Կադոյի վիճակը ծայրաստիճան ծանր է.նախկին զոն նայողը ընդվզում է ձգձգված դատավարությունների դեմ

0
480

Արկադի Պապյանը, որը կալանավայրում «զոն նայողի» կարգավիճակ ունի, 25-օրյա հացադուլի մեջ է։ Վերջին 13 օրը նա հրաժարվում է նաև ջրից: Նրա բողոքը ՀՀ գլխավոր դատախազության կողմից դեռևս 2017 թվականի վերջին իրեն առաջադրված մեղադրանքների դեմ է:

Պապյանի մեղադրանքները առնչվում են «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի նախկին պետ Գևորգ Մկրտչյանի և նրա ենթակաների գործին: ՔԿՀ պետն ու հիմնարկի պաշտոնատար անձինք մեղադրվում են առանձապես խոշոր չափերի կաշառք ստանալու, կաշառք տալու և դատապարտյալների օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու մեջ: Իսկ Պապյանը, ըստ մեղադրանքի, 2014 թվականից պատիժ կրելով «Վանաձոր» ՔԿՀ-ում, տարբեր չափերի, ընդհանուր առմամամբ մոտ 2,5 մլն դրամ կաշառք է տվել ՔԿՀ-ի պաշտոնատար անձանց:

Այս կերպ, ըստ դատախազության, նա և քրեական հեղինակություն Թամազ Ֆերոյանը փորձել են արտոնություններ ստանալ՝ որ բաց պահվեն որոշ խցերի դռները, թույլատրվի ազատ ելումուտ այդ խցեր, արգելված իրեր բերվեն կալանավայր, ալկոհոլի և թմրամիջոցների օգտագործումը չարգելվի, «ղումարի», ինտերնետից ու բջջային կապից օգտվելու վրա աչք փակվի: Կաշառքի ամսավճար է նշվում՝ 250.000-300.000 ՀՀ դրամ, որը Պապյանը, ինչպես նաև մեկ այլ դատապարտյալ՝ փոխանցել են ՔԿՀ պաշտոնյաներին: Կաշառքի փոխանցմանը  մասնակցել է նաև Պապյանի մտերիմ Կարեն Հակոբյանը, որը ցուցմունքներ է գրել Պապյանի և Ֆերոյանի դեմ:

Արկադի Պապյանին մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնատար անձին առանձնապես խոշոր չափերի կաշառք տալը:

Արկադի Պապյանի ընդվզումը կարելի է գնահատել որպես անարդյունավետ և հուսահատ քայլ, քանի որ գործն անցյալ տարվա մարտից  քննվում է Ալավերդու դատարանում, և Հայաստանի իրավական պրակտիկայում չկա մի դեպք, երբ դատախազությունը դատավարական փուլում հրաժարված լինի մեղադրանքից։

Պապյանի շահերի պաշտպան Ամրամ Մակինյանը գտնում է, որ դա իրավական առումով հնարավոր է։ «Մեղադրանքի պաշտպանությունը դատախազություն է  իրականացնում, և կարող է միանգամայն կարող է հրաժարվել մեղադրանքից», — ասում է նա։ Ի՞նչ ապացույցներ կան Պապյանի դեմ։ Մեր հարցին Մակինյանը չցանկացավ պատասխանել, ասելով․ «Դեռևս հետազոտված չեն ապացույցները, չէի ցանկանա այդ մասին խոսել։ Մի տարուց ավելի է, գործը դատարանում է, բայց նախապատրաստական փուլը դեռ չի անցել, զավեշտը դա է»։ Ամրամ Մակինյանը վստահեցնում է, որիր պաշտպանյալի վիճակը ծայրահեղ վատ է, որ նա դժվարությամբ է խոսում։   

«Նրա ձայնը շատ թույլ է, երբ նրա հետ վերջին անգամ խոսեցի, — ասում է Արկադի Պապյանի կինը՝ Լուսինե Գրիգորյանը, — Նա ասում է՝ եթե կան ապացույցներ, թող ներկայացնեն։ Եթե ես չեմ արել այդ արարքը, ինչո՞ւ պետք է ես մեղադրանքը կրեմ։ Ո՞նց կարելի է այսքան երկարացնել, մի  տարի է, դատարանում ոչ մի ապացույց չեն ներկայացրել»։

Արկադի Պապյանի դուստրը՝ Անահիտ Պապյանը, մի քանի օր առաջ նամակ-բողոք է տարել դատախազություն և սպասում է պատասխանի։ «Ինձ հետ շատ լավ խոսեցին, նամակը վերցրեցին, ոչ մի պատասխան չունենք դեռ։ Անցյալ անգամ եկան, ասեցին, որ մեղադրանքները հետ կվերցնեն, բայց ոչինչ չարեցին։ Ես իրավաբանականում եմ սովորել Ռուսաստանում, ես գիտեմ, որ, օրինակ, Ռուսաստանի օրենսդրության մեջ կաշառք տալը պետք է կոնկրետ ապացույցով հիմնավորվի։ Այս դեպքում նման ապացույց չկա», — ասում է նա։

Արկադի Պապյանը՝ Կադոն, ծնունդով Ոսկեպար գյուղից է, Հայաստանի հյուսիս — արևելյան սահմանների ինքնապաշտպանական մարտերի մասնակից,  ունի 3 երեխաներ, հաշվառված է ՌԴ Կիսելյովսկ քաղաքում, 44 տարեկան է: «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում նա հայտնվել էր Կիսելյովսկում կատարված Իգոր Նիկոնովի սպանության համար, 2012 թվականին դատապարտվելով 9 տարվա ազատազրկման:

Իգոր Նիկոնովը Կեմերովոյի հանցաշխարհի հեղինակություններից էր, որը հակակրանք ու հակասություններ ունի հայազգի անձանց նկատմամբ, ինչը և հանդիսացել էր, ըստ դատական գործի, սպանության շարժառիթը: Սպանությունը տեղի է ունեցել 2007 թվականին, Կիսելյովսկ քաղաքի գիշերային ակումբներից մեկում: Պապյանը, Ոսկեպարում տարածված լուրերի համաձայն,  հանդիպել է Նիկոնովին և ասել է նրան, որ ինքը հայ է: Նիկոնովը հայհոյել է և զենք է քաշել Արկադի Պապյանի վրա: Վերջինս խլել է նրա զենքը և ինքն է կրակել Նիկոնովի վրա:

Ըստ 2013 թվականի դատավճռի,  «Ա.Պապյանը մի քանի անձանց հետ միասին գնացել է Կիսիլևսկ քաղաքի Կրասնոբրոդսկայա 1 հասցեում գտնվող ՙՄեմֆիս՚ գիշերային ակումբ և այնտեղ հանդիպել Ի.Նիկոնովին: Զրուցելու նպատակով վերջինիս հրավիրել է ակումբից դուրս, սակայն Ի.Նիկոնովը մերժել է Ա.Պապյանի առաջարկը, որից հետո նրանց միջև ծեծկռտուք է սկսվել: Այդ ընթացքում ամբաստանյալ Ա.Պապյանն ապօրինի կերպով իր մոտ պահվող ՙԻԺ–79՚ տեսակի գազային ատրճանակից… 6 անգամ կրակել է Ի. Նիկոնովի մարմնի տարբեր մասերին, միաժամանակ ատրճանակի կոթով մի քանի անգամ հարվածել Ի.Նիկոնովի դեմքի և գլխի տարբեր մասերին, դիտավորությամբ նրան զրկելով կյանքից»:

Ոսկեպարում Արկադի Պապյանին համարում են, որ Պապյանը տուժել է հանուն ազգի պատվի և շատերը նույնիսկ արդարացնում են նրա արարքը:
Արկադի Պապյանը Իգոր Նիկոնովի սպանության համար դատապարտվել է 9 տարվա ազատազրկման: 2021 թվականին ժամկետն ավարտվում էր, և ահա՝ նոր հանցանքի մեջ են նրան մեղադրում:

Մի քանի ամսից Պապյանի ազատազրկման ժամկետն ավարտվում էր, և նա պետք է հայտնվեր ազատության մեջ, բայց ԱԱԾ-ն կալանավայրում կոռուպցիոն բացահայտումներ արվեց, ինչի հետևանքով «զոն նայողներ» Արկադի Պապյանին նոր մեղադրանքներ առաջադրվեցին:

Արկադի Պապյանը հացադուլի մեջ էր նաև 2018 թվականի մարտին, երբ կաշառքի գործը դեռ դատարան չէր ուղարկվել: Այն ժամանակ նա ծայրահեղ հյուծված վիճակի հասավ, անգամ ջուր չէր կարողանում ընդունել:

ՀՔԾ քննիչ Դավիթ Կոստանդյանը Forrights.am-ի հետ զրույցում պնդել էր, որ ապացույցներ կան և այդ ապացույցները բավարար են իրեն առաջադրված մեղադրանքը հիմնավորելու  համար: «Արկադի Պապյանի գործը մեր ուշադրության կենտրոնում է , չեմ կարող այս փուլում մանրամասներ ներկայացնել, նախաքննություն է ընթանում, կարող եմ հայտնել, որ պատշաճ քննություն է կատարվում, բոլոր դատավարական ընթացակարգերը պահպանվում են», — ասել էր քննիչը:

Հացադուլի 40-րդ օրը 3 դատախազների հետ հանդիպումից հետո նա դուրս եկավ հացադուլից: Դատախազները նրան խոստացել էին վերացնել մեղադրանքը, սակայն իրենց խոստումը չէին կատարել: ՄԻՊ ներկայացուցիչներին Պապյանը չի ցանկացել տեսնել։

Սյուզան Սիմոնյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here