Մարտի 25-ին Ալավերդի քաղաքի բնակիչ, սպանության փորձի և ապօրինի զենք պահելու համար 13 տարվա ազատազրկման դատապարտված 37-ամյա Վարդան Անտոնյանը ազատ արձակվեց վերաքննիչ դատարանի դահլիճից: Նիստը վարող դատավոր Վազգեն Ռշտունին որոշեց, որ 2015 թվականի հոկտեմբերի 11-ին երեկոյան Ախթալայի կամրջի վրա կրակահերթեր արձակելով «Համերն» և «Նիսան» ավտոմեքենաների ուղղությամբ նա նպատակ է ունեցել ոչ թե սպանել ավտոմքենաների ուղևորներին, այլ պարզապես վախեցնել նրանց: Դատարանի դահլիճում Վարդան Անտոնյանը հայտարարեց, որ կրակել է, վստահ լինելով, որ մեքենաները զրահապատ են: Փաստորեն, պնդումն այս դատարանին համոզիչ է թվացել:
Արյան վրեժը կշարունակվ՞ի
Թիրախ-ավտոմեքենաներում եղել են Ալավերդի քաղաքում հայտնի հեղինակություն Վահագն Աբգարյանի թիկնապահ՝ Էդուարդ Պոգոսյանը և Աբգարյանի ընկեր՝ Արթուր Մնացականյանը: Անտոնյանի պաշտպաններն իրենց վերաքննիչ բողոքը հիմնավորել են նրանով, որ կրակոցների ուղղությամբ չի եղել բնակելի տարածք, չեն եղել մարդիկ, հետևապես բացառվում է կյանքի համար վտանգավորությունը:
Ավտոմեքենաներից մեկի վրա, ըստ բողոքաբերների, վնասվածքներ չեն եղել, իսկ մյուսի վնասվածքները տեղակայված են եղել միայն շարժիչի հատվածում: Ի՞նչ կլիներ, եթե մեքենաները զրահապատ չլինեին և գնդակները դրա խոցելի մասերին դիպչեին, կամ, եթե այդ տեղանքով մարդ անցներ: Այս հարցերի պատասխանները չեն տրվել: Ոչ ոք չի կարող բացառել, որ դատարանի այս որոշումից հետո արյան վրեժը, որը երկար տարիներ ալեկոծում է քաղաքը, չի շարունակվի:
2015 թվականին Ախթալայի կամրջի մոտ արձակված կրակոցներն արյան վրեժի շղթայի մի օղակն էին: Խմբավորումներից մեկը գլխավորում է «Լալվար» քարի արտադրամասի տեր, «Սթրոնգ Սթոուն գրուպ» ՍՊԸ տնօրեն Տարոն Աբգարյանը: Ըստ գործի նյութերի, Վարդան Անտոնյանին հենց այդ արտադրամասից են մեքենայով հասցրել Ախթալայի կամուրջ:
Մյուս խմբավորումը ղեկավարում է գործարար, «Սանահին բրիջ» հյուրանոցի սեփականատեր Վահագն Աբգարյանը՝ Ալավերդու Վահագը: Երկու հեղինակությունների միջև պատերազմի պաշտոնական սկիզբը Ալավերդու բնակիչները կապում են 2015 թվականի քաղաքապետի ընտրությունների հետ, որոնց ժամանակ նրանք «աշխատում» էին տարբեր թեկնածուների օգտին:
«Քաղաքական» սկիզբ
Տարոն Աբգարյանի եղբայրը՝ Արթուր Աբգարյանը պարտվել է Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված անկուսակցական Կարեն Փարեմուզյանին, որը Սանահինի գծային ուղեմասի պետն էր և որին աջակցում էր Վահագ Աբգարյանը: Ընտրություններն անցան լարված իրավիճակում: Դրանցից անմիջապես հետո, ըստ մամուլի բազմաթիվ հրապարակումների, Վահագն Աբգարյանի թիկնապահները հարձակվեցին Սանահին թաղամասի բնակիչ Վարդան Անտոնյանի վրա: Ալավերդու Վահագնի մտերիմները վստահեցնում են, որ ծեծողները հակառակ թևից են եղել:
Այսօր իրականությունը պարզելը բարդ է, մանավանդ, որ ոստիկանությունն այս դեպքով չի հետաքրքրվել, Լուռու մարզի քննչական կոմիտեն էլ ծեծի փաստով ոչ բողոք է ստացել, ոչ գործ է հարուցել: Իրավապահների կրավորական պահվածքը բերեց Ախթալայի կամրջի կրակոցներին:
Վարդան Անտոնյանը, որը փոքր ֆիգուր էր մեծերի պայքարում և դեպքից հետո 4 ամիս փախուստի մեջ էր, հետագայում դատարանին հայտնեց, որ Աբգարյանի թիկնապահներ Էդուարդ Պողոսյանն ու Վարդան Ավագյանն իրեն դարանակալել ու ծեծել են, ահաբեկել են, և ինքը որոշել էր վախեցնել նրանց: Սակայն նրան մեղադրեցին ապօրինի կերպով ձեռք բերած ինքնաձիգով շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով Վահագն Աբգարյանի «Համերի» վրա կրակահերթեր բացելով, նրա դեմ մահափորձ կատարելու մեջ: «Հանցանքն ավարտին չի հասցրել՝ իր կամքից անկախ հանգամանքներով», — գրված է մեղադրականում:
«Վահագ, արի ասեմ»
Լոռու մարզի առաջին ատյանի դատավոր Սուրիկ Բաղդասարյանը դատավճռով անհիմն համարեց Անտոնյանի պատճառաբանությունները, թե ինքը ավտոմեքենայում գտնվող Էդուարդ Պողոսյանին վախեցնելու նպատակով է կրակել, իմանալով, որ «Համերը» զրահապատ է, իսկ «Նիսանը» հետևից է գնում և որ կրակոցները որևէ մեկի չեն կարող վնասել: 13 տարվա ազատազրկման դատապարտելով Անտոնյանին, դատավորը հիմնականում հիմնվել էր նրա ընկերոջ, քարի արտադրամասի աշխատող Արմեն Հարությունյանի ցուցմունքների վրա /մականունը՝ Կայֆո/:
Հարությունյանը ներկայացրել էր, թե ինչպես է իր մեքենայով և Անտոնյանի խնդրանքով դեպքի օրը նրան տարել Տարոն Աբգարյանի արտադրամաս, որտեղից վերջինս զենք է վերցրել, սպորտային հագուստի մեջ փաթաթած, ապա հետևել է Աբգարյանի «Համերին», վստահ լինելով, որ Վահագը մեքենայի մեջ է: Կայֆոն պատմել է նաև, որ «Համերի» վրա կրակելուց առաջ Վարդանը ասել է. «Վահագ, արի ասեմ» ու նոր կրակել է, կրակոցների նպատակի մասին ոչ դեպքից առաջ, ոչ էլ դեպքից հետո իրեն չհայտնելով:
Կամո Աբգարյանը՝ Արթուր և Տարոն Աբգարյանների հայրը, որը «Լալվար» քարհանքի սեփականատերն է, հերքել է, որ Վարդան Անտոնյանին իր արտադրամասից են զենք տվել: Նրա հերքումը հրապարակել է «Հետք» պարբերականը:
Դատախազությունը դեռ չի ծանոթացել դատական ակտին
Վարդան Անտոնյանին ազատ արձակելու որոշումը Ալավերդիում զարմանքով են ընդունել: Բնակիչների մի մասը տագնապած է: Չի բացառվում, որ նա նրա դեմ հիմնական ցուցմունք գրողը հեռանա երկրից: Վահագն Ալավերդցու թիմակիցները տագնապում են: «Լավ հետևանքներ չեն լինելու, — ասեց նրանցից մեկը՝ Գուրգեն անունով, Forrights.am-ի հետ զրույցում, — ամեն ինչ կարող է լինել: Անտոնյանը շատ բան գիտի: Բա որ հանկարծ նրա հետ մի բան անեն ու մեզ վրա դնեն՞»:
Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը մեր հարցին, թե չի պատրաստվում արդյոք դատախազությունը բողոքարկել վերաքննիչ դատարանի որոշումը, պատասխանեց. «Այդ գործով դատական ակտը դեռևս չի ստացվել: Կստացվի, կուսումնասիրվեն հիմքերը, որից հետո միայն պարզ կլինի դատախազությունը կբողոքարկի այն, թե ոչ, դրանից ածանցյալ մնացած բոլոր հնարավոր գործողություններով հանդերձ»:
Խախտված հավասարակշռություն
Ալավերդին ալեկոծող սպանությունների շղթան, երկու խմբավորումների արյունալի պայքարը դիտարկելիս, տպավորություն է ստեղծվում, որ դատարանները, նախաքննության մարմինները խախտել են հավասարակշռությունը ի օգուտ կողմերից մեկի: Վերաքննիչ դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին հավատացել է, որ Վահագն Աբգարյանը և նրա տղաները վախեցրել, ահաբեկել են Անտոնյանին ու նրա ընկերներին և չի հավատացել հիմնական վկա Արմեն Հարությունյանի ցուցմունքին առ այն, որ Անտոնյանը Տարոն Աբգարյանի արտադրամասից զենք է վերցրել, նոր գնացել է <<ահաբեկչական>> գործողության, հետևապես բացառում է պատվերով սպանության փորձի վարկածը:
Իսկ Կամո Փիրուզյանի սպանության գորով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը, որն, ի դեպ, վատ հարաբերություններ չունի Վազգեն Ռշտունու հետ, չի հավատացել, որ Վլադ Դավթյանը Կամո Փիրուզյանի վրա կրակել է, քանի որ վերջինս վախեցնում, ահաբեկում էր Վլադին, և չնայած Վլադ Դավթյանն առաջին օրվանից պնդում է, որ իրեն ոչ ոք պատվեր չի տվել, նրան մեղադրում է պատվերով սպանության մեջ: Վահագն Աբգարյանի վրա մի քանի անգամ մահափորձ է կատարվել: Ոչ մի գործ մինչ օրս բացահայտված չէ:
2016 թվականի մայիսի 19-ին գիշերը սպանվեց Ալավերդցու թիկնապահ Վարդան Ավագյանը, իսկ մյուս թիկնապահը՝ Էդուարդ Պողոսյանը, ծանր վիրավորումով տեղափոխվեց հիվանդանոց և այնտեղ մահացավ: Սպանությունն այս մինչ օրս բացահայտված չէ: Ըստ ոստիկանության տվյալների, կրակողը եղել է քարի արտադրամասի հետ կապ ունեցող անձանցից Վարդան Փիրուզյանը, որը հիմա էլ փախուստի մեջ է:
2017 թվականի սեպտեմբերի 15-ին Թուֆենկյան հյուրանոցի մոտ նոր մահափորձ կազմակերպվեց Վահագն Աբգարյանի դեմ: Սպանվեց նրա թիկնապահ Գագիկ Մոսինյանը, իսկ Աբգարյանը վիրավորվեց: Երկու տարի է անցել: Մեղադրյալներից մեկը՝ Ռաֆիկ Խաչատրյանը մահացել է, իսկ Ալբերտ Բլբուլյանն ու Արմեն Կարադավիդովը անցյալ տարեվերջին հայտնաբերվեցին Վրաստանում, արտահանձնվեցին Հայաստանին: Նախաքննությունն ավարտված չէ:
2017 թվականի հունիսի 13-ին Ալավերդու «Կատա» սուպերմարկետի մոտ 26-ամյա երիտասարդ Վլադ Դավթյանը սպանեց Վարդան Փիրուզյանի եղբորը՝ Կամո Փիրուզյանին, ապա ներկայացավ ոստիկանություն և խոստովանեց արարքը: Այս գործով Վահագն Աբգարյանին մեղադրեցին պատվերով սպանության մեջ: Դա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ նախաքննությամբ սկսեց զբաղվել քննչական կոմիտեի նախկին տեղակալ Վահագն Հարությունյանը, որը ներկայում Մարտի 1-ի գործով մեղադրյալի կարգավիճակում է և հետախուզվում է:
Գործով անցնող վկաները հայտնել են իրավապահներին, որ իրենց նկատմամբ ուժային մեթոդներ են կիրառվել Վահագն Աբգարյանը արդեն մեկ տարուց ավելի է, կալանքի տակ է: Վլադ Դավթյանը վստահեցնում է, որ Վահագն իրեն պատվեր չի տվել, որ Փիրուզյանն իրեն ահաբեկել է, իսկ տուժողի իրավահաջորդի փաստաբանները դատարանում փորձելու են ապացուցել, որ սպանությունը պատվիրել է Վահագն Աբգարյանը: Այս գործով դատաքննությունը Լոռու դատարանում շարունակ ձգձգվեւմ է: Հերթական նիստը տեղի ունեցավ անցնող շաբաթ, իսկ հաջորդը նշանակվել է մոտ երկու ամիս հետո:
Իսկ Երևանի դատարանը լսում է քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության նախկին պետ Թաթուլ Շուշանյանի գործը, որին մեղադրում են Վահագն Աբգարյանից կաշառք ստանալու և գործի քննությունը նրա օգտին վարելու համար: Մարտի սկզբին վեց պատգամավորներ անձնական երաշխավորություն ներկայացրեցին, միջնորդելով Շուշանյանի կալանքը փոխարինել գրավոր, սակայն դատավոր Աննա Մաթևոսյանը մերժեք նրանց, պատճառաբանելով, որ ազատության մեջ ամբաստանյալը կարող է ներազդել դեռևս չհարցաքննված վկաների վրա: Որոշումն այս աննախադեպ էր, ինչպես և Վազգեն Ռշտունու գթասրտությունը:
Սյուզան Սիմոնյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: