«Եթե մի քանի տարի առաջ ինձ ասեին՝ ի՞նչ ես ընտրում՝ ցմահ ազատազրկո՞ւմ, թե՞ գնդակահարություն, ես երկու ձեռքով կասեի՝ գնդակահարություն». 24 տարի անազատության մեջ

0
5107
Կամո Շալունց

«Իմ կյանքում ես լավ օր չեմ տեսել…Չի եղել մի օր, որ ասեմ՝ այ էսօր ես երջանիկ եմ: Մինչև Լուսինեին հանդիպելը մտածում էի, որ իմ կյանքն ավարտված ա: Եթե մի քանի տարի առաջ ինձ ասեին՝ ի՞նչ ես ընտրում՝ ցմահ ազատազրկո՞ւմ, թե՞ գնդակահարություն, ես երկու ձեռքով կասեի՝ գնդակահարություն: Էդ համ ինձ էր օգուտ, համ՝ երեխուս, գոնե չէր տառապի ու կիմանար, որ ոչ մեկը չունի, բայց…Լուսինեն ինձ նոր շունչ տվեց պայքարելու»:

«Չի եղել տարածաշրջանի մի քաղաք, որի ազատագրման ժամանակ ներկա չլինեմ»

24 տարի անազատության մեջ գտնվող 53-ամյա գորիսեցի Կամո Շալունցը մեզ դիմավորեց իր ձեռքով պատրաստած վարդերով: Ասում է՝ բանտում նմանատիպ բաներ պատրաստելով է զբաղվում:

Աֆղանական և ղարաբաղյան պատերազմներով անցած Շալունցն իր մարտական ուղու մասին ժպիտով է պատմում, խոսում է ցածր, բայց հանդարտ, ասում է՝ այս ամբողջ տարիների ընթացքում այդպես էլ չի ներքաշվել քրեական աշխարհի մեջ, զերծ է մնացել «գողականներից» և փակվել իր ներաշխարհում:

«Երկու պատերազմ եմ տարել՝ Աֆղանստանում վիրավորվեցի ու հետ եկա. 96 հոգով գնացինք, չորսով՝ եկանք, բոլորս էլ՝ վիրավոր: Հետո Ղարաբաղյան պատերազմը սկսվեց ու միանգամից մեկնեցի շփման գիծ, որտեղ մնացի առաջին օրվանից մինչև վերջին օրը: Կամավորական եմ եղել, չէի ուզում ինչ-որ ջոկատ մտնել, ես լավ գիտեի, թե ջոկատ ինչի են մտնում, նպատակը որն ա: Իսկ ես միայն մի նպատակ ունեի՝ վնասազերծել իմ աղջկա ու մեզ՝ հայերիս վրա կրակողներին»,- ասում է Շալունցը:

Հպարտությամբ է պատմում, որ ջոկատի հրամանատար է եղել, իր վրա վերցրել գերիների փոխանակումը: Ինչպես նշում է նա՝ չի եղել տարածաշրջանի մի քաղաք, որի ազատագրման ժամանակ ներկա չլինի.

«Առաջինը մենք էինք մտնում ուսումնասիրում տարածքը, հետո նոր գալիս էր զորքը: Ֆիզուլիում վիրավորվեցի ծնոտիցս. հիմա էլ ներքևի ծնոտս չկա, մետաղից են դրել»,- ասում է Կամոն՝ ցույց տալով սպիացած ծնոտը: Վերջին վիրավորում ստանալուց հետո Կամոն այլևս ի վիճակի չի լինում առաջնորդել ջոկատը, նահանջում են:

Կամոն վերադառնում է Գորիս…

«Էդ ժամանակ, որ Լենինի հոր սպանությունն էլ տային, էլի իմ վրա կվերցնեի, մենակ թե կնոջս բաց թողնեին»

1995 թվականն էր, գրաված տարածքների գյուղերից մեկում՝ Հորովելում, ՀՀ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի մարդիկ նրա համար շինանյութ էին հավաքում ու տեղափոխում գեներալին պատկանող տարածք: Ինչպես պատմում է Շալունցը, ով այդ կողմով անցնում էր, պետք է մի բան տար այդ մարդկանց. «Ոչ մեկն առանց ինչ-որ բան թողնելու չէր կարա անցներ իրենց կողմով. մեկը փող էր տալիս, մեկը՝ պապիրոս․․․»:

Մանվել Գրիգորյանի «մարդկանցից» էին նաև սպանված երկու զինվորները, որոնցից մեկի սպանության մեջ էլ մեղադրվել, ապա գնդակահության էր դատապարտվել 29-ամյա Կամո Շալունցը: Վերջինս մի շարք ալիբիներ ունի, որոնք վկայում էին, որ ինքն ուղղակի չէր կարող այդ սպանության մասնակիցը լինել.

«Ես էդ դեպքի տարածքում դեպքից 2 օր առաջ եմ եղել, լիքը մարդ կարա ապացուցի էդ փաստը: Անգամ բանկային գործարքներ կան՝ օրով, ժամով, որոնք փաստում են, որ ես էդ ժամանակ այնտեղ չեմ եղել, բայց ինձ լսողն ո՞վ էր: Դատարանը ոչ մի բան հաշվի չէր առնում»:

Դատարանի «կոզրն» այն հանգամանք է եղել, որ դեպքից 3 օր անց ինքը եղել է սպանության վայրում, այնտեղ գտել մահացած երկու զինվորներից մեկի զենքն ու այն վերցրել:

«Երկու հատ զենք ա եղել, սպանել են ոչ իմ գտած զենքով, այլ՝ մյուսով: Ինչ-որ մեկը ճամփին իմ ձեռքին տեսնում ա էդ զենքը, գնում ասում ա՝ սենց զենք եմ տեսել Կամոյի ձեռքը: Գալիս հարցնում են՝ էս-էս զենքը մո՞տդ ա, ասում եմ՝ հա…բռնում տանում են»,- վերհիշում է Կամոն:

Կապանի ոստիկանական բաժանմունքում Կամոյին խոշտանգում են, օրերով զրկում հացից և ջրից, «ռեժիմով»՝ ծեծում:

«Ծեծե՞լ…ծեծելը մեղմ եք ասում: Օրական 3 անգամ ծեծում էին՝ առավոտ, կեսօր, իրիկուն. ուզում էին էդ վրես վերցնեմ: Ես էլ ասում էի՝ ավելի լավ ա ինձ գյուլլեմ, քան ուրիշի արածն իմ վրա վերցնեմ: Մարմնիս վրա մի հատ նորմալ տեղ չկար, փոխարենը դեմքս մաքուր էր. աշխատում էին դեմքի վրա հետքեր չթողնել»:

Ի վերջո սպասված «ինքնախոստովանական ցուցմունքը» Շալունցից կորզում են կնոջ միջոցով: Կամոյին լուր է հասնում, որ կնոջը երկու օր է, ինչ առևանգել են. Շալունցը թևաթափ է լինում.

«Էդ ժամանակ, որ Լենինի հոր սպանությունն էլ տային, էլի իմ վրա կվերցնեի, մենակ թե իրեն բաց թողնեին: Ասեցի՝ ոնց ասեք, տենց կգրեմ, մենակ իրեն բաց թողնեն»:

1995 թվականի վերջին Կամո Շալունցը դատապարտվում է մահապատժի: 8 տարի չիրագործվելով գնդակահարությունը, 2003 թվականին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով մահապատիժը փոխարինում է ցմահ ազատազրկմամբ:

24 տարվա ընթացքում աղջկան տեսել է միայն մեկ անգամ

Կամո Շալունցն ունի երկու երեխա՝ տղա և աղջիկ, սակայն նրա խնամքին այս պահին միայն աղջիկն է՝ Անուշը. որդին արտերկրում է և ոչ մի կապ չի պահպանում հոր և քրոջ հետ:

29-ամյա Անուշը, ով ի ծնե մանկական ուղեղային կաթված ունի, փոքր տարիքում բարձր աստիճանի այրվածք է ստացել, ինչի պատճառով մինչ օրս շարքից դուրս է գալիս մկանային հյուսվածքները: Նրա մարմնի աջ մասն ամբողջովին կաթվածահար է, չի խոսում, քայլել սկսել է 11 տարեկանից: Այս պահին մենակ ոչինչ անել չի կարողանում:

Անուշ Շալունցը տատի, ապա մոր մահից հետո քեռու խնամքին է, սակայն նրանք էլ արդեն ի վիճակի չեն պահել աղջկան: Անուշն ամեն պահի կանգնած է դրսում հայտնվելու վտանգի առաջ: Կամոն չի մեղադրում աներձագի ընտանիքին, քանի որ նրանք էլ ունեն առողջական և ֆինանսական խնդիրներ, իսկ իր աղջիկն ունի հատուկ խնամքի կարիք:

«24 տարվա ընթացքում մի անգամ ա եկել մոտս՝ 2010 թվականին: էդ մի անգամ տեսնելոց հետո իրա մոտ դրական տեղաշարժ էր նկատվել: Անընդհատ դիմել եմ ստեղ-ընդեղ, որ գոնե տեղափոխվեմ «Գորիս» ՔԿՀ, որ կարողանամ տեսնել աղջկաս․ մերժում են: Ինքը չի կարող էդքան ճանապարհ գա հասնի Երևան: Ստեղից զանգում եմ իրեն, բայց չի կարողանում խոսել, միայն ձայն ա հանում, ես էլ չեմ կարողանում խոսել, ինքը լացում ա, ես էլ՝ չեմ դիմանում…»,- հուզմունքը զսպելով ասում է Շալունցը:

«Ես նրա անմեղությանը հավատում եմ: Այո՛, շատ եմ հավատում»:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մեկ ամիս առաջ մերժեց պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու Տեղաբաշխման հանձնաժողովի դիմումը: Դատարանն անտեսեց այն հանգամանքը, որ Շալունցը պատժի կրման ընթացքում դրսևորել է բավարար վարքագիծ, նոր հանցանք կատարելու հավանականությունը ցածր է, դատապարտյալը կանգնել է ուղղման ճանապարհին, ուստի վերջինիս պայմանական վաղաժամկետ ազատելու ներկայացնելը նպատակահարմար է: Բացի վերոնշյալից, դատարան էր ներկայացվել նաև Անուշ Շալունցի առողջական վիճակի մասին բնութագիրը:

Դատարանը, սակայն, հիմնվեց 9 տարի առաջ Շալունցի ստացած 2 կարգապահական տույժերի վրա, որոնք նա ստացել էր հեռախոս պահելու համար: Դատավոր Նելլի Բաղդասարյանը նշեց՝ դատարան է ուղարկվել տուժող կողմի դիրքորոշումն այն մասին, որ նրանք դեմ են, որ Շալունցի նկատմամբ կիրառվի պայմանական վաղաժամկետ ազատ արձակում: Դատարանը հիմք էր բերել նաև այն հանգամանքը, որ մինչ այս պահը տուժողին չի փոխհատուցվել 520.000 ՀՀ դրամ գումարը:

«Զարմանալի կլիներ, որ տուժողի համար միևնույն լիներ Կամոյի ազատ արձակումը, բայց չէ որ պետք է պատժելով ուղղենք մարդուն, այլ ոչ թե հակառակը: Եթե պատժելով պետք է պատժեին, ապա թող գնդակահարեին ու վերջ, ինչո՞ւ են թողնում որ մարդն այդ չորս պատի մեջ 24 տարի տառապի: Թողնենք մահանա՞ն այդ մարդիկ, չտա՞նք ուղղվելու շանս»,- Forrights-ի հետ զրույցում ասում է Կամոյի ապագա կինը՝ Լուսինեն. նրա հետ Կամոն ծանոթացել է 3 տարի առաջ: Հենց նա է հույս արթնացրել Կամոյի մեջ, որ ամեն ինչ կորած չէ:

Լուսինեն շեշտում է, որ Կամոն չի խուսափում փոխհատուցում վճարելուց, ուղղակի այդ ամենն իրականացնելու համար նրան անհրաժեշտ է ազատության մեջ հայտնվել և աշխատել: Նա հույս է հայտնում, որ գոնե Վերաքննիչ քրեական դատարանը հաշվի կառնի վերոնշյալ հանգամանքները և պայմանականորեն ազատ կարձակի Կամոյին.

«Ես նրա անմեղությանը հավատում եմ: Այո՛, շատ եմ հավատում»:

Ռոզա Վարդանյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here