Վաղը Հայաստանի ոստիկանությունը կնշի ոստիկանի օրը: Կհնչեն ելույթներ Նոր Հայաստանի նոր, վերափոխված ոստիկանության մասին՝ «ոստիկանը մերն է» հեղափոխական կարգախոսների կոնտեքստում:

Սակայն, ինչպես պարզվեց, ոստիկանության շարքերում դեռ պահպանվում են ոչ միայն «քոչարյանասերժական ռեժիմի» մեթոդներով, այլև ստալինյան բռնարարքների մեթոդաբանությամբ գործող ոստիկաններ, որոնք ոչ մի դեպքում չեն կարող մերը լինել: Ու մինչև նրանք չբացահայտվեն ու պատասխան չտան օրենքի առաջ, ոստիկանը չի կարող մերը լինել:

Մինչդեռ ապրիլի 8-ին «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացած 36-ամյա Էդգար Ծատինյանի դեպքով, որը հարազատների պնդմամբ, մահացել է ոստիկանության բաժանմունքում դաժանորեն ծեծվելու, ահաբեկվելու, այնուհետև սպառնալիքի պատճառով վտանգավոր թմրանյութ կուլ տալու ու բժիշկների անտարբերության պատճառով, ՀՀ ոստիկանությունը հետաքննություն է սկսել սուտ մատնության հոդվածով: Ասել է թե՝ մահացածի հարազատների, ոչ թե նրան խոշտանգած ոստիկանների դեմ: Ոստիկանների դեմ բողոքի առթիվ միայն ծառայողական քննություն է նշանակվել:

Մահացած Էդգարը կին ունի, երկու երեխա, մեկն՝ առաջին կնոջից, մայր ու քույր: Ամուսնուն նոր հուղարկավորած Էդգարի կինը՝ Սաթենիկ Մելքոնյանն այսօր արդարություն է խնդրում, որ ոչ ոք այլևս սգավոր ու որբ չդառնա:

Մահացածի մայրը՝ Լարիսա Եփարյանը պատմեց, որ տղային ոստիկանությունում խոշտանգել են՝ փորձելով հարևանի դեմ ծեր կնոջ սպանության ցուցմունք կորզել:

«Կողքի շենքում ծեր կին էին սպանել, ապրիլի 7-ին ոստիկանները եկել էին, թաղի բոլոր տղերքին տարել էին: Կիրակի օր էր, քանի որ կիրակի օրով ոստիկանությունում մարդ չի լինում, տարել էին, որ լավ ծեծեին, ծեծելով սպանեին: Կենտրոնի ոստիկանները կանդալներով Էդգարին տարել ու Մասիվի ոստիկանությունում ծեծել էին: Դաստակները լրիվ արյունլվիկ էր, էնքան էին ծեծել, իսկ հիվանդանոցում դաստակներին գալստուկ էին փաթաթել, որ չերևան վերքերը»,- Forrights.am-ի հետ զրույցում պատմեց որդուն կորցրած մայրը:

Մոր խոսքով՝ տղան իրեն հիվանդանոցում պատմել է, որ ոստիկանությունում ասել է՝ ջուր եմ ուզում, տարել են զուգարան, հայհոյելով «գցել են քացու տակ»: «Էնքան են քացով խփել, տղաս ասել ա՝ ոտքիս մեջ շիշ կա, մի խփեք, ոտքս ցավում ա: Ոստիկաններն ասել են՝ ասա որ ոտքդ ա, որ էդ ոտքդ կտրենք: Ջուրը շփել են վրեն՝ էս էլ քեզ ջուր: Ոստիկաններն իմ տղային ասել են՝ հենց հիմա գրի, որ դու տեսել ես, որ հարևան Արմանն ու իր կինն են այդ կնոջը սպանել»,-պատմեց վշտահար մայրը՝ շարունակելով.

«Արմանն ու իր կինը երիտասարդ ամուսիններ են, փոքր երեխա ունեն: Էդգարն ասել է՝ ես ըտենց բան չեմ գրի, ես չեմ տեսել, ո՞նց ըտենց բան գրեմ: Ոստիկանն ասել ա՝ դե որ չես գրի, հեսա քրիստիկին կգցենք ջեբդ, կգնաս 7-15 տարի կդատվես: Էդգարը հարցրել ա՝ քրիստիկն ո՞վ ա, ասել են կրիստալը: Դե ինքն էլ, որ դատված ա եղել նախկին կնոջ հետ վեճերի պատճառով, վախեցել ա: Հանել ա ու վախից էդ թմրանյութը փաթեթով գցել ա իրա բերանը, երեք գրամ կրիստալ ա եղել»,- պատմեց մայրը:

Մոր խոսքով՝ ծեծված վիճակում ոստիկանները Էդգարի ձեռքից բռնելով ստիպել են ինչ որ թղթեր ստորագրել: «Էնքան վիճակը վատ է եղել, որ չի կարողացել հասկանալ՝ ինչ թղթեր էին»:

Դեպքից հետո ոստիկանները նրան տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց: Մոր խոսքով՝ այնտեղ հրաժարվել են ընդունել, բուժօգնություն չեն ցուցաբերել: «Մասիվի հիվանդանոցում գետնին ընկած է եղել ժամերով: Եթե հնարավորություն լինի, ես կուզեմ, որ այդ տեսագրությունները հանեն: Եթե արդարություն կա, և հիվանդանոցի, և ոստիկանության վիդեոները թող հանեն, դրանք տեղից փաստ են»,-ասաց մայրը:

Նրա խոսքով՝ իրենք վիդեոներ ունեն, որտեղ Էդգարը պատմում է կատարվածը. «Որ իրեն ծեծել են, իր ջեբը գցել են: Էդ փաստերը մենք օգտագործելու ենք: Ինքը թույլ ընկած է եղել, թույլ է եղել ոչ թե էդ նարկոտիկից, այլ իրեն ծեծելուց: Ասում էր՝ պոչկեքիս էնքան են խփել, չեմ կարողանում շարժվեմ: Բագրատ անունով թաղային ունենք, Բագրատն է կռիվ արել, ասել է՝ ջահել տղա է, մեռնում է, չեք ուզո՞ւմ օգնեք: Բժիշկներն ասել են՝ տարեք-տարեք, կմեռնի կմնա մեր վրա: Ես ուզում եմ, որ էդ ոստիկանության ու հիվանդանոցի կամերաների տեսանյութները անպայման հանվեն, որ իրանք չջնջեն»,- ասաց Լարիսա Եփարյանը:

Մայրը պատմեց, որ այնտեղից որդուն տեղափոխել են «Արմենիա» ԲԿ, որտեղ էլ ինքը գնացել, տեսել է որդուն: Այդտեղ էլ ոստիկանությունից տարված Էդգարը անուշադրության է մատնվել, ըստ ծնողի:

«Բժիշկներն ու քույրերն իրանց համար սենյակում սերիալ էին նայում, ոչ մի բան չէին անում: Դատարկ ասեղը մտցրած թևը իմ տղան պառկած էր: Անգամ մեր խնդրելուց հետո ստամոքսի լվացում չարեցին: Իմ երեխեն լավ էր, էնքան լավ էր, որ ահագին բաներ մեզ պատմեց: Գիշերը մինչև ժամը մեկը իմ երեխեն պայքարել ա: Ստից սիստեմա էին միացրել: Ու մի բժիշկ կար, երբ երեխես արդեն մեռած հատակին ընկած էր, եկել ասում ա՝ ստամոքսի լվացում ենք անում, 43 աստիճան տաքություն ունի, սառույց ենք դրել: Բայց իմ երեխուն մեռած տարան»,-պատմեց վշտահար մայրը՝ շարունակելով. «Բա ստամոքսի լվացումը շուտ անեիք, 6-7 ժամ իմ երեխեն էդտեղ էր, ի՞նչ էին անում: Մենք ուղղակի ուզում ենք, որ էս կեղծիքը բացահայտվի, իմ երեխեն միլիոն տոկոսով առողջ է եղել»:

Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն՝ ըստ նախնական բժշկական եզրակացության՝ Էդգար Ծատինյանի մահվան պատճառ է հանդիսացել սուր սիրտ-անոթային և շնչառական անբավարարությունը, սուր թունավորում ամֆետամինով, տոքսիկ կոմա:

Լարիսա Եփարյանը նաև պատմեց, որ տղան հիվանդանոցում իրեն խնդրել է լրագրող կամ իրավաբան կանչել, ասել է, որ ասելու բան ունի: «Իմ երեխեն բան էր ուզում ասեր, չհասցրեց: Գիշերվա ժամին ես ոչ մեկի համարը չգիետի, ո՞նց կանչեի էդ ժամին, չգիտեի՝ տղաս մահանալու է»,-սրտեղեց տիկին Լարիսան:

Մեր դիտարկմանը, թե հնարավոր է ոստիկանությունը սուտ մատնության հոդվածով քրգործ հարուցի իրենց դեմ, տիկին Լարիսան ասաց. «Եթե իմ ասածի մեջ մի տառ սուտ կա, տարեք դատեք, պատրաստ եմ: Կորցնելու բան չունեմ էլ, ինչից վախենամ: Ո՞նց կարան ինձ մեղադրեն, արտաշիրիմում թող անեն, ինչի մասին ա խոսքը: Ծեծված, ջարդված էր, դաստակները լրիվ արյուն էր իմ երեխու: Կանդալներով էնքան էին ծեծել, հետո գալկստուկով փաթաթել էին, որ չերևա»:

Մոր խոսքով՝ ոստիկանները Էդգարի վախեցրել են, թե եթե փորձես միլպետին ասես՝ քեզ ծեծել ենք, քեզ կսպանենք, գետնի տակից էլ կգտնենք: Ըստ Էդգարի մոր, ոստիկանները նաև գողացել են Էդգարի գրպանի գումարի մի մասը: Հաղորդում ներկաայցնելուց հետո, տիկին Լարիսայի խոսքով, «մի քանի խուժաններ» փորձել են իրենց վախեցնել, մահացած որդու բնակարանի փականն են վնասել:

Էդգար Ծատինյանի հարազատները երեկ հաղորդում են ներկայացրել ոստիկանություն՝ ոստիկանությունում Էդգարին խոշտանգելու ու ահաբեկելու, ինչպես նաև հիվանդանոցում անուշադրության մատնելու և բուժօգնություն չտրամադրելու համար: Էդգար Ծատինյանի մայրն ասաց, որ ամեն ինչ անելու են, որպեսզի մեղավորներն օրենքի ամբողջ խստությամբ պատիժ կրեն:

«Առողջապահությւան նախարարը, Օսիպյանը, Նիկոլը եթե հարց չլուծեն, Եվրոպա եմ դիմելու: Իմ երեխան անմեղ զոհ ա, ինչի՞ համար: էսօր իրա երեխեն որբ ա, իսկ իրա կինը ոչ հեր ունի, ոչ մեր ունի: Ես էդ որբերին ո՞նց պահեմ: Մինչև վերջ գնալու եմ, կուզեն՝ ինձ սպանեն, վախենալու բան չունեմ: Իմ տղեն չկա, որ վախենամ»,-եզրափակեց վշտահար մայրը:

Դեպքի մասին տեղեկության տարածումից հետո Ազգային ժողովի պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն:

«Ներկայացված հանգամանքների վերլուծությունը թույլ է տալիս եզրակացնել խոշտանգման որակյալ հանցակազմի (ՀՀ քր․ օր․ 309.1-ին հոդվածի 2-րդ մաս) առկայության մասին»,-գրել է Մարուքյանը:

Էդգար Ծատինյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը վարույթ է սկսել՝ քաղաքացու մահվան հարցում ոստիկանների ու բժիշկների առնչության վերաբերյալ հրապարակումների կապակցությամբ:

«Քննարկում սկսելու առիթ են դարձել մի շարք լրատվամիջոցներում և սոցիալական մեդիայում առկա հրապարակային պնդումներն այն մասին, որ Էդգար Ծատինյանի մահվան պատճառ են դարձել բերման ենթարկած Ոստիկանության ծառայողների, ինչպես նաև բժիշկների արարքները»,-նշված է պաշտպանի գրասենյակի հաղորդագրությունում:

Թերևս արդեն ակնհայտ է մի բան. անգամ Նոր Հայաստանում խոշտանգման նման դեպքը չի բացահայտվի, եթե չլինի հանրային լուրջ ու հետևողական ճնշում:
Մանրամասները դիտեք տեսանյութում:

Մարինե Խառատյան

Pin It on Pinterest