Վերաքննիչ դատարանը ճանաչեց Սյունիքի ոստիկանության բաժնում ենթադրյալ խոշտանգման ենթարկված Հասմիկ Սարգսյանի իրավունքների եւ ազատությունների խախտման փաստը։ Դատավոր Ռուբիկ Մխիթարյանն այսօր մասնակի բավարարեց Հասմիկ Սարգսյանի ներկայացուցիչ Արա Ղարագյոզյանի բողոքը։ Փաստաբանը պահանջել էր բեկանել եւ գործն ուղարկել առաջին ատյանի դատարան, սակայն դատարանը որոշեց գործն ուղարկել Հատուկ քննչական ծառայություն՝ նոր քննության։
Հասմիկ Սարգսյանի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում 2018թ. ապրիլի 12-ին հարուցվել է քրեական գործ՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու հատկանիշներով, սակայն 4 ամիս անց Հատուկ քննչական ծառայության քննիչը որոշում էր կայացրել քրեական գործի հարուցումը կարճելու մասին։
Դրանից հետո առաջին ատյանի դատարան Արա Ղարագյոզյանը բողոք էր ներկայացրել՝ խոշտանգման փաստով ոչ պատշաճ քննության վերաբերյալ։ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը, սակայն մերժել էր Հասմիկ Սարգսյանի ներկայացուցչի կողմից ներկայացված բողոքը:
Ըստ Հասմիկ Սարգսյանի՝ ինքը ոստիկանության բաժնում խոշտանգման էր ենթարկվել, որպեսզի ցուցմունք տար, թե տաս հազար դրամի գողություն է կատարել, այլ ոչ թե չորս հազարի։
Եթե գողոնի չափը կազմեր 4000 դրամ, ապա Հասմիկ Սարգսյանը քրեական պատասխանատվության չէր ենթարկվի, քանի որ նրան վերագրվող հոդվածով անձը ենթակա է քրեական պատասխանատվության, եթե գողոնի արժեքը 5000 դրամ եւ ավելի է:
Հասմիկ Սարգսյանը պնդում էր, որ խոշտանգմանը ներկա է եղել նաեւ իր անչափահաս երեխան, որին սակայն չեն հարցաքննել։
Հիշեցնենք, որ գողության համար չորս երեխաների մայր Հասմիկ Սարգսյանին առաջին ատյանի դատարանը դատապարտել էր 6 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, իսկ վերաքննիչ դատարանը՝ հինգ տարվա։ Օրեր առաջ, սակայն Վճռաբեկ դատարանն այսօր որոշեց պայմանականորեն չկիրառել Սիսիան քաղաքի բնակիչ Հասմիկ Սարգսյանի նկատմամբ կիրառված պատիժը եւ նշանակեց փորձաշրջան՝ երկու տարի ժամկետով։
Սուսաննա Պողոսյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: