Անգամ մարտական դիրքում մահացած զինվորի մահը ՊՆ-ում, պարզվում է, կարող են հանգիստ թաքցնել, իրենց ձևակերպմամբ՝ պարզապես չհայտնել ու պատասխան չտալ ու չպատժվել դրա համար:
Պաշտպանության նախարարությունում ավարտվել է Նոր տարվա գիշերը անհայտ պայմաններում հրազենային վիրավորումից մահացած պայմանագրային զինծառայող Էդգար Գրիգորյանի մահվան լուրը չհրապարակելու և հանրությունից թաքցնելու առթիվ ծառայողական քննությունը:
Եվ ի՞նչ. քննությունը պարզել է, որ «ոչ ոք չի թերացել», ուստի ոչ ոք չի ենթարկվել պատասխանատվության ու չի պատժվել: Այս մասին Forrights.am-ի հարցին ի պատասխան ասաց ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Ոչ մեկ չի թերացել որ պատժվի»,-հստակեցրեց խոսնակը: Երբ զարմացանք, թե այսինքն զինծառայողի մահը 1.5 ամիս թաքցնելու համար ոչ ոք մեղավոր չէ՞, Արծրուն Հովհաննիսյանը հայտարարեց. «Ոչ ոք չի թաքցրել: Դուք ոնց որ չեք հասկանում մարդկային լեզուն»:
ՊՆ-ի «մարդկային լեզուն» հասկանալը, պարզվում է, բարդ է: Հիշեցնենք, որ հունվարի 1-ին Մեղրու դիրքերում անհայտ պայմաններում մահացած Էդգար Գրիգորյանի մահվան մասին հանրությունը տեղեկացավ մոտ 1.5 ամիս հետո, այն էլ երբ տեղեկությունը հայտնվեց Tert.am կայքում: Հանրության տարակուսանքին ի պատասխան ՊՆ-ն ու նախարար Դավիթ Տոնոյանը փորձեցին հասարակությանը համոզել, որ զինվորի մահվան մասին չհայտնելը դա թաքցնել չէ, և որ «պաշտպանության նախարարությունը չի պատրաստվում ոչ ծածկել, ոչ կոծկել որևէ դեպք, և դա չի արել տարիներ շարունակ»:
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ավելի հեռու գնաց ու «մարդկային լեզվով» լրագրողներին հայտարարեց. «Հաշվի առնելով այն, որ դեպքը կապված չի եղել ծառայության հետ, մենք մեծ ուշադրություն չենք դարձրել այդ խնդրին»: Այն դեպքում, երբ Էդգարը վիրավորվել է հենց ծառայության վայրում, այն էլ դիրքերում ու հենց ծառայության ժամանակ:
Այնուամենայնիվ, ՊՆ-ն, թերևս հասարակության ճնշման ներքո, ստիպված հայտարարեց ծառայողական քննություն անցկացնելու մասին: Ինչն էլ ոչ թե պատասխանատուներին գտավ, այլ արդարացրեց նրանց արարքը:
«Ոնց կարելի էր լռել: Հավի ճուտ չէր իմ տղան»,- մեզ հետ զրույցում տարակուսանք հայտնեց մահացած զինծառայող Էդգար Գրիգորյանի մայրը՝ Ալինա Սարգսյանը: Էդգարի այրին, 26-ամյա Արաքսյա Կարապետյանը նախարարի ավելի վաղ արած հայտարարության առթիվ հավելեց.
«Ինձ համար դա շատ վիրավորական է: Իրավունք չունեն նման բան ասեն, քանի որ ինքը հենց էդ օրը դիրք ա պահել: Եթե զինվորը գտնվում է սահմանին, ծառայության հետ ո՞նց կարող է կապ չունենա: Դուք զինվոր եք ուղարկել պոստեր, ոնց կարող ա պատահի, որ ծառայության հետ կապ չունենա: Նույնիսկ եթե դեպքը տանը պաահեր, իրենք էլի պատասխանատվություն էին կրելու, քանի որ զինծառայող է»:
Մենք արդեն գրել ենք, որ մինչ իր ամուսնու մահվան լուրը թաքցնելու առթիվ լրատվամիջոցներում աղմուկ բարձրանալը, տեսնելով, որ շաբաթներ են անցնում, իսկ ՊՆ-ն ձայն չի հանում իր զինվորի մահվան մասին, Արաքսյան խնդրել էր Երևանում բնակվող մորաքրոջն այցելել ՊՆ, հանդիպել որևէ պաշտոնյայի հետ ու հարցնել, թե ինչու ՊՆ-ն չի հրապարակում ամուսնու մահվան մասին որևէ տեղեկություն: Սակայն անգամ մորաքրոջ այցից հետո ՊՆ-ն տեղեկություն չէր հրապարակել:
Արաքսյա Կիրակոսյանի համար անգամ վիրավորական էին նախարարի հայտարարությունները. «Հեռուստատեսությամբ պարոն նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարեց՝ ոչինչ չի կոծկվել, ոչինչ չենք պատրաստվում թաքցնել: Բա սա ի՞նչ ա, մեկուկես ամիս անցել ա, սա ի՞նչ ա կոչվում, թաքցնել չի՞: Անունը դնում են՝ գործի ընթացքին չխանգարեն: Մենակ է՞ս գործի ընթացքին էին խանգարելու»,-մեզ հետ զրույցում հարց էր ուղղել վշտացած այրին՝ շարունակելով.
«Բա 43 օր անցել ա էդ մարդու մահվանից, ոչ ՊՆ-ից զանգ, ոչ հրամանատարությունից զանգ, ոչ մի ցավակցություն պաշտոնավոր անձանց կողմից մեր տուն չի եկել, չեն զանգել: Մի աննշան իրադարձությունը, ասենք՝ կողոպուտը մոտ մի շաբաթ լրատվամիջոցների էկրաններից չի իջնում, իսկ զինծառայողի մահը 42-43 օր հետո նոր որոշել են, որ պետք է հրապարակեն ու լրատվությանը հայտնե՞ն: Ինչի՞ համար չեն արձանագրել, չեն հայտնել, ինչի՞ են թաքուն պահել: Էն որ իրանք տեղյակ չեն պահել ոչ մեկին, դա իրանց մեծ մեղավորությունն ա»:
Նշենք, որ դեպքի առթիվ Քննչական կոմիտեում քրգործ է հարուցվել ինքնասպանության հասցնելու հոդվածով, սակայն հարազատները բացառում են ինքնասպանության վարկածը ու հույս ունեն, որ իրականությունը բացահայտվելու է:
Նշենք, որ ՊՆ-ի շուրջ օրերս կրկին աղմուկ բարձրացավ, երբ Tert.am-ը տեղեկություն տարածեց, որ վերջին մոտ երկու ամսվա ընթացքում Պաշտպանության նախարարությունը լռել է 4 զինծառայողի մահվան մասին, որոնք, ըստ պաշտոնական տեղեկության, գրանցվել են ծառայության հետ չկապված հանգամանքներում։
Ըստ ՊՆ-ի՝ ծառայության հետ կապ չունեցող մահերը հետևյալ իրավական սահմանումն ունեն. «ծառայողական պարտականությունների կատարման հետ կապ չունեցող վայրում, ծառայությունից ազատ ժամանակ տեղի ունեցած դեպքերը ծառայության հետ կապ չունեն»:
Մարինե Խառատյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: