Թավշյա հեղափոխության ընթացքում՝ ապրիլի 16-ին, Բաղրամյան պողոտայում հատուկ միջոցների կիրառման ընթացքում  մարմնական վնասվածք ստացած Զավեն Գրիգորյանը կրկին հայտնվել է հիվանդանոցում։

«Ներկա պահին ոտքիցս բորբոքում է սկսել, որովհետեւ մեկ տարի ես ապարատով էի ման գալիս, արյան քաղցկեղն է մոտս կրկնվում»,- Forrights-ին ասաց Զավեն Գրիգորյանը։

Նա հիվանդանոցում բուժման կուրս  է անցնում։  Զավեն Գրիգորյանի հիշողություններում դեռ վառ է ապրիլի 16-ի դեպքը, երբ ոստիկանությունը հատուկ միջոցներ կիրառեց։  Հիշեցնենք,  որ Ոստիկանությունն առաջին անգամ հատուկ միջոցներ է կիրառել ապրիլի 16-ին, իսկ երկրորդ անգամ Արցախի պողոտայում՝ ապրիլի 22-ին Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու ժամանակ։

Այս գործով մեղադրանք է առաջադրվել  ՀՀ նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանին։ Նա մեղադրվում է հատուկ միջոցների գործադրմամբ դիտավորությամբ այնպիսի գործողություններ կատարելու մեջ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաեւ անզգուշությամբ առաջացրել ծանր հետևանքներ:

Ըստ Հատուկ քննչական ծառայության,  Լևոն Երանոսյանը ապրիլի 16-ին Բաղրամյան պողոտայում և ապրիլի 22-ին Արցախի պողոտայի սկզբնամասում տեղի ունեցած դեպքերի ժամանակ հատուկ միջոցներ է կիրառել՝ դրա իրավասությունը չունենալով:

«Բավականին լուրջ պատասխանատվության պետք է ենթարկվի Լևոն Երանոսյանը, որովհետև ինքը կամայական խաղաղ  ցուցարարների մեջ ռումբ է նետում՝ չհաշվելով ինչ հեռավորության վրա է մարդկանց  մեջ ռումբ  գցում։ Մարդիկ կարող են զոհվել պարզապես։ Նռնակն ընկել է «Նիվա» մակնիշի մեքենայի վրա, այնուհետեւ գլորվել ընկել ոտքերիս տակ,  եթե չգլորվեր, ոչ միայն ես, այլ նաեւ կողքիս կանգնածներն էին զոհվելու»,- ասում է ճարտարապետ Զավեն Գրիգորյանը։

Ձախ ոտքի գրեթե 60 տոկոս այրվածք ունեցողը դեպքից հետո չի կարողանում աշխատել, թեեւ շինարարական ընկերություն է ունեցել։  Բայց այս պահին ավելի շատ  նա մտածում է ոչ թե ֆինանսական փոխհատուցում ստանալու, այլ հանցանք գործած անձանց պատասխանատվության ենթարկելու մասին։ Ըստ Զավեն Գրիգորյանի՝  Լեւոն Երանոսյանը անմնացորդ ծառայել է նախորդ իշխանություններին․

«Ոնց ասում են՝ խաղաղ ցուցարարների վրա ֆաս են տվել, եւ նա արել է դա»։

Նա անձամբ է տեսել, թե ինչպես է Լեւոն Երանոսյանը հատուկ միջոցը նետում  ցուցարարների ուղղությամբ։

Այս գործով մոտ 20 տուժող է անցնում։  Կիրառված հատուկ միջոցների բեկորների մի մասը դեռ  Յուրա Սողոյանի ոտքի մեջ է։ Ցուցում չի բեկորների մի մասը հանելու,  քանի որ առողջությանը կարող է վտանգ սպառնալ,  իսկ սպիները  ոտքի վրա  դեռ մնացել են։

Նա ակնկալիքներ ունի, որ օրենքի սահմաններում պետք է պատասխանատուները ենթարկվեն պատասխանատվության․ «Իրավական պետություն պետք է կառուցենք, որ նռնակ գցելուց առաջ ուղեղներն աշխատացնեն»,- ասաց Յուրա Սողոյանը։

Ներկայացնում ենք 2018 թ ապրիլի 16-ին Բաղրամյան պողոտայում  հատուկ միջոցների կիրառումից երկու ոտքերի վնասվածք ստացած   Յուրա Սողոյանի ոտքի նկարները։

Ի դեպ,  Հատուկ քննչական ծառայությունը   ՀՀ նախկին փոխոստիկանապետ, ՀՀ ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար Լեւոն Երանոսյանի գործով նախաքննության ավարտ  է հայտարարվել։ Սա առաջին դեպքն է, երբ հատուկ միջոցների կիրառման վերաբերյալ քրեական գործ պետք է քննվի։

Հիշեցնենք, որ  2016 թ Խորենացի փողոցում  եւ Սարի թաղում եւս կիրառվել է հատուկ միջոցներ, սակայն այդ գործը կասեցված է։

Սուսաննա Պողոսյան

Pin It on Pinterest