրավունք ունեք, բայց որպես տույժ Ձեզ ուղարկում ենք սահմանային գոտի: Բայց Վովա Գասպարյանը կուլ չէր տվել, ասել էրէ իրենք չեն մարսի», — հիշում է մահացածի մայրը:

«Տղաս չէր ուզում գնար Մեղրի»

Նարինե Մկրտչյանը պահանջել է որդու մահով զբաղվող քննիչներից, որ ոստիկանների հետ միջադեպի դրվագով քննություն կատարվի, բայց վերջինս պատասխանել է՝ վկա չկա, որ Վովա Գասպարյանը նման արտահայտություն է արել: «Ես գիտեմ, որ իմ երեխին սպանեցին: Ինքն այն մարդը չէր, որ իր հետեւից ինքնասպանի գիծ թողներ», — ասում է մայրը:

Եւ այսպես, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի հունիսի 9-ի հրամանով Անդրանիկ Մկրտչյանը Քանաքեռի զորամասից տեղափոխվում է Մեղրի, նշանակվելով հետախուզական վաշտի հրամանատար: Նա բնակվում էր Ագարակի սպայական հանրակացարանում: Ընդամենը երկու ամիս ապրեց այստեղ: Մահից կես ժամ առաջ սմս-հաղորդագրություն էր գրել ընկերուհուն, որ կես ժամից նորից կգրի ու չի գրել:

Մայրը ասում է, որ որդին տհաճությամբ էր մեկնում Մեղրի ու անհամբեր սպասում էր, թե «աքսորի» մեկ տարին երբ է լրանալու, որ վերադառնա իր զորամաս:

Սյուզան Սիմոնյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here