«Քննչական կոմիտեն թաքցնում է հանցագործներին»,-այսօր այս մասին ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի հետ հանդիպման ժամանակ ասել է Քառօրյա պատերազմի հերոս կապիտան Անդրանիկ Մկրտչյանի հայրը՝ Արմեն Մկրտչյանը, անդրադառնալով որդու մահվան գործին։
Հիշեցնենք, որ Ապրիլյան պատերազմի հերոս, ապարանցի սպա, կապիտան Անդրանիկ Մկրտչյանի մահվան դեպքը տեղի է ունեցել 2017 թվականի օգոստոսի 20-ին, Մեղրիի Ագարակի զորամասում: Նրա մահը որակել են ինքնասպանություն և քրեական գործը հարուցվել է՝ «Ինքնասպանության հասցնելու» հոդվածով:
Այսօր ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյան ընդունել է խաղաղ պայմաններում զոհված զինառայողների մի խումբ հարազատների:
Արմեն Մկրտչյանը Forrights․am-ի հետ զրուցում ներկայացրեց հանդիպման մանրամասներ, նշելով, որ Նաիրա Զոհրաբյանին պատմել է որդու մահվան գործով ընթացող քննության մասին և հայտնել իր դժգոհությունը:
«Մենք ուզում ենք, որ մեր հարցը Ազգային ժողովում բարձրացնեն, ասեն, որ զոհված զինծառայողների ծնողները եկել են և պահանջում են արդար դատաքննություն։ Ես կարող եմ հստակ ասել, որ հանցագործությունը թաքցնում է Քննչական կոմիտեն և Զինդատախազությունը»,-հանդիպումից հետո որոշ մանրամասներ հայտնեց Արմեն Մկրտչյանը:
Նաիրա Զոհրաբյանը լսել է ընդունելության գնացած խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների հարազատներին և ասել է, որ հետևողանակ կլինի ծնողների բարձրացրած խնդիրներին.
«Եթե նոր Հայաստանում այս և նմանօրինակ դեպքերով չվերականգնվի արդարությունը, ապա իրավունք չենք ունենա ասելու, որ դատաիրավական համակարգում ինչ-որ բան փոխվել է: Դուք կորցրել եք ամենաթանկը մենք ձեր որդիներին վերադարձնել չենք կարող, բայց մենք՝ որպես օրենսդիր մարմին, պարտավոր ենք անել առավելագույնը, որ դուք ունենաք արդարության զգացում»,-զոհված զինծառայողների խնողների հետ հանդիպման ժամանակ ասել է Նաիրա Զոհրաբյանը:
«Սպասենք, որ Նաիրա Զոհրաբյանը ԱԺ-ում կբարձրացնի մեր խնդիրները և կտեսնենք՝ ի՞նչ կպատասխանեն ու ի՞նչ սպասենք»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ անցած տարվա նոյեմբերի 22-ին, բանակում զոհված և այդ դեպքերն «ինքնասպանություն» որակված շուրջ 10 զինծառայողների ծնողներ հանդիպել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ով էլ խոստացել էր խնդրին լուծում տալ, սակայն ինչպես Արմեն Մկրտչյանն է փաստում դեռ նույն իրավիճակում են գտնվում և ոչ մի փոփոխություն գործի քննության շրջանակներում չկա։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: