Բանակում հոգեկան խնդիրներ ձեռք բերած Արթուր Հակոբյանի գործով նախաքննության ավարտ է հայտարարվել։ Այս մասին տուժողի ներկայացուցիչ, փաստաբան Արա Ղարագյոզյանը տեղեկացել է էլեկտորանային փոստի միջոցով։ Բայց ինչ որոշում է կայացվել դեռ հայտնի չէ։ Բայց Արա Ղարագյոզյանը համոզմունք ունի՝գործը կարճվելու է, քանի որ նախաքննության հենց սկզբից այն քննել է այն մարմինը, որը որ իրավունք չուներ։
«Այն նույն բաժինն է քննել, որը չորս տարի առաջ գործը կարճել էր»,- ասաց Արա Ղարագյոզյանը։
Դեռ 2015 թ Ագարակի զորամասում Արթուր Հակոբյանի նկատմամբ իրականացվել էր խոշտանգում եւ դաժան վերաբերմունք, որի հետեւանքով նա ձեռք էր բերել հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ։
Դեպքի առիթով 13․11․ 2016 թ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 358 .1-րդ հոդվածի երկրորդ մասի հատկանիշերով՝ ստորադասի նկատմամբ բռնի գործողություններ կատարելը կամ դրանք կատարելու սպառնալիքի հոդվածով, հարուցվել էր քրեական գործ եւ Արթուր Հակոբյանը ճանաչվել էր տուժող։
Սակայն կարճ ժամանակ անց հարուցված քրեական գործը կարճվել էր։ Արթուր Հակոբյանի ներկայացուցիչ, փաստաբան Արա Ղարագյոզյանը կարճման որոշումները բողոքարկել էր առաջին եւ վերաքննիչ դատարաններ։ Ստորադաս ատյանները մերժել էին բողոքները։ Փոխարենը Վճռաբեկ դատարանը ճանաչել էր Արթուր Հակոբյանի իրավունքների եւ ազատությունների, ինչպես նաեւ խոշտանգումներից զերծ մնալու իրավունքի խախտման փաստը։
Դատարանը գտել էր, որ հոգեկան խնդիրներ ունեցող անձը պետք է լսված լինելու իրավունք ունենա, ինչպես նաեւ գործով պետք է առերեսումներ կատարվեին, որը չի կատարվել։
Արթուր Հակոբյանն իրեն խոշտանգելու մեջ մեղադրում է իր հրամանատար Ջիվան Մկրտչյանին։ Մինչդեռ նրա հետ առերեսումներ նախկինում չեն արվել։ Այս անգամ Ջիվան Մկրտչյանի հետ առերեսում կատարվել է, սակայն նախաքննական գաղտնիքից ելնելով՝ դեռ չի հրապարակվում նրա ցուցմունքը։ Բացի Ջիվան Մկրտչյանից, առերեսում է կատարվել եւս երկու անձի միջեւ։
«Չորս տարի սպասել էինք, որ կատարվեր երեք առերեսում եւ վերջ։ Արդյունավետ նախաքննություն չի կատարվել խոշտանգման փաստը բացահայտելու ուղղությամբ»,- ասում է Արա Ղարaագյոզյանը։
Գործի վերաբացումից հետո Արա Ղարագյոզյանը մի շարք միջնորդություններ է ներկայացրել, որոնք մերժվել են։ Ներկայացուցիչը անգործ չի նստել, այս ընթացքում դատախազության եւ քննիչի անգործությունը վիճարկել է դատարանում։
Գործի վերաբացումից հետո թե քննիչին, եւ թե Գորիսի կայազորի դատախազին փաստաբանը միջնորդություն է ներկայացրել, քանի որ քրեական գործը հարուցվել է սխալ հոդվածով։ Փաստաբանը պահանջել էր նաեւ Ստամբուլյան արձանագրության հիման վրա նշանակել փորձաքննություն՝ պարզելու համար տուժողը ենթարկվել է խոշտանգման, թե՝ ոչ։ Ինչպես քննիչը, այնպես էլ Գորիսի կայազորի դատախազը մերժել են նրա միջնորդությունները։
«Եթե իրականում քննիչը եւ դատախազը կաշկանդված չլիներ սույն գործով և օբյեկտիվ լրիվ քննություն իրականացնեին, պարզից էլ պարզ է, որ Ջիվան Մկրտչյանին առնվազն պետք է մեղադրանք առաջադրվեր։ Իսկ մինչ օրս Ջիվան Մկրտչյանը վկայի կարգավիճակում է հանդես գալիս»,- ասում է Արա Ղարագյոզյանը։
Կասկածելով քննիչ Ա․Սարգսյանի եւ դատախազ Հ․ Մարգարյանի անաչառությանը՝ Արա Ղարագյոզյանը՝, մինչ նախաքննության ավարտի մասին տեղեկանալը, դիմել էր գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։ Նա քննիչին եւ դատախազին հայտնել էր բացարկ եւ խնդրել միջնորդությունը բավարարել՝ գործը տեղափոխելով Երեւան։
Նա գլխավոր դատախազից պահանջել է միջնորդությունն անձամբ քննել եւ չուղարկել այն մարմին, որը խախտել է տուժող կողմի իրավունքները։
Սուսաննա Պոգոսյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: