Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը մերժեց կալանքի հետ անհամատեղելի ինսուլինակախյալ շաքարային դիաբեթով տառապող Կոնստանտին Հովհաննիսյանի կալանքը գրավով փոխարինելու միջնորդությունը։

Երկրորդ կարգի հաշմանդամ Կոնստանտին Հովհաննիսյանը միաժամանակ մի քանի հիվանդություններ ունի, որոնք նշված են ազատազրկման հետ անհամատեղելի հիվանդությունների ցանկում՝ դիաբետիկ ռետինոպաթիա, դիաբետիկ անգիոպաթիա, դիաբետիկ նեֆրոպաթիա: Նրա չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, մի աչքը բոլորովին չի տեսնում, մյուսի տեսողությունը 10 տոկոսից ցածր է, օրական նա ստանում է 120 և ավելի միավոր ինսուլին, այն դեպքում, երբ 60 միավորից բարձր ստանալու դեպքում կալանք կիրառելն օրենքով արգելված է։

Հիշեցնենք՝ 1973 թվի ծնված, երևանի բնակիչ Կոնստանտին Հովհաննիսյանը, մեղադրում են փաստաթղթեր կեղծելու, խարդախության, ապօրինի զենք պահելու մեջ /քրեական օրենսգրքի 178-րդ, 325-րդ և 235-րդ հոդվածներ/։ Նրա դեմ ցուցմունք կա, թե նա, իբր, նոտարի կնիքներ է պատվիրել: Խուզարկության ժամանակ նրա բնակարանից հայտնաբերել են զենք-զինամթերք, որոնք, սակայն նրան չեն ներկայացրել ճանաչման:  

Փաստորեն, դատավոր Դավիթ Գրիգորյանը այսօր չկարողացավ ասել ոչ ԱԱԾ-ին, որն իրականացնում է վարույթը։ Ավելի վաղ ԱԱԾ քննչական վարչության քննիչի միջնորդությունը հաստատել էր դատավոր Դավիթ Հարությունյանը, ընդունելով որոշում, որը մեղադրյալի հարազատներն անմարդկային են համարում։

Դատավոր Դավիթ Հարությունյանը որոշումը պատճառաբանել է արարքի հանրային վտանգավորության բնույթը, նաև, որ մնալով ազատության մեջ նա կարող է  թաքնվել վարույթն իրականացնող մարմնից։ Իսկ դատավոր Գրիգորյանն էլ իր որոշումը պատճառաբանել է մասնավորապես նրանով, որ Հովհաննիսյանը կալանքի տակ գտնվելով անվճար բուժոօգնություն է ստանում քաղաքացիական հիվանդանոցում և որ «Կոնստանտին Հովհաննիսյանի առողջական վիճակը տվյալ պահին չի չեզոքացնում նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու անհրաժեշտության հիմնավորումներ»ը։

«Ինչպե՞ս կարող է անկողնային հիվանդը, որը կախյալ վիճակում է բժշկից, անընդհատ դեղերի տակ է, որը երիկամի փոխպատվաստում է տարել մի քանի ամիս առաջ, և ամեն րոպե այդ միակ երիկամի արտազատման վտանգ կա, զրկված է տեսողությունից, վեր կենալ անկողնուց և փախչել, կամ խանգարել քննությանը», — հարցնում էր Կոնստանտինի կինը՝ Շաքե Ղազարյանը։

Նա և մեղադրյալի մյուս հարազատները մեծ հույս էին պահպանում, որ այսօր գրավ կիրառելու միջնորդությունը դատարանը կբավարարի։ Այժմ նրանք շոկային վիճակում են։ «Մենք չէինք սպասում, չգիտենք, ինչ անենք։ Երկու օր առաջ Կոստյան սրտի կանգ է ունեցել, հիմա բարձր ջերմություն ունի՝ 38-ից բարձր։ Հանրապետական հիվանդանոցում նրան հակաբիոտիկներ չեն տվել։ Վերքից թարախ է հոսում», — ասում է հարազատներից Ինեսա Պետրոսյանը, որը փաստաթղթեր է հավաքում հիվանդին «Արմենիա>> ԲԿ-ից այլ հիվանդանոց տեղափոխել, քանի որ այստեղ որևէ բուժում չեն իրականացրել և ընդամենը առաջարկել են կտրել Կոնստանտին Հովհաննիսյանի ոտքը։

Հարազատները պատրաստվում են դիմել Մարդու Իրավունքների Եվրոպական դատարան:

Սյուզան Սիմոնյան

Pin It on Pinterest