Իրացման գոտու բնակիչներին ժամանակ են տվել, հակառակ դեպքում կվտարեն

0
991

Երևանի Հյուսիսային պողոտային հարակից, գերակա հանրային շահ ճանաչված Տերյան 23, 25 եւ Լալայանց 37 շենքերի բնակիչները կրկին կանգնել են փաստի առաջ։ ԴԱՀԿ-ից նրանք ծանուցագիր են ստացել, որ այսօր արդեն պետք է ազատեն բնակարանները, հակառակ դեպքում դա կկատարվի հարկադիր կերպով։ Այս մասին տեղեկացրեց շենքի բնակիչ, «Մեր քաղաքը» նախաձեռնության անդամ Վարդան Գերավետյանը։ Սակայն մինչ աշխատանքային օրվա ավարտը որեւէ մեկը չէր գնացել շենք։

Հիշեցնենք՝ 12 տարի առաջ՝ 2007 թ-ին, կառավարության որոշմամբ Տերյան 23, 25 եւ Լալայանց 37 հասցեներում գտնվող շենքերը ճանաչվել են իրացման գոտի եւ ձեռքբերող է ճանաչվել Սամվել Մայրապետյանին պատկանող «Լոկալ Դեվելոփըրզ» ընկերությունը:

Շենքի բնակիչ Վարդան Գերավետյանն այստեղ հիշեցնում է Բացառիկ հանրային գերակա շահի մասին օրենքը։ Ըստ դրա՝ եթե կողմերի միջեւ չի կնքվել պայմանագիր եւ ընդհանուր հայտարարի չեն եկել, ապա մեկ շաբաթ առաջ նորից վերագնահատում է անում եւ որոշված գումարը նստում է դեպոզիտ հաշվին, դրանից հետո նոր միայն կառուցապատողն իրավունք ունի դատարան դիմելու։

«Բայց օրենքը կոպտորեն խախտելով՝ Սամվել Մայրապետյանը մոտավորապես մեկ ամիս հետո դեպոզիտ հաշվին դրված գումարը հետ է վերցրել։ 2015 թ մայիս ամսից մինչ օրս գումարը չկար։ Այդ ընթացքում մոտ վեց ընտանիքների սեփականությունը օտարվել է եւ կադաստրով գրվել է, որ սեփականատերը հանդիսանում է կառուցապատող «Լոկալ Դիվելոփըրզ»-ը», — ասում է Վարդան Գերավետյանը։

Նրա մոտ հարց է առաջանում՝ ինչպես է Սամվել Մայրապետյանի կողմից գումարը փոխանցվել դեպոզիտ, երբ նրա ունեցվածքը արգելանքի տակ է։ «Մեր քաղաքը» նախաձեռնության անդամ Վարդան Գերավետյանը նաեւ հիշեցնում է՝ Երեւանի կենտրոնում իրենց բնակարանների մեկ   քմ-ը գնահատվել է շատ չնչին գումարներով՝ 800  ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։

«Բացի դրանից գերակա շահի առկայությունը մինչ օրս չկա, չկա նպատակը, ինչի համար մեզ ուզում են վտարել։ Չկա նախագիծ ինչ է կառուցելու տեղում։ Միակ նպատակը սեփականատեր փոխելն էր, որպեսզի դա հանձնվեր Սամվել Մայրապետյանին»։

Իրացման գոտու բնակիչները ոչ մի կերպ չեն պատրաստվում դուրս գալ իրենց տներից եւ պատրաստ են դիմել ցանկացած գործողության։

Սուսաննա Պողոսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here