Նորք-Մարաշում հայտնաբերված զինյալ խմբի գործով վերջին դատական նիստից հետո, փետրվարի 22-ին ամբաստանյալ Արթուր Վարդանյանին ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են Միքայելյանի անվան հիվանդանոց: Նրա կինը՝ Աշխեն Սումբուլյանը Forrights.am-ին ահազանգեց, որ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում իր ամուսնուն սխալ բուժումների են ենթարկել, որից հետո Արթուրի մոտ արյունահոսություն է սկսվել, ձախ ոտքն ու ձեռքը թուլացել են, նա չի կարողանում սնունդ ընդունել, աղիքները խցանված են:
«Մեկուսարան, որտեղ չկա նորմալ բժիշկ, բուժսպասարկում»
ԱԱԾ «պադվալում»՝ «Երևան-կենտրոն» ՔկՀ կոչվող, ամուսինն առանց բժշկի հետազոտության հորմոններ է ընդունել, ինչն անթուլատրելի է: «Նա արդեն երկու տարի է, ջերմություն ունի՝ մինչև 38 աստիճան: Նրան հերթական սրացումից հետո դեկտեմբերին տեղաոփխեցին Միքայելյանի անվան հիվանդանոց, բայց ընդամենը 3 օրով: Բժիշկը հազիվ հասցրեց հորմոնային բուժման դոզան որոշել: Տոների ընթացքում տարան մեկուսարան, որտեղ չկա նորմալ բժիշկ, բուժսպասարկում: Նա հորմոններն ընդունել է առանց հսկողության:
Փետրվարի 22-ին նա այնքան վատ էր, որ անմիջապես դատարանից տարան Միքայելյան: 22-ից այստեղ է, երկու շաբաթ ոչինչ չէր կերել, ուտելուց երեք ժամ անց նա հետ էր տալիս: Մի անգամ լեզուն կուլ է գնացել հենց մեկուսարանում, էնքան վատ է եղել», -ասում է Աշխեն Սումբուլյանը:
Նա եկել է համոզման, որ իր ամուսնուն պատժելու քաղաքական որոշում է կայացված, քանի որ այս գործով անցնող բոլոր ամբաստանյալները արդեն մեկ տարի կլինի, գրավով ազատ են արձակվել, իսկ իր ամուսնուն նույնիսկ հիվանդ, տառապյալ, գրեթե մահամերձ վիճակում չեն ուզում բաց թողնել: Թե ով է ուղորդում այս հաշվեհարդարը Արթուր Վարդանյանի դեմ, նա չգիտի:
Արթուր Վարդանյանին պատժում են նախկին հրամանո՞վ
«Վարչապետն ասում է, որ ինքը ոչ մեկին չի ուղորդում, նշանակում է՝ մարդիկ շարժվում են նախկին հրամանով, ինչն ավելի վատ է, որովհետև ոչ մի միջոցառում չի ձեռնարկվում դատավորներին օրինական դաշտ բերելու ուղղությամբ: Արթուրին մեղադրում էին իշխանափոխություն ծրագրելու մեջ, մի բանի, որն արդեն կատարվել է, շարունակում են մեղադրել դրա համար: Փաշինյանն ասում է, որ քաղբանտարկյալներ չկան, ես ուզում եմ հասկանալ, արդյո՞ք Արթուրը քաղբանտարկյալ չէ, եթե նրան մեղադրում են քաղաքական իշխանությունը բռնի ուժով փոխելը ծրագրելու մեջ», — վրդովվում է Աշխենը:
Արթուր Վարդանյանի խափանման միջոցը փոխելու վեց միջնորդություն է եղել, ու վեցն էլ մերժվել են: Հաջորդ նիստին՝ մարտի 15-ի, Արթուր Վարդանյանի շահերի պաշտպան Լևոն Բաղդասարյանը 7-րդ անգամ է միջնորդելու փոխել նրա խափանման միջոցը:
Սա կառավարության դիրքորոշումն է
Աշխեն Սումբուլյանը դեռ անցյալ տարի, երբ քննարկվում էր համաներման նախագիծը, դիմել է իշխանական պատգամավորներ Ալեն Սիմոնյանին և Լենա Նազարյանին, խնդրելով, որ անձնական երաշխավորությամբ հանդես գան, սակայն մերժվել է: Լենա Նազարյանն ասել է, որ չի ցանկանում անձնական երաշխավորություն տալ քաղաքական ենթատեքստով գործի համար:
«Ալեն Սիմոնյանը ասեց, որ կգնա, Արթուրին կտեսնի ու ինձ կտեղեկացնի, բայց մինչ օրս ինձ չի զանգել: Ես եմ նրան զանգել ու ինքը զարմացած տոնով ասել է, որ այդ քայլով դեմ կգնա իր թիմակիցներին: Միայն Նաիրա Զոհրաբյանն է մեզ ուզել օգնել, բայց նրան թույլ չեն տվել հանդիպել Արթուր Վարդանյանի հետ» — վստահեցնում է կինը:
ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը անձնական երաշխավորության մերժումը բացատրեց հետևյալ կերպ. «Այո, խնդրել է անձնական երաշխավորույթյուն, և ես մերժել եմ: Երբ ուսումնասիրեցի տարբեր տեղեկություններ որոշեցի մերժել երաշխավոր հանդես գալու հարցում», — ասաց նա: Իսկ Նաիրա Զոհրաբյանը հայտնեց, որ իրոք, չի հանդիպել Վարդանյանի հետ: «Առայժմ ես խնդրեցի, որ կնոջը թողնեն, կինը իր մոտ լինի, դա էր հիմա կարևոր: Այս պահին թող իր բուժումները ստանա, այնուհետև հետագա քայլերի մասին կխոսենք»:
Պատգամավորների դիրքորոշման վրա ուղղակիորեն ազդել է արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի կարծիքը, որը նա հայտնել էր դեռևս նախկին՝ 6-րդ գումարման Ազգային ժողովի նիստի ժամանակ: Երբ համաներման նախագիծը մտցրեցին ԱԺ և պարզ դարձավ, որ ի տարբերություն Սասնա Ծռերի, Նորք-Մարաշի խմբի վրա համաներումը չի տարածվելու, Արթուր Վարդանյանի շահերի պաշտպան Լևոն Բաղդասարյանը հարցապնդումներ արեց պատգամավորներին, այդ թվում Ալեն Սիմոնյանին, պարզելու համար պատճառը:
«Նրանք արագ նիստ հրավիրեցին և հարցեր տվեցին կառավարությանը, ի դեմս արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի: Նա պատգամավորներին ասաց, որ սա կառավարության դիրքորոշումն է: Համաներումը առաջին հերթին իրավական փաստաթուղթ է, ոչ քաղաքական, և այսպիսով խախտվեց հավասարության սկզբունքը, որն ամրագրված է սահմանադրությամբ և ուղղակի խտրականություն դրվեց», — ասում է Լևոն Բաղդասարյանը:
Պաշտպանվում է մեռնելու իրավունքը
Կարելի է պատկերացնել, թե ինչ ծանր է եղել Արթուր Վարդանյանի վիճակը, եթե կառավարության նման դիրքորոշման պարագայում նրան ուղարկել են քաղաքացիական հիվանդանոց՝ երկարատև բուժման: Գուցե մահանալո՞ւ:
Նախկին իրավապաշտպան, արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը վերջերս ընկալվում է որպես մեռնելու իրավունքը պաշտպանող պետական գործիչ: Նրա արտահայտությունները՝ ով գնում է հացադուլի, պիտի նաև իմանա, որ դա կարող է ավարտվել վախճանով, կամ՝ հացից ու ջրից հրաժարվելը մարդու իրավունքն է, բուռն քննարկումների տեղիք են տվել:
Հացադուլավորների նկատմամբ պետության վերաբերմունքի խնդիրը սրվեց հունվարի 26-ից հետո: Այդ օրը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մահացավ դատապարտյալ Մհեր Եղիազարյանը, որը մինչ այդ 40 օր հացադուլի մեջ էր եղել: Արտակ Զեյնալյանը ցավակցեց Մհեր Եղիազարյանի ընտանիքին: Նա պարզաբանել է, որ հացադուլի ողջ ընթացքում Եղիազարյանը բժշկական հսկողոթյան տակ է եղել, բայց մինչ օրս չի պատասխանել, թե ինչու Եղիազարյանին չէր տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց և ինչու մահվան պահին նրա կողքին բժիշկներ չկային:
Կալանավայրերում բժիշկների ու հոգեբանների պակասը, որը որպես փաստարկ բերվում է նման դեպքերում, չի նվազեցնում կալանավոր անձանց մահվան համար պետության ու նախ և առաջ արդարադատության նախարարի պատասխանատվությունը: Վերջերս էլ իշխանական պատգամավորները մերժեցին «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի հեղինակած նախագիծը, որով պատգամավորն առաջարկում էր նախնական կալանքի մեկ օրը ազատազրկման պատժաչափ նշանակելիս, հաշվեն որպես մեկ ու կես օր:
Անգամ այն բանից հետո, երբ Մարուքյանը փոխեց իր նախագիծը, այն տարածեց միայն նախկինում կալանավորված ու դատապարտված անձանց վրա, պատգամավորները մերժեցին նախագիծը, պատճառաբանելով, որ սա թաքնված համաներում է: «Մարդասիրությունը, արդարադատությունը ձախողված ոլորտն են», — կարճ բնորոշեց Էդմոն Մարուքյանը:
Սյուզան Սիմոնյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: