Փաստաբաններին լռեցնելու օրենքն ուժի մեջ է

0
439

Երբ հասկացան, որ փաստաբաններին չեն կարողանում լռեցնել,  որոշեցին ուժի մեջ մտցնել  դատարանի կողմից  փաստաբանների նկատմամբ մինչև հարյուր հազար դրամի տուգանքի ենթարկելու  օրենքը: Համոզված է «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ փաստաբան, աղմկահարույց գործերով պաշտպան Արայիկ Պապիկյանը:

 «Երբ փաստաբաններն ըմբոստացան, Դատական օրենսգրքի նախագծից դա հանվեց եւ նախատեսվեց  դատավարական, քրեական, վարչական,  քաղաքացիական դատավարության  օրենսգրքերում: Մեծ հաշվով հայտնի չէ, որ այդ դատավարություններից  առաջ փաստաբանները  խնդրի առաջ կանգնեն եւ կարգապահական պատասխանատվության ենթարկվեն: Իրականում, սա քաղաքական իշխանության ծուղակն էր փաստաբանների դեմ ուղղված: Այս կերպ իշխանությունները որոշեցին հանդարտեցնել ոչ միայն փաստաբանական համայնքին, այլ նաեւ իրավապաշտպաններին եւ մարդու իրավունքների հարցերով զբաղվող անձանց, քանի որ նրանք եւս կարող են ենթարկվել դատական տուգանքի: Պայմանավորվածությունների առումով ծնվեցին այս փոփոխությունները, քանի որ Փաստաբանների պալատն էլ որոշում էր անհարգալից վերաբերմունքի համար պատասխանատվության ենթարկել փաստաբաններին: Որեւէ մեկը չէր կասկածում, որ այն ուղղված է փաստաբանական համայնքի եւ իրավապաշտպան գործունեության դեմ»,- համոզված է փաստաբան Արայիկ Պապիկյանը: 

Նա,  ինչպես նաեւ «Սասնա ծռեր»-ի գործով մյուս փաստաբանները համոզված են,  այդ օրենքը որոշեցին  ուժի մեջ մտցնել  աղմկահարույց դատավարությունների մեկնարկից որոշ ժամանակ անց: Օրենքի հիմնավորման որոշման մեջ նշված է, որ այն  նպատակ է հետապնդում բարձրացնել դատական իշխանության հեղինակությունը հանրության մոտ:

«Այսինքն փաստաբանին կամ դատավարության մասնակցին տուգանելու նպատակը դատական  իշխանության հեղինակության բարձրացումն է: Բայց մենք բոլորս հասկանում ենք, որ դա առնվազն խելամիտ չէ, չի կարելի տուգանելով, դատելով, պատժելով հեղինակություն բարձրացնել: Սա չի կարելի նաեւ դեպի բյուջե գնացող գումար հաշվարկել, սակայն չի կարող ինձ ստիպել քիչ խոսել: Իմ վստահորդի շահերից ելնելով՝ ես կարող եմ տուգանվել: Կամ որպեսզի լավ իմաստով ես կարողանամ շատ խոսել  ես ստիպված եմ իմ պաշտպանյալից ամեն իմ խոսացած բառի համար լրացուցիչ 100  հազար դրամ գումար ուզել: Համոզված եմ, որ փաստաբաններն իրենց թույլ չեն տա»,- ասաց Արայիկ Պապիկյանը:

«Փաստաբանների իրավունքների պաշտպանությունը» թեմայով «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ-ն քննարկում էր կազմակերպել, որի ժամանակ բարձրացվեցին փաստաբանական համայնքին վերաբերող մի շարք խնդիրներ: Սակայն խնդրահարույցն այս պահին  մինչեւ հարյուր հազար դրամ տուգանքն է:  

«Եթե փաստաբանը վճարում է այդ գումարը եւ չի բողոքարկում, նշանակում է՝ հաստատում  է, որ անհարգալից է եղել եւ փաստաբանների պալատը պետք է կարգապահական վարույթ հարուցի եւ պարզելով, որ փաստաբանը դատարանում էթիկա է խախտել եւս մեկ անգամ նկատողության է արժանացնելու:Այսինքն՝ իմ մեկ խախտման համար ես երկու անգամ պատժվում եմ: Մինչդեռ հիմնարար սկզբունք մի արարքի համար երկու անգամ չդատապարտվելը»,- ավելացնում է «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ փաստաբանը:

Իսկ «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ նախագահ, փաստաբան Նինա Կարապետյանցը նշում է՝  իրականում սա  գործիք է, մահակ, որ կախված է բոլորի գլխին: Հասարակական կազմակերպությունը դեռ փետրվար ամսվա սկզբին դիմել է ԱԺ նախագահին  եւ պատգամավորներին՝ այդ թվում այն պատգամավորներին, որոնք մինչ օրենսդիր մարմնում հայտնվելը, զբաղվել են փաստաբանական գործունեությամբ:  ՀԿ-ն առաջարկում է փաստաբանների մասով օրենքը վերացնել կամ  խմբագրել այնպես, որ փաստաբանների վրա չտարածվի: Սակայն մինչ օրս պատասխան չի ստացվել:

Այսօրվա իշխող ուժն,  ըստ Նինա Կարապետյանցի,  կարող է այդ օրենքը փոխել, քանի որ ունեն բավարար ձայներ: Օրենքը ուժի մեջ է մտել այս տարվա հունվարի 1-ից, սակայն մինչ օրս որեւէ փաստաբան չի ենթարկվել տուգանքի: Փաստաբան Արա Ղարագյոզյանը  նշում է՝  դատավորների մոտ մեծ ցանկություն կա օրենքը կիրառելու.

 «Այդ օրենքը դեռ չէր էլ ընդունվել դատավոր Գագիկ Պողոսյանը ինձ եւ Հայարփի Սարգսյանին ասաց, որ հեսա այդ օրենքը ընդունվելու է, տեսեք ձեզ ինչ եմ անելու»,-հիշեց Արա Ղարագյոզյանը:

Նա միաժամանակ ավելացնում է՝ 100  հազար դրամ տուգանքը, ըստ Եվրոպական դատարանի, քրեական մեղադրանք է դիտարկվում:

 Փաստաբան Հայարփի Սարգսյանն էլ կարծում է՝ համոզվելու համար, որ հեղափոխության արդյունքում քայլեր են արվում,  պետք է   այդ օրենքը վերացվի: Իսկ Նինա Կարապետյանցն ավելացնում է՝ իրենց  ամենամեծ փաստարկներից մեկն այն է, որ դատավորն ինքը վիրավորվում է, ինքը որոշում է կայացնում, եւ ինքն էլ պատժում է. «Փաստաբանն  իր ուղիղ պարտականությունները կատարելու համար կարող է տուգանվել»:  

Մինչ այս օրենքի ընդունումը՝ աղմկահարույց գործերով պաշտպանություն ստանձնած փաստաբանները պալատի խորհրդի կողմից  կարգապահական պատասխանատվության էին ենթարկվում: Փաստաբան Արայիկ Պապիկյանը այս ընթացքում «պատիվ» է ունեցել ստանալու 20-ից ավելի կարգապահական պատասխանատվության ենթարկվելու որոշումներ:

Արայիկ Պապիկյանի խոսքերով՝ անկախ նրանից, թե դատավարության ժամանակ ինչպիսի պայմաններից ելնելով  է ենթարկվել դատական սանկցիայի, պատճառաբանության մեջ  նշված է հետեւյալը. «Վերլուծելով վերը նշվածը՝ փաստաբանը հստակ գիտակցել է իր գործողությունների ոչ իրավաչափ լինելը եւ թույլ է տվել փաստաբանի վարքագծի էթիկայի կանոնների խախտում, հետեւաբար նրա նկատմամբ պետք է կիրառել պատասխանատվության հետեւյալ միջոցը »,- մեջբերում է Արայիկ Պապիկյանը:

 Ըստ նրա՝  փաստաբանները հստակ նշում են, որ դա կատարել են ի շահ իրենց պաշտպանյալների, փաստաբանի բարձր հեղինակությունը պաշտպանելու, արդարությունը վերականգնելու համար, մինչդեռ պալատի գրությունից ստացվում է, որ փաստաբանները գիտակցել են, որ խախտում են կատարում,  եւ թույլ են տվել այդ խախտումը:

Կարգապահական պատասխանատվության ենթարկելու որոշումները փաստաբանների մեծ մասը վիճարկում է դատարանում. Փաստաբան Արայիկ Պապիկյանը նշում է, որ դարձյալ փակուղային վիճակում ենք հայտնվել.

«Դատարանը, քննելով փաստաբանի բողոքը, ըստ էության պետք է ճանաչի,  որ մեկ այլ դատավոր փաստաբանի նկատմամբ սխալ որոշում է կայացրել: Հաշվի առնելով մեր դատական համակարգը եւ դատավորների ով լինելը՝ կարող է կասկած հարուցել: Եթե  օրվա իշխանությունները կամ Փաստաբանների պալատը չէին գիտակցում, որ այս կամ այլ  գործերով իրենց վերաբերմունքը չպետք է տարածվի փաստաբանների վրա, ապա սա խնդիր է, որը պետք է լուծում ստանա:  Իշխանությունը եւ Փաստաբանների պալատը մեզ նույնացնում էին մեր պաշտպանյալների հետ»:

Կլոր-սեղան քննարկմանը կարծիքներ հնչեցին, որ փաստաբանների հանդեպ հարուցված կարգապահական վարույթները պետք է կարճվեն, քանի որ դրանք նախորդ իշխանության պատվերով էին հարուցվել:  

Սուսաննա Պողոսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here