Իրենց տղայի՝ նորակոչիկ Նորայր Սահակյանի մահվան համար դատապարտված բժիշկների արդարացման մասին մամուլով պատահաբար տեղեկանալուց հետո մահացած նորակոչիկի ծնողները դիմել էին վարչապետին՝ ընդունելություն խնդրելով նրանից, սակայն մինչ այժմ ոչ մի արձագանք չեն ստացել Նիկոլ Փաշինյանից:

«Ուղղակի չհասկացանք՝ ինչ կատարվեց, որ այսքան տարվա դատավարությունից հետո միանգամից անմեղացան: Դա չկարողացանք հասկանալ: Բոլոր փաստերը իրենց դեմ են, երկու անգամ դատաբժշկական փորձաքննություն է եղել, որն ապացուցել է իրենց մեղավորությունը, բայց իրենք արդարացել ու պաշտոններ են վայելում»,-Forrights.amի հետ զրույցում տարակուսանք հայտնեց մահացած նորակոչիկի մայրը՝ տիկին Կարինեն՝ շարունակելով.

«Մենք 6 տարի պայքարում ենք: Իրենք ճանաչվել են մեղավոր: Հետո միանգամից, առանց մեզ տեղյակ պահելու, այն դեպքում երբ ամուսինս որդուս իրավահաջորդն է, իրենց արդարացրել են և մենք դրա մասին պատահաբար իմացել ենք ինտերնետի լուրերից»:

Այս տարվա փետրվարի 4-ին Վերաքննիչ քրեական դատարանն արդարացրել է մահացած նորակոչիկ Նորայր Սահակյանի գործով 4 տարի ազատազրկման դատապարտված և համաներումով ազատված զորամասի բաժանմունքի պետ, կոչումով լեյտենանտ Մհեր Դավիդյանցին և թերապևտիկ բաժանմունքի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արկադի Չախոյանին։

Իսկ մինչ դատարանով արդարացումը, անցյալ տարվա օգոստոսին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարված մրցույթի արդյունքում Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն նշանակեց Մհեր Դավիդյանցին: Չհերքվեցին մամուլի տեղեկությունները, որ Դավիդյանցը Արսեն Թորոսյանի մտերիմն է:

Նշանակման պահին Մհեր Դավիդյանցը 2012-ին մահացած նորակոչիկ Նորայր Սահակյանի մահվան գործով պայմանական ազատազրկված և համաներված է եղել: Իսկ արդարացվել է արդեն որպես պաշտոնյա: Այժմ նա պաշտոնավարում է որպես ամբաստանյալ, քանի որ մահացած զինակոչիկի ծնողները բողոքարկել են Վերաքննիչ դատարանի վճիռը Վճռաբեկում:

Forrights.am-ի հարցին, թե ինչո՞ւ ու ի՞նչ հիմքով է առողջապահության նախարարը Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի պետ նշանակել նորակոչիկ Նորայր Սահակյանի մահվան մեջ մեղադրվող ու չորս տարվա պայմանական պատժի դատապարտված Մհեր Դավիդյանցին, իսկ վերջինս էլ, պաշտոնյա լինելով, արդարացման դատավճռի է հասել, առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը պատասխանեց.

«Տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու համար հայտարարվել է մրցույթ, որին մասնակցել է նաև Մհեր Դավիդյանցը: Վերջինս հաղթող է ճանաչվել և նշանանկվել է պաշտոնում: Իսկ ինչ վերաբերում է մնացածին, խնդրում եմ, եթե ունեք այնպիսի իրավակարգավորումներ, որոնք արգելում են նախկինում մեղադրվող, առավել ևս արդարացված անձին մասնակցել մրցույթի` խնդրում եմ պաշտոնապես ներկայացրեք»: Նկատեցինք, որ Դավիդյանցը տնօրեն նշանակվել է մինչ դատարանի որոշմամբ արդարացումը: Սակայն խոսնակը անպատասխան թողեց մեր հստակեցումը:

«Սեյրան Օհանյանը մեզ նորմալ ընդունում էր, իսկ հիմա ՊՆ ընդունարանից հետ դարձրին». ՊՆ-ն հրաժարվել է օգնել մահացած նորակոչիկի ծնողներին

«Քանի որ մեծ ընտանիք ենք, հինգ երեխա ունեմ, դիմեցինք պաշտպանության նախարարություն, որ օգնեն փաստաբան վարձել Վճռաբեկում բողոքարկելու համար, մերժեցին: Սեյրան Օհանյանի ժամանակ, երբ գնում էի նախարարություն, պարտադիր բարձրացնում էին վերև, զրուցում էին, որպես ծնող հարգում էին, հիմա ընդունարանից ճանապարհեցին, թե ոչ մի բանի իրավասու չենք հիմա: Խնդրել էի, եթե չեն կարող փաստաբան տրամադրել, գոնե գումարի կեսն ինձ տան: Դա էլ մերժեցին»,-դժգոհեց ծնողը՝ հավելելով, որ իրենց վերջին գումարներով են փաստաբան վարձել՝ բողոքարկելու համար:

ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը անպատասխան թողեց մեր հարցը, թե ինչու մահացած զինվորի ծնողին չեն ընդունել ՊՆ-ում ու մերժել են օգնել:

«Առաջվանը չի: Ես մի քանի անգամ եմ եղել ՊՆ-ում: Ինձ ընդունել են ոնց որ պետք ա: Անգամ արցունքն աչքերին Սեյրան Օհանյանը ինձ հետ հավասար լացել է, և ինչ խնդրել եմ, օրինակ խնդրել էի այդ բժիշկների հետ հանդիպում, իմ ոչ մի խնդրանք չի մերժվել, բայց հիմա ինձ ընդհանրապես չընդունեցին ու անգամ նորմալ չլսեցին, թե ինչի կարիք ունեմ կամ ինչի եմ իրենց դիմում»,-պատմեց մահացած զինվորի ծնողը:

Նա այսօր Աստված է կանչում, որ արդար վճիռ լինի. «Մինչև Եվրադատարան գնալու եմ»:

Մարինե Խառատյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest