«Սասնա ծռեր» կուսակցությունը դիմել է ԱԺ-ին՝ Ապրիլյան պատերազմի առթիվ խորհրդարանական լսումներ անցկացնելու և անցումային արդարադատության միջոցով Քառօրյայի մեղավորներին պատժելու համար՝ հատարարելով, որ «դա պայմանավորված պատերազմ էր»:
«Սասնա Ծռեր» կուսակցության քարտուղարության համակարգող Վարուժան Ավետիսյանը Factor.am-ի հետ զրույցում ասել է, որ Սերժ Սարգսյանը պլանավորել էր ապրիլյան պատերազմի միջոցով հանձնել Արցախին հարակից շրջանները, և միայն «մեր սպաների ու զինվորների անձնուրաց դիմադրության պատճառով ձախողվեց և վիժեցվեց, այսպես կոչված, Լավրովյան պլանը»:
Ինչպես հայտնի է՝ Քառօրյա պատերազմում հայկական կողմը կորցրեց մոտ 100 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, թեև Ադրբեջանի կորուստներն ավելի շատ էին: Ինչպես նաև 800 հեկտար հող՝ ներառյալ Լելե-Թեփեի բարձունքը:
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը այսօր Եռաբլուրում լրագրողների հարցերին ի պատասխան ասել է, որ պետք է կատարել խորքային վերլուծություն՝ հասկանալու համար, թե ինչպես հակառակորդը ապրիլյան պատերազմը սկսելու հնարավորություն ունեցավ։
«Վարչապետը կարդացել է բազմաթիվ փաստաթղթեր ապրիլյան պատերազմի մասին, հատկապես հետախուզության կողմից տրամադրված: Այստեղ, իհարկե, անելիք կա, որպեսզի ամբողջությամբ հասկանանք՝ ապրիլին տեղի ունեցածին մենք որքանով էինք պատրաստ, եթե պատրաստ չէինք եւ կան մեղավորներ, նրանք պետք է պատասխանատվության ենթարկվեն»,-ասել է Անդրանիկ Քոչարյանը։
Forrights.am-ն այսօր մի քանի հարց ուղղեց Ապրիլյան պատերազմի ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին:
Պարոն Օհանյան, «Սասնա ծռերը» հայտարարել են, որ Ապրիլյան պատերազմը պլանավորված ու պայմանավորված պատերազմ էր, և որ երկրի բարձրագույն ղեկավարությունն է միայն իմացել դրա մասին: Դուք որևէ բան իմացե՞լ եք, որպես պաշտպանության նախարար:
Ես գտնում եմ, որ դրանք անհեթեթ տեղեկություններ են, անհեթեթ մեկնաբանություններ են: Այդպիսի բան չէր կարող լինել: Ես իմ ղեկավարությունից այդպիսի բաներ չեմ լսել, որևիցե մի այդպիսի ցուցում չեմ ստացել: Ինքս էլ որևէ տեղեկություն չեմ ունեցել, դեռ ավելին, և մենք, և պաշտպանության բանակը, և Հայաստանի և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը այդ օրերին ընկղմված ենք եղել ուղղակի այդ մարտական գործողություններում հաջողություն ունենալու համար և մեր հրամանատարների ու զինվորների անձնուրացության, հերոսությունների շնորհիվ մենք մեր նպատակը կատարել ենք՝ Արցախը իր պաշտպանության բանակով իր առաջ դրված խնդիրը կատարել է:
Մասնավորապես, «Սասնա ծռերը» նաև նշել են թերացումները, թե ինչ չի արվել, որ պիտի արվեր այդ ժամանակ՝ այդտեղ դիտավորություն տեսնելով: Օրինակ՝ ՀՀ տարածքում չի հայտարարվել զորահավաք, հրետանաին աշխատել է զգալի ուշացումով, հակահարձակման վերաբերյալ միջին ու ստորին օղակի հրամանատարության բոլոր հրամանները կասեցվել և արգելվել են և այլն: Դիրքապահ անձնակազմին հրամայել են նահանջել և թողնել դիրքերը և այլն: Այս առթիվ ի՞նչ կասեք:
Դրանք անձնական, ոչ մասնագիտական մեկնաբանություններ են, որոնց ես ծանոթ չեմ: Զորահավաք Հայաստանում չէր կարող հայտարարվել, որովհետև մարտական գործողությունները Արցախում էին, իսկ Արցախում հայտարարվել էր զորահավաք: Հայաստանն ու սփյուռքը կամավորական շարժմամբ, համարյա զորահավաքի մակարդակի, աջակցություն են ցուցաբերել Արցախին: Ինչ վերաբերում է մեկնաբանված այլ դրվագներին, ապա դա ավելի ճիշտ է այսօրվա զինվորական ղեկավարությունից ճշտել, նաև՝ Արցախի ղեկավարությունը կարող է հստակ պատասխանել:
Օրինակ, Վարուժան Ավետիսյանը հայտարարել է, որ Սերժ Սարգսյանը պատրաստվում էր Ապրիլյան պատերազմի միջոցով Արցախին հարակից շրջանները զիջել…
Ես նման տեղեկություններ չունեմ: Կարող եմ ձեզ ասել միայն իմ ղեկավարման տարիներին պաշտպանության նախարարության ղեկավարությունը երբևիցե պարտվողական քաղաքականությանը բնորոշ ինչ-որ հանգամանքներով չի ղեկավարվել: Ընդհակառակը, միշտ տրամադրված ենք եղել մարտական՝ մեր դիրքերում ամուր կանգնել, ոչ մի հող չզիջել, դեռ ավելին, խաղաղության պարտադրման պատժի միջոցառումներ իրականացնել և այդ տարիներին ակնհայտ դա երևացել է:
Սակայն փաստ է նաև, որ Ապրիլյան պատերազմում մենք 800 հեկտար հողի կորուստ ունեցանք և 100-ից ավելի զոհ:
Պատերազմի ժամանակ նույնիսկ մեկ զոհը ցավ է, բայց ոչ մի փորձագետ, նույնիսկ ռազմական փորձագետ, մարտական գործողությունների ինտենսիվության, արագ շարժի, կրակի ինտենսիվության պայմաններում ոչ ոք չէր կարող կանխորոշել, թե որքան զոհ կարող էր լինել: Այսօր ապրիլի 2-ն է, ես իմ խոնարհումն եմ արտահայտում բոլոր-բոլոր մեր հերոսներին, նրանց հիշատակին և նրանց բոլոր հարազատների առջև խոնարհվում եմ:
Իսկ ի՞նչ վերաբերվում է մարտական գործողությունների ժամանակ դիրքային շարժերին, երբևիցե ոչ ոք մարտական գործողությունների ժամանակ չի կարող ասել՝ ինչ դիրքային շարժ կարող է լինել փոքր մարտավարական ուղղության մեջ: Արցախյան ամբողջ պատերազմը լի է եղել այդպիսի շարժերով, և ի վերջո մենք հաղթանակ ենք տարել: Քանի որ այդ տարածքները գտնվել են Արցախի պաշտպանության բանակի վերահսկողության ներքո, Արցախյան բանակը միշտ պատրաստ է տվյալ տարածքները, տվյալ դիրքերը վերականգնել, դեռ ավելին:
Ապրիլյան պատերազմից հետո պաշտոնից հեռացված ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզական վարչության պետ Արշակ Կարապետյանին խորհրդական նշանակելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Ապրիլյան պատերազմի հետ կապված հետախուզական տվյալների պակաս չի եղել: Դա ճի՞շտ է:
Պաշտպանության բանակի հրամանատարությունը այդ ժամանակահատվածում տիրապետել է իրավիճակին և մարտական գործողությունների հանկարծականությանը բնորոշ միջոցառումներ է ձեռնարկել: Եվ այդ միջոցառումներն են, որ հնարավորություն են տվել, որպեսզի մենք խափանենք Ադրբեջանի զինված ուժերի պլանները և կատարենք մեր առջև դրված խնդիրները:
Այսինքն՝ եղե՞լ է տեղեկատվություն, հետախուզությունը տվե՞լ է տեղեկատվություն, որ Ադրբեջանը պատրաստվում է հարձակման՝ կոնկրետ օրերով:
Կոնկրետ օրերով և այլն, շտաբի մասին այսօր ես չեմ կարող ասել, բայց նախապատրաստության տեղեկատվությունը առաջին հերթին հենց Արցախի բանակի հետախուզությունից էր մեզ հասել:
Այդ դեպքում ինչպե՞ս կբացատրեք, որ մենք, մեր զինվորները անպատրաստ են գտնվել դիքրերում, նույնիսկ չեն իմացել նախապատրաստվող հարձակման մասին, փամփուշտների, զենքի, բենզինի խնդիր են ունեցել:
Ես ձեզ նորից ուզում եմ տեղեկացնեմ, որ Արցախի պաշտպանության բանակը իր առջև դրված խնդիրը կատարել է: Մենք որևիցե մի բանի պակասություն չենք ունեցել: Նաև հրամանատարական կազմի, զինվորների տեղեկատվության շնորհիվ է, որ մարտավարական տարբեր հնարքների կիրառմամբ Արցախի պաշտպանության բանակը իր առջև դրված խնդիրն իրականացրել է:
Նաև առաջարկվել է ԱԺ ում լսումներ իրականացել և անցումային արդարադատության միջոցով պատժել մեղավորներին: Ձեր կարծիքով, ովքե՞ր են Ապրիլյան պատերազմի մեղավորներ, և ի՞նչ կարող են պարզել լսումները և անցումային արդարադատությունը:
Ովքե՞ր են լսողները:
Առաջարկել են ԱԺ-ին:
(Ծիծաղում է): Ցանկացած ժամանակ, եթե ինձ հրավիրեն, ես պատրաստ եմ տեղեկատվությունը տալու:
Մարինե Խառատյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: