Պաշտպանության նախարարությունը հրաժարվում է բուժում տրամադրել զինծառայողին. փաստաբան

0
893

02.04.2019թ. միջնորդություն էի ներկայացրել ՀՀ պաշտպանության նախարարին, որպեսզի իմ վստահորդ զինծառայող Յուրիկ Բրոյանին ռազմական ոստիկանությունից տեղափոխեին Մուրացանի հոսպիտալ, հետազոտեին և բուժում կազմակերպեին, քանի որ

  1. զինծառայող Յուրիկ Բրոյանի նկատմամբ որևէ քրեական գործով խափանման միջոց կիրառված չէ, ավելին՝ նա տուժողի կարգավիճակ ունի, հետևաբար, ՀՀ ՌՈ-ում գտնվում է անհիմն,
  2. Բրոյանն ակնհայտ առողջական խնդիր ունի, մասնավորապես, պարբերաբար նրա գլուխը ցնցվում է, և արդեն սկսել է քթից հաճախակի արյունահոսել, դժվարանում է քայլել, բժշկական հետազոտությունների բուժման և խնամքի կարիք ունի,
  3. նա զինծառայող է, ուստի, նշված հարցին լուծում տալու պարտականություն ունի ՀՀ պաշտպանության նախարարությունը:
    Նշված միջնորդությանս հիման վրա այսօր Յուրիկ Բրոյանին տեղափոխել են Մուրացանի հոսպիտալ, ճնշում չափել, քիթը զննել և, ինչպես միշտ, նշել, որ նա «իրենց հիվանդը չէ», և որ կարող են կրկին տեղափոխել ՀՀ ՌՈ: Խնդրին վերջնական լուծում տալու նպատակով ահազանգել եմ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման վարչություն, այնուհետև ՀՀ պաշտպանության նախարարություն, պահանջել եմ, որպեսզի կա՛մ զինծառայող Յուրիկ Բրոյանին զորացրեն՝ հնարավորություն ընձեռելով բուժվել քաղաքացիական հիվանդանոցում, կա՛մ իրենք կազմակերպեն զինծառայողի բուժումը և խելագարության չհասցնեն նրա մայրիկին: Նշված կառույցները պատրաստակամություն են հայտնել և որոշ քննարկումներ իրականացրել Մուրացանի հոսպիտալի և ռազմական ոստիկանության հետ: Արդյունքում Մուրացանի հոսպիտալից Բրոյանը ուղեգրվել է Կանազի հոսպիտալ, որտեղ իրեն ոչ միայն չեն ընդունել, այլև հորդորել են ռազմական ոստիկանության աշխատակիցներին տանել նրան, հրաժարվել են որևէ բուժում իրականացնել: Այս պահին զինծառայող Յուրիկ Բրոյանին կրկին տեղափոխում են ռազմական ոստիկանություն այդպիսի առողջական խայտառակ վատ վիճակում:
    Ամեն անգամ ներկայացնում եմ հանցագործության մասին հաղորդում, որի հիման վրա հարուցվում են քրեական գործեր, սակայն Յուրիկ Բրոյանի առողջական վիճակը դրանից որևէ կերպ չի փոփոխվում:
    Հայտարարում եմ, որ իմ վստահորդ զինծառայող Յուրիկ Վանիկի Բրոյանի կյանքին և առողջությանը վտանգ է սպառնում, և ես հիմա արդեն պահանջում եմ, որպեսզի նրան տեղափոխեն քաղաքացիական հիվանդանոց և մարդկային պայմաններում կազմակերպեն նրան անհրաժեշտ բուժումը, հակառակ դեպքում ստիպված եմ լինելու իմ վստահորդի կյանքի և առողջության անվտանգությամբ պայմանավորված գանգատ ուղարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, քանի որ սա արդեն խոշտանգում է:
    Հրավիրում եմ ՀՀ վարչապետի, ՀՀ գլխավոր դատախազության, ՀՀ հատուկ քննչական ծառայության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրությունը:

Զինծառայող Յուրիկ Բրոյանի ներկայացուցիչ, փաստաբան Հայարփի Սարգսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here