Թավշյա հեղափոխության ընթացքում՝ ապրիլի 16-ին, Բաղրամյան պողոտայում հատուկ միջոցների կիրառման ընթացքում մարմնական վնասվածք ստացած Զավեն Գրիգորյանը կրկին հայտնվել է հիվանդանոցում։
«Ներկա պահին ոտքիցս բորբոքում է սկսել, որովհետեւ մեկ տարի ես ապարատով էի ման գալիս, արյան քաղցկեղն է մոտս կրկնվում»,- Forrights-ին ասաց Զավեն Գրիգորյանը։
Նա հիվանդանոցում բուժման կուրս է անցնում։ Զավեն Գրիգորյանի հիշողություններում դեռ վառ է ապրիլի 16-ի դեպքը, երբ ոստիկանությունը հատուկ միջոցներ կիրառեց։ Հիշեցնենք, որ Ոստիկանությունն առաջին անգամ հատուկ միջոցներ է կիրառել ապրիլի 16-ին, իսկ երկրորդ անգամ Արցախի պողոտայում՝ ապրիլի 22-ին Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու ժամանակ։
Այս գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանին։ Նա մեղադրվում է հատուկ միջոցների գործադրմամբ դիտավորությամբ այնպիսի գործողություններ կատարելու մեջ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաեւ անզգուշությամբ առաջացրել ծանր հետևանքներ:
Ըստ Հատուկ քննչական ծառայության, Լևոն Երանոսյանը ապրիլի 16-ին Բաղրամյան պողոտայում և ապրիլի 22-ին Արցախի պողոտայի սկզբնամասում տեղի ունեցած դեպքերի ժամանակ հատուկ միջոցներ է կիրառել՝ դրա իրավասությունը չունենալով:
«Բավականին լուրջ պատասխանատվության պետք է ենթարկվի Լևոն Երանոսյանը, որովհետև ինքը կամայական խաղաղ ցուցարարների մեջ ռումբ է նետում՝ չհաշվելով ինչ հեռավորության վրա է մարդկանց մեջ ռումբ գցում։ Մարդիկ կարող են զոհվել պարզապես։ Նռնակն ընկել է «Նիվա» մակնիշի մեքենայի վրա, այնուհետեւ գլորվել ընկել ոտքերիս տակ, եթե չգլորվեր, ոչ միայն ես, այլ նաեւ կողքիս կանգնածներն էին զոհվելու»,- ասում է ճարտարապետ Զավեն Գրիգորյանը։
Ձախ ոտքի գրեթե 60 տոկոս այրվածք ունեցողը դեպքից հետո չի կարողանում աշխատել, թեեւ շինարարական ընկերություն է ունեցել։ Բայց այս պահին ավելի շատ նա մտածում է ոչ թե ֆինանսական փոխհատուցում ստանալու, այլ հանցանք գործած անձանց պատասխանատվության ենթարկելու մասին։ Ըստ Զավեն Գրիգորյանի՝ Լեւոն Երանոսյանը անմնացորդ ծառայել է նախորդ իշխանություններին․
«Ոնց ասում են՝ խաղաղ ցուցարարների վրա ֆաս են տվել, եւ նա արել է դա»։
Նա անձամբ է տեսել, թե ինչպես է Լեւոն Երանոսյանը հատուկ միջոցը նետում ցուցարարների ուղղությամբ։
Այս գործով մոտ 20 տուժող է անցնում։ Կիրառված հատուկ միջոցների բեկորների մի մասը դեռ Յուրա Սողոյանի ոտքի մեջ է։ Ցուցում չի բեկորների մի մասը հանելու, քանի որ առողջությանը կարող է վտանգ սպառնալ, իսկ սպիները ոտքի վրա դեռ մնացել են։
Նա ակնկալիքներ ունի, որ օրենքի սահմաններում պետք է պատասխանատուները ենթարկվեն պատասխանատվության․ «Իրավական պետություն պետք է կառուցենք, որ նռնակ գցելուց առաջ ուղեղներն աշխատացնեն»,- ասաց Յուրա Սողոյանը։
Ներկայացնում ենք 2018 թ ապրիլի 16-ին Բաղրամյան պողոտայում հատուկ միջոցների կիրառումից երկու ոտքերի վնասվածք ստացած Յուրա Սողոյանի ոտքի նկարները։
Ի դեպ, Հատուկ քննչական ծառայությունը ՀՀ նախկին փոխոստիկանապետ, ՀՀ ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար Լեւոն Երանոսյանի գործով նախաքննության ավարտ է հայտարարվել։ Սա առաջին դեպքն է, երբ հատուկ միջոցների կիրառման վերաբերյալ քրեական գործ պետք է քննվի։
Հիշեցնենք, որ 2016 թ Խորենացի փողոցում եւ Սարի թաղում եւս կիրառվել է հատուկ միջոցներ, սակայն այդ գործը կասեցված է։
Սուսաննա Պողոսյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: