«Ռոբերտ Քոչարյանը երկար և մանրամասն ելույթ է ունեցել և նկարագրել 2008թ. նախագահական ընտրություններից հետո երկրում ստեղծված իրավիճակի մասին, որոնք պատճառ են հանդիսացել երկրում արտակարգ դրություն հայտարարելու համար»,- այս մասին այսօր հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահի պաշտպան Հայկ Ալումյանը:

Փաստաբանն ասաց, որ կարող է ելույթից մանրամասներ ներկայացնել, սակայն դա կլինի կրկնություն, քանի որ այդ մասին պաշտպանական կողմը տարբեր առիթներով ասել է.

«Ելույթների բովանդակությունը տարբեր առիթներով հատված առ հատված ներկայացրել ենք։ Դատարանում չհնչեց մի բան, որի մասին նախկինում չենք խոսել, պարզապես այս դատավորը երբեք չէր լսել այդ փաստարկները»,– ասաց Ալումյանը։

Պաշտպանը հայտնեց, որ վարույթն իրականացնող մարմինը չի թույլատրել Ռոբերտ Քոչարյանին տեսակցել ավագ որդու՝ Սեդրակ Քոչարյանի հետ, թե ինչ պատճառով՝ տեղյակ չեն:

Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է Վերաքննիչ քրեական դատարանը քննում էր Ռոբերտ Քոչարյանի կալանավորման վերաբերյալ վերաքննիչ բողոքը: Խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի ապրիլի 11–ին՝ ժամը 12։30–ին:

Հավելենք, որ մարտի 15-ին Առաջին ատյանի դատարանը բավարարել էր Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման ժամանակը ևս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ:

Միաժամանակ դատարանը մերժել էր պաշտպանական խմբի կողմից գրավը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ միջնորդությունը: Հենց այս որոշումն է Քոչարյանի պաշտպանական խումբը բողոքարկում Վերաքննիչ դատարան:

Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest