Վճռաբեկ դատարանն այսօր որոշեց պայմանականորեն չկիրառել Սիսիան քաղաքի բնակիչ Հասմիկ Սարգսյանի նկատմամբ կիրառված պատիժը եւ նշանակեց փորձաշրջան՝ երկու տարի ժամկետով։
Հիշեցնենք, որ միայնակ մայր Հասմիկ Սարգսյանը դատապարտվել էր 6 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման ՝ իր ծանոթի տանից տաս հազար դրամի գողություն կատարելու համար։ Վերջինս պնդում է սակայն, որ գումարը ոչ թե տաս, այլ չորս հազար դրամ է եղել։
Սարգսյանը մեղավոր է ճանաչվել և դատապարտվել 10 000 դրամի գողության համար: Վերջինս այժմ պնդում է, որ ոչ թե 10, այլ 4000 դրամ է գողացել: Ըստ Հասմիկ Սարգսյանի՝ 10 000 դրամի գողության վերաբերյալ ցուցմունք է տվել Ոստիկանության Սիսիանի բաժնում իր նկատմամբ հնչեցված սպառնալիքների ներքո:
Եթե Հասմիկ Սարգսյանին վերագրվող գողոնի չափը 4000 դրամ լիներ, ապա վերջինիս նկատմամբ քրեական հետապնդում չէր կարող իրականացվել, քանի որ նրան վերագրվող հոդվածով անձը ենթակա է քրեական պատասխանատվության, եթե գողոնի արժեքը 5000 դրամ և ավելի է: Միայնակ մայր Հասմիկ Սարգսյանը ցուցմունք է տվել այն մասին, որ 4000 դրամ գողությունը կատարել է, քանի որ այդ օրը տանն ուտելու ոչինչ չի եղել:
Հասմիկ Սարգսյանի նկատմամբ նման խիստ պատիժ էր նշանակվել, քանի որ պատիժը պայմանականորեն չկիրառելու ժամանակ կատարել էր նոր հանցագործություններ։
Պաշտպան Լուսինե Ասլանյանը պահանջել էր արդարացնել 6 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտված Հասմիկ Սարգսյանին։ Սակայն դատարանը մասնակիորեն բավարարեց բողոքը։ Վերաքննիչ դատարանն էլ Հասմիկ Սարգսյանին դատապարտել էր հինգ տարվա ազատազրկման
«Ես իմ վճռաբեկ բողոքում նշել էի, որ Վերաքննիչ դատարանը սխալ հաշվարկ է արել եւ փոխարենը վերջնական պատիժ նշանակեր երեք տարի վեց ամիս, նշանակել էր հինգ տարի։ Դատարանը դա բեկանեց, նշանակեց պատիժ երեք տարի վեց ամիս ժամանակով եւ կիրառեց այդքան սպասելի Քրեական օրենսգրքի 70 հոդվածը»,- ասաց պաշտպանը։
Պաշտպանը Վճռաբեկ դատարանի հետ հույսեր էր կապել, քանի որ, իր խոսքերով, գործը հասարակական հնչեղություն էր ստացել։
Այսօր դատարանում մինչ որոշման հրապարակումը Վճռաբեկ դատարանի դատավոր Սերժիկ Ավետիսյանը Հասմիկ Սարգսյանից հետաքրքրվեց․ «Ազատության
մեջ մնալու պարագայում ի՞նչ երաշխիքներ կան, որ նմանատիպ արարքներ այլեւս չեք կատարի, որովհետեւ կարող ենք արձանագրել, որ առաջին դեպքը չէ»։
Հասմիկ Սարգսյանը վստահեցրեց, որ այդպիսի բան այլեւս չի կրկնվի, քանի որ տղան զինծառայությունից վերադարձել է եւ արդեն աշխատում է։
Մեղադրող Գ․ Ամիրյանը նշեց, որ արդարացման հիմքերը բացակայում են։ Իսկ ինչ վերաբերում է պատժին, ապա եթե դատարանը գտնում է, որ նման պայմաններում հնարավոր է պատիժը պայմանականորեն չկիրառել, այդ կապակցությամբ մեղադրող կողմը որեւէ առարկություն չունի։
Միայնակ մայր Հասմիկ Սարգսյանը դատարանից հեռացավ բարձր տրամադրությամբ։ Նրան տանը սպասում են չորս երեխաները, որոնցից երկուսը՝ անչափահաս։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: