«Սեքսուալ բնույթի բռնի գործողություններից տուժած իմ վստահորդին զորամասասում զինծառայողներից մեկը մատնացույց է արել՝ ասելով, որ նա բռնաբարված զինծառայող» է։ Այս մասին Forrights-ի հետ զրույցում ասաց փաստաբան Հայարփի Սարգսյանը, իր մտահոգություն հայտնելով, որ այդ իրավիճակը հոգեբանական ծանր ճնշում է հանդիսացել զինծառայող Կ-ի համար, որի արդյքունքում վերջինս կրկին տեղափոխվել է զորամասի բուժկետ։
Հայարփի Սարգսյանը ստեղծված իրավիճակի մասով բողոք է ներկայացրել Գլխավոր դատախազություն․
«Անհրաժեշտ է արագ ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ զինծառայողին Մադաղիսի զորամասից տեղափոխելու ուղղությամբ»,-ասաց նա, մանրամասնելով, որ իր վստահորդին դեռևս չեն տեղափոխել այլ զորամաս, չնայած ԱՀ ԱՆ պաշտպանության նախարարին ուղղված ՀՀ զինվորական դատախազության գրությանը։
«Նա շարունակում է իր ծառայությունը Մարտակերտին մոտ զորամասերից մեկում, որը մոտ է իր նախկին զորամասին, որտեղ ևս տարածվել է իմ վստահորդի համար վտանգ հանդիսացող խոսակցություններ»,-խնդիրը ներկայացրեց փաստաբանը, պատմելով նաև այն մասին, որ օրեր առաջ՝ ՀՀ ՊՆ «Կանազի» հոսպիտալից Արցախ տեղափոխելու օրը, իր վստահորդին նախ՝ տարել են Մարտակերտի զորամաս, որտեղ 2018թ․ հունվարին իր նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ էր իրականացվել, նաև ծեծի էր ենթարկվել։
Նշված զորամասում զինծառայող Կ-ն տեսել է այն անձին, ով էլ իր նկատմաբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել, ինչն իր նկատմամբ հոգեբանական մեծ ճնշում է եղել․
«Նույն օրը հեռախոսազրույցի ժամանակ նա տեղեկացրեց ինձ, որ շատ ծանր հոգեբանական վիճակում է հայտնվել և քանի որ վստահորդս արդեն գտնվում էր Մադաղիսի զորամասի բուժկետում, ես նրան խորհուրդ տվեցի անպայման զրուցել հոգեբանի հետ և հայտնել նրան այդ մասին»,-մանրամասնեց փաստաբանը։
Ելնելով վերը շարադրվածից` փաստաբան Հայարփի Սարգսյանը ՀՀ Գլխավոր դատախազություն դիմել է այն խնդրանքով,որ համապատասխան քայլեր ձեռնարկվեն՝ իր վստահորդ Կ-ի կյանքի և առողջության անվտանգության համար անհապաղ ստեղծել անհրաժեշտ պայմաններ՝ միջնորդելով փոխել նրա զորամասը կամ դադարեցնել նրա զինվորական ծառայությունը։
Հիշեցնենք, որ Forrights –ը պարբերաբար անդրադարձել է սեռական բռնության ենթարկված զինծառայողի դեպքին։
Զինծառայողը երևանցի Կ-ի նկատմամբ բանակ զորակոչվելու հենց առաջին օրերին բռնություն է գործադրել սպա Գ-ն՝ պարբերաբալ ծեծել է և բռնբաբարել է նրան:
Նոյեմբերի 21-ին Սյունիքի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցած հերթական նիստի ժամանակ Կ-ն հրաժարվել էր նախաքննական ցուցմունքներից ու պնդել իրեն բռնաբարելու վերաբերյալ նախնական ցուցմունքը:
Հավելենք, որ ՀՀ քննչական կոմիտեի երրորդ կայազորային քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել Կ-ի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ իրականացնելու փաստով, սակայն Գ-ի նկատմամբ խափանման միջոց չի կիրառվել և վերջինս օգտվել է ազատ տեղաշարժվելու իրավունքից։
Սպան հերքել է իրեն առաջադրված մեղադրանքը և՛ ծեծի, և՛ բռնաբարության մասերով:
Ազնիվ Սիրադեղյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: