Ազգային ժողովում ՆԱՏՕ-ի շաբաթվա շրջանակում անցկացվեց «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողությունը» թեմայով սեմինար-քննարկում, որին մասնակցել են ԱԺ պատգամավորներ, ՀՀ կառավարության, դիվանագիտական կորպուսի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

Մինչդեռ «ՆԱՏՕ-ի շաբաթ»-ն արդեն անհանգստացրել է որոշ ռուս գործիչների:  «Միայն փաստը, որ այդ շաբաթն անցկացվում է, չի կարող չանհանգստացնել Ռուսաստանին: Մեզ կարող է և պետք է անհանգստացնի նման շաբաթի անցկացումը Հայաստանում»-ռուսական լրատվամիջոցին հայտարարել է ՌԴ պետդումայի ԱՊՀ գործերով հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը՝ հավելելով, թե ՀԱՊԿ-ում Հայաստանը պետք է պարզաբանում ներկայացնի այդ միջոցառման առթիվ:   

«Ռուսաստանի դեսպանատան  ներկայացուցիչը մասնակցել է ԱԺ-ում մեր քննարկմանը, որևէ խնդիր չկա»,-Հայաստանում այս օրերին անցկացվող «ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառման առթիվ Forrights.am-ի հարցին ի պատասխան ասաց Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Նշենք, որ Հայաստանում մարտի 11-ից բավական ներկայացուցչական կազմով մեկնարկել է «ՆԱՏՕ-ի շաբաթ»-ը. Դրան մասնակցելու համար Հայաստան է եկել Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրան:

«Սերժ Սարգսյանի ժամանակներն անցել են, սա Նոր Հայաստան է»,- Ռուսաստանի մտահոգության առթիվ մեր հարցին ի պատասխան ասաց Անդրանիկ Քոչարյանը՝ վստահեցնելով, որ ԱԺ-ում ՆԱՏՕ-ի առթիվ սեմինարին մասնակցել են ՀԱՊԿ անդամ երկրների բոլոր դեսպանատների ներկայացուցիչները:

Սակայն ինչպես հեղափոխությունից առաջ՝ 2017-ին, այնպես էլ հեղափոխությունից հետո 2018-ին Հայաստանը չի մասնակցել ՆԱՏՕ-ի զորավարժություններին: Հեղափոխությունից հետո Հայաստանը հրաժարվեց մասնակցել սեպտեմբերին Վրաստանում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի Agile Spirit-2018 զորավարժություններին:

Իսկ մինչ հեղափոխությունը՝ 2017-ին Հայաստանը վերջին պահին հրաժարվել էր մասնակցել Վրաստանում Հյուսիսատլանտյան դաշինքի հովանու ներքո անցկացվող մեկ այլ՝ Agile Spirit զորավարժությանը, որին Երևանը նախ հաստատել էր մասնակցությունը, ինչպես հայտարարել է Վրաստանի ռազմական գերատեսչությունը, ապա զորավարժության նախօրեին հրաժարվել մասնակցությունից՝ առանց պատճառը նշելու: Փաստն այն է, որ ռուս-ամերիկյան հարաբերությունների վատթարացումից ու Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցների կիրառումից հետո Հայաստանն այլևս չի մասնակցում ՆԱՏՕ-ի զորավարժություններին:

Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ Հայաստանում մեկնարկած ՆԱՏՕ-ի շաբաթը շատ կարևոր է Հայաստանի ու ՆԱՏՕ-ի հարաբերությունների համար, չնայած նրան, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ պետություն է: Նրա խոսքով՝ նոր ձեւավորված խորհրդարանը բարձր է գնահատում ՆԱՏՕ-ի եւ այլ գործընկեր երկրների հետ փոխշահավետ եւ փոխլրացված համագործակցությունն ու քաղաքական երկխոսության մակարդակը:

Անդրանիկ Քոչարյանը հավելեց, որ իր գլխավորած հանձնաժողովը պատրաստ է սերտորեն աշխատելու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների՝ ՀԿ-ների, լրագրողների, գիտական ոլորտի աշխատողների հետ:

«Վստահ եմ, որ մեր միջազգային գործընկերները կաջակցեն մեզ՝ ստեղծելու քաղաքացիական հասարակության ակտիվի՝ ՀԿ-ների, ակադեմիական հատվածի, լրագրողների եւ անվտանգության ոլորտի նախկին ծառայողների իրավունքների պաշտպանությամբ հանդես եկող կազմակերպություններից բաղկացած ֆորում»-ասաց հանձնաժողովի նախագահը: Ըստ նրա՝ առանց քաղաքացիական ուժեղ վերահսկողության հնարավոր չէ զարգացնել զինված ուժերը:

Նշենք, որ ֆորումը գործելու է հանձնաժողովի հովանու ներքո, որին հավանություն տվեց նաև ՀՀ պաշտպանության նախարարության մարդու իրավունքների եւ բարեվարքության ամրապնդման կենտրոնի ղեկավար, գնդապետ Ալիկ Ավետիսյանը՝  նշելով, որ այն հնարավորություն կընձեռի ոլորտի մասնագետներին ներգարվվել գործընթացի մեջ, իսկ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ աշխատանքը կդարձնի ավելի մասնագիտական եւ ոլորտային:

Ըստ Ալիկ Ավետիսյանի՝ զինված ուժերի քաղաքացիական ժողովրդավարական վերահսկողությունը կարևոր է, և շատ երկրներում զինված ուժերը գտնվել են քաղաքացիական վերահսկողության ներքո:

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի խոսքով՝ ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության նկատմամբ քաղաքացիական վերահսկողությունը կարեւորագույն նշանակություն ունի:

«ՆԱՏՕ-ի շաբաթվա» շրջանակներում մի շարք  կառույցներում սպասվում են տարբեր միջոցառումներ և հանդիպումներ: Մասնավորապես՝ Ազգային ժողովում արդեն իսկ տեղի է ունեցած «Զինված ուժերի նկատմամբ քաղաքացիական վերահսկումը» թեմայով քննարկման ընթացքում Պաշտպանության և Ազգային անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն իր ելույթում բարձրաձայնեց ՀՀ Զինված ուժերում առկա խնդիրները՝

Զորակոչի գործընթացի ամբողջական վերանայում և թափանցիկություն, Զորակոչիկների առողջական վիճակի վերաբերյալ չափորոշիչների խստացում, Զորակոչիկների առողջական վիճակի զննության ընթացքում առկա խնդիրների մանրամասն հետազոտություն, Զինված ուժերում մահվան դեպքերի քննություն, դրանցում զինվորական բարձրագույն սպաների պատասխանատվության ուժեղացում, Զինծառայողների վարքականոնների մշակում և ընդունում, Զինված ուժերում կադրերի վերապատրաստման նոր մեխանիզմների մշակում և ընդունում, ինչպես նաև այլ հարցեր:

Մարինե Խառատյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest