Պաշտպանության նախարարությունը պատժում է հիվանդ զինծառայողին առանց հիմքերի պահելով ռազմական ոստիկանությունում

0
551
Յուրիկ Բրոյան

Եզդի զինծառայող, Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի բնակիչ Յուրիկ Բրոյանի չարչարանքները, որը բազմաթիվ առողջական խնդիրներ ունի և որին պաշտպանության նախարարությունը ներկայացնում է որպես «սիմուլյանտ», չեն ավարտվում: Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, կարծես, սկզբունքորեն ուզում է ապացուցել, որ Բրոյանը ձևացնում է, թե հիվանդ է, խուսափելով ծառայությունից: Նա օրենքին հակասող մեթոդներով, իր բարձր դիրքն ամեն կերպ օգտագործում է հիվանդ, հոգեխախտ երիտասարդի դեմ, ապացուցելու համար, որ ՊՆ-ն ճիշտ է, իսկ երիտասարդի պաշտպանությունը ստանձնած «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» կազմակերպությունը՝ սխալ:

Երիտասարդի ճակատագիրը արդեն կես տարի է, ինչ իրավապաշտպան կազմակերպության տեսադաշտում է: Կազմակերպությանը անցյալ տարվա դեկտեմբերին էր դիմել Յուրիկ Բրոյանի մայրը՝ Մարինե Բրոյանը, հայտնելով, որ որդին հոգեկան հիվանդություն ունի, դպրոց չի գնացել, դժվարությամբ է հաղորդակցվում, բայց «թեթև մտավոր թերզարգացում» ախտորոշմամբ զորակոչվել է բանակ, Մարտակերտ, իսկ «Բադ» մականունով կոմբատը ծառայության մեկնելուց մի քանի օր անց նրան դաժան ծեծի է ենթարկել, որից հետո տղայի մոտ ցնցումներ են սկսվել: Նրան ուղարկել են հոգեբուժական հաստատություններ, որտեղ նրա առողջությունն ավելի է վատթարացել:

Հունվարի 14-ին «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» կազմակերպության փաստաբան Հայարփի Սարգսյանը ներգրավվեց ծեծի գործով որպես Բրոյանի պաշտպան: Ահա ինչպես է նա նկարագրում ծեծի դրվագը «Բանակում մարդու իրավունքների խախտումների և դրանց կանխարգելման մեխանիզմները» թեմայով քննարկման ժամանակ:

«Յուրիկ Բրոյանին հեռվից տեսնելով հրամանատարը ասել է, որ գետնից հավաքի ծխած ծխախոտների մնացուկները, նա հրաժարվել է, ինչին հաջորդել են բռունցքով հարվածներ՝ դեմքին, ոտքով հարվածներ՝ մարմնին։ Նա պատմել է, որ այդ ծեծից հետո ուշագնաց է եղել, որից հետո երեք օր պահել են «կապտյորկայում», որպեսզի կապտուկները անցնեն, հետո տեղափոխվել են դիվիզիա, որտեղ էլ չդիմանալով պայմաններին կատարել է ինքնավնասում: Հարուցվել է քրեական գործ»:

Պաշտպանության նախարարությունը կես տարի առաջ և այսօր էլ նույնն է պնդում՝ Յուրիկ Բրոյանը դեռևս 2017թ.-ի ձմռանը, խուսափել է ծառայությունից, և այժմ էլ նպատակ ունի ազատվել զինվորական ծառայությունից: «Հատուկ պետք է շեշտել, որ նման անձիք տեղ չունեն ՀՀ զինված ուժերում, քանի որ նրանք արատավորում են զինվորականի արժանապատվությունը», — ասված է «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» կազմակերպության հրապարակումների վերաբերյալ ՊՆ պաշտոնական պարզաբանման մեջ:

«Առանց տղայիս վիճակը նայելու, իրենք ասում են, որ իմ երեխան սիմուլյանտ է, — ասում է Յուրիկի մայրը՝ Մարինե Բրոյանը, — Հինգ րոպե շարունակ մարդու գլուխը ցնցումների մեջ՝ կարո՞ղ է դիմանալ ։ իսկ նա առավոտից մինչև գիշեր այս վիճակում է։ Առաջ քթից էր արյուն գալիս, իսկ հիմա աչքերն են արյունով լցվել։ Ես իմ երեխային իմ աչքի առաջ կորցնում եմ»։

Մայրը առանց արցունքի չի կարողանում խոսել տղայի մասին։ Այսօր գնացել էր նրան լողացնելու։ Յուրիկ Բրոյանին առանց որևէ հիմքի պահում են ռազմական ոստիկանությունում, զորանոցային պայմաններում։ Նա ոչ մի բուժում չի ստանում։ Այսօր առավոտյան նոպա է ունեցել, տարել են երկրորդ հարկ, բուժքրոջ մոտ, որը մի կոճակ է տվել, որ խմի՝ պատմում է Մարինեն։ Երկու-երեք անգամ նա գնացել է պաշտպանության նախարարություն։ Անարդյունք։ Նրան չեն ընդունում։

Յուրիկ Բրոյանի առողջական խնդիրներով զբաղվում է նաև ՄԻՊ գրասենյակը։ Զինծառայողին անհապաղ քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու և այնտեղ բուժում իրականացնելու խնդրանքով պաշտպանության նախարարին են դիմել գրասենյակից, սակայն դիմումն անարձագանք է մնացել։

Հաշմանդամ երիտասարդի դեմ զինդատախազությունը ինքնավնասման գործ է քննում: Նրան մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածով` «անդամախեղելու, հիվանդության սիմուլյացիայի կամ ապօրինի այլ եղանակով զինվորական ծառայությունը կամ դրա առանձին պարտականությունների կատարումը դադարեցնելը»:

Հոդվածն այդ ենթակա էր կարճման, քանի որ դրա վրա տարածվում է համաներման մասին կառավարության որոշումը: «Կար իր կողմից ներկայացված դիմումը՝ որ համաներում կիրառվի: Իրենք պարտավոր էին կարճել այդ քրեական գործը, եթե անգամ իր մեղսունակությունն ապացուցվեր», — ասում է փաստաբան Հայարփի Սարգսյանը, — Սակայն ինքնավնասման քրեական գործը չի կարճվել: Ավելին՝ քննիչը մի կողմ է դրել դատահոգեբանական ստացիոնար փորձաքննության արդյունքը, որի համաձայն Յուրիկ Բրոյանը սիմուլյանտ չէ, և ինչ որ անհասկանալի, մութ տրամաբանությամբ առաջնորդվելով, նոր փորձաքննություն է պահանջել»:

Ինքնավնասման գործով Յուրիկ Բրոյանին այլ փաստաբան էր ներկայացնում՝ հանրային պաշտպան Ռուզաննա Սիրեկանյանը։ Ինչո՞ւ էր քննիչը կրկին փորձաքննություն նշանակել։ Ռուզաննա Սիրեկանյանը պատասխանեց․ «Մի հարցի պատասխան փորձագետը կիսատ էր տվել, ուստի ամբուլատոր փորձաքննություն է նշանակվել, որ մի օրում գնա հետազոտման ու գա»։

Փաստաբանն ասաց, որ իր տպավորությամբ, Յուրիկ Բրոյանը իրոք առողջական խնդիրներ ունի․ «Չեմ կարծում, որ նա սիմուլյանտ է։ Կարծում եմ, երկրորդ փորձաքննությամբ դա կրկին կհաստատվի», — ասում է նա։
Այժմ նա չի պաշտպանում Բրոյանին։ Այս քրեական գործով ևս
ներգրավված է փաստաբան Հայարփի Սարգսյանը:

Նա Forrights.am-ի ուշադրությունը ուղղում է այն հանգամանքի վրա, որ քննիչը փորձագետների եզրակացությանը դեմ չի եղել: «Քննիչի կողմից ոչ մի բողոք չի ներկայացվել: Բայց հիմա հանկարծ պարզվում է, որ մի փորձաքննությունը նրան բավարար չէ»: Ինչո՞ւ: Անհասկանալի փորձաքննությունը նշանակելու միակ հասկանալի բացատրությունը, թերևս փնտրենք պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի՝ բանակի օրվա կապակցությամբ հնչեցված մի արտահայտության մեջ: Յուրիկ Բրոյանի վերաբերյալ լրագրողների հարցերին պատասխանելով, նա ասել էր. «Մենք ունենք սկզբունքային մոտեցում նշված զինծառայողի նկատմամբ»:

Սյուզան Սիմոնյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here