«Զինծառայող Յուրիկ Բրոյանը սիմուլյանտ չի ճանաչվել, ավելին, ոչ միայն սիմուլյանտ չէ, այլև նրա գործողությունները սիմուլյացիոն բնույթ չեն կրել: Նշանակված լրացուցիչ ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությունը վերահաստատել է այդ հանգամանքը», փորձաքննության արդյունքներն է ներկայացնում փաստաբան Հայարփի Սարգսյանը,-
«Յուրիկ Բրոյանի գործողությունները պայմանավորված է նրա անձով և իրավիճակով, այսինքն` սոցիալական միջավայրի փոփոխությամբ, որին նա չի կարողացել ադապտացվել և տվել է դրանից բխող հակազդում»:
Հայարփի Սարգսյանը հատկապես ընդգծեց եզրակացության ամփոփիչ մասը. «Բրոյանի շուրջ ստեղծված քրեադատավարական իրավիճակը ավելի նպաստեց տվյալ հակազդման առաջացմանն ու երկարաձգմանը»։
Ըստ փաստաբանի՝ փորձագետն այսպիսով արտահայտել է այնպիսի դիրքորոշում, որ Յուրիկ Բրոյանի մոտ առկա է առողջական խնդիր, որը ստեղծված քրեադատավարական իրավիճակի մեջ հայտնվելու արդյունքում ավելի է սրվել։
Forrights –ը բազմիցս անդրադարձել է Յուրիկ Բրոյանի առողջական վիճակին, որ նա ունի անհրաժեշտ բուժման կարիք, ինչպես նաև այն հանգամանքին, որ նա ապօրինի կերպով է պահվում Ռազմական ոստիկանությունում, ինչը նպաստում է Բրոյանի առողջական վիճակի սրմանը։
Հիշեցնենք, որ Յուրիկ Բրոյանի հետ կապված զինդատախազությունում երեք քրեական գործ է քննվում՝ զորամասի կոմբատի կողմից նրա նկատմամբ կիրառված բռնության՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մաս, 314-րդ, 358.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 375-րդ 1-ին մաս, հոգեբուժարանի աշխատակցի հետ կոնֆլիկտի փաստերով, որը լեզվակռվի մեջ էր մտել Բրոյանի մոր հետ ու հարվածել մորը, ինչպես նաև ինքնավնասման դեպքի կապակցությամբ:
Վերջին գործով եզդի զինծառայողը մեղադրյալի կարգավիճակ ունի: Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածով «անդամախեղելու, հիվանդության սիմուլյացիայի կամ ապօրինի այլ եղանակով զինվորական ծառայությունը կամ դրա առանձին պարտականությունների կատարումը դադարեցնելը»։
«Սա վերաբերվում է այն քրեական գործին, որով նա մեղադրյալ էր ներգրավել ինքնավնասման համար, որ տեղի էր ունեցել 2018 թվականի օգոստոսի 30-ին զորամասում»,-մանրամասնեց Հայարփի Սարգսյանը։
Այդ քրեական գործը ենթակա էր կարճման, քանի որ տվյալ դեպքում համաներումը կիրառելի է, առկա էր նաև Յուրիկ Բրոյանի կողմից ներկայացված դիմումը, որ համաներում կիրառվի, սակայն գործը չէր կարճվել։ Ավելին՝ քննիչը մի կողմ էր դրել դատահոգեբուժական ստացիոնար փորձաքննության արդյունքը, որի համաձայն՝ Յուրիկ Բրոյանը սիմուլյանտ չէ, և լրացուցիչ փորձաքննություն էր պահանջել։
Հատկանշական է, որ ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննության եզրակացության մեջ առկա քրեական գործի նյութերից երևում է զորամասի սպա-հոգեբանի գրառումը՝ հոգեբանական բնութագիրը, որը տրվել է 2018 թ․սեպտեմբերի 4-ին, ըստ որի՝
«Շարքային Յուրիկ Բրոյանի մոտ ծառայության հենց առաջին օրվանից էլ նկատվել է տրամադրության անկում, ընկճվածություն, որը կապված է նրա մոտ առկա առողջական խնդիրների հետ։ Զինծառայողը դժվար հարմարվող է, անընդհատ ունենում է գլխացավեր, որն ավարտվում է ուշագնացությամբ, սակայն ծառայության մեջ չի արձանագրվել նման դեպք։ Նա նաև ունի սրտծակոց, ոտքերի խնդիրներ։ Ծառայողն ընկնում է հոգեկան լարվածության մեջ, դեպրեսիվ իրավիճակում չի կարողանում կառավարել իր նյարդերը։
Մինչ ծառայության զորակիոչվելը 3 անգամ պառկել է հոգեբուժարանում։ Կատարել է ինքնավնասումներ զույգ թիակների շրջանում՝ հայտնվելով նյարդային վիճակում։ Նրա մոտ նման իրավիճակ սկսվել է 15 տարեկանից, որի պատճառով ծառայության մեջ նշանակվել է տարկետում։ Նրա արտաքին շարժումներից և վարքային դրսևորումներից նկատվում է, որ զինծառայողը չի կարողանում հաղթահարել նման վարքային դրսևորումները։
Ս․թ․ օգոստոսի 30-ին՝ ժամը 13։30-ի սահմաններում, զորամասին N1 լվացարանի հարակից հատվածում «BIG» տեսակի սափրվելու գործիքով ինքն իրեն ձախ դաստակի ներսային հատվածում հասցրել է բազմաթիվ մակերեսային քերծվածքներ՝ ներվային վիճակում չկարողանալով ղեկավարել նյարդերը»։
Հայարփի Սարգսյանն անդրադարձավ նաև այն հանգամանքին, որ զորամասի սպան հոգեբանական բնութագրի մեջ նշել է, որ ելնելով վերոգրյալից, վերջինս միջնորդել է Յուրիկ Բրոյանին ուղարկել խորացված հոգեբանական հետազոտության, քանի որ նրա մոտ ուժեղ հոգեբանական լարվածությունը ժառանգվել է մորից․
«Հայտնվելով նման իրավիճակում՝ գնում է նման քայլի՝ չկարողանալով տիրապետել իր նյարդերին։ Նրան հնարավոր չէ նման իրավիճակում պահել ստորաբաժանում»,-զորամասի սպա-հոգեբանի տված Յուրիկ Բրոյանի հոգեբանական բնութագրից մեջբերեց փաստաբանը։
Փաստաբանը տարակուսելի համարեց այն փաստը, որ պաշտպանության նախարարությունը Յուրիկ Բրոյանի վերաբերյալ իր պաշտոնական հայտարարություններում մշտապես շեշտադրել է, որ նա «սիմուլյանտ» է, երբ առկա էր սպա-հոգեբանի կողմից արված հոգեբանական բնութագիր․
«Սրանից մենք կարող ենք եզրակացնել, որ ի սկզբանե ակնհայտ է եղել՝ Յուրիկ Բրոյանը սիմուլյանտ չէ և նա զորամասից պարզապես ուղարկվել է ինչ-որ բուժհաստատություն, որպեսզի հասկանան՝ ինչ աստիճանի առողջական խնդիր ունի վերջինս, այլ ոչ թե պարզեն սիմուլյանտ է, թե՝ ոչ»։
Քրեական գործում առկա նյութերից, բժշկական փաստաթղթերից, ԿՌԲՀ-ի եզրակացությունից, ՀՀ զինվորի անհատական գրքույկի ծառայության որակի մասին գրառումներից, դատաբժշկական փորձագետի եզրակացությունից, անձնական գործից և ներկա հետազոտման արդյուքներով հայտնաբերվել է հետևյալը․
«Յուրիկ Բրոյանի մոտ ժառանգականությունը հոգեկան հիվանդություններով բարդացած է․ այսինքն, գուծում ունենք այնպիսի փաստաթղթեր, որոնք ՊՆ-ի կողմից պատշաճ չեն հետազոտվել, և արդյունքում ունենք այն, ինչ ունենք․ Բրոյանը անհիմն գտնվում է Ռազմական ոստիկանությունում»,-նկատեց փաստաբանը, հիշեցնելով, որ ապրիլի 22-ին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազին, որ Յուրիկ Բրոյանը անհիմն է գտնվում ՌՈ-ում և բուժում չի ստանում։
Փաստաբանը հավելեց, որ Երևանի կայազորային զինվորական դատախազությունից ստացել է պատասխան, որ հանցագործության մասին հաղորդումը ներկայացվել է Երևան քաղաքի զինվորական քննչական գլխավոր վարչության 4-րդ կայազորային քննչական բաժին, որտեղ էլ նութեր են նախապատրաստվում ՀՀ քրեական օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով հաղորդման ընթացքը լուծելու համար։
Ազնիվ Սիրադեղյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: