«Ես դժվարանում էի խոսել, ուշագնաց էի լինում, ընկնում էի, իսկ բժիշկներն ինձ տանում, գցում էին մահճակալիս վրա, բուժօգնություն չէին ցուցաբերում և ասում էին՝ «կամ կմեռնի կամ սաղ կմնա»»
Կանազի հոսպիտալում անմարդկային վերաբերմունքի արժանացած զինծառայող Յուրիկ Բրոյանի փաստաբան Հայարփի Սարգսյանը Գլխավոր դատախազություն և Հատուկ քննչական ծառայություն հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել:
«Իմ վստահորդ Յուրիկ Բրոյանը 2018թ օգոստոս ամսից սկսած, երբ զորակոչվել է բանակ, պարբերաբար արժանացել է անմարդկային վերաբերմունքի, թե՛ Մարտակերտի զորամասում, թե «Կանազ»-ի հոսպիտալում, և թե՛ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում»,- Forrights-ին մանրամասնեց Հայարփի Սարգսյանը՝ նշելով, որ ՌՈ ընդունիչ-բաշխիչում գտնվելու ժամանակ պետ Գրիգորյանը հայհոյել է իր վստահորդին, քաշքշել և հարվածել։
«Մարտակերտի զորամասում 2 շաբաթ ծառայելուց հետո ինձ ծեծել է «Բադ» մականունով մայորը»,-այս մասին փաստաբանին պատմել է Յուրիկ Բրոյանը` փոխանցելով մանրամասները։
Այսպիսով, նշված մայորը երկու սպաների հետ իրենց մոտ են կանչել Յուրիկ Բրոյանին և հրահանգել գետնից հավաքել թափված ծխախոտները, սակայն վերջինս հրաժարվել է կատարել նրանաց պահանջը, որից հետո «Բադ» մականունով մայորը բռունցքով հարվածել է վերջինիս դեմքին:
«Հետո գլխապտույտ ունեցա, քթիցս արյուն եկավ և ես ընկա գետնին։ Ընկնելուց հետո մայորը ձեռքերով և ոտքերով հարվածել է մարմնիս տարբեր մասերին, նաև գլխիս»,-նշել է Յուրիկ Բրոյանը, անդրանառնալով նաև դեպքին ներկա երկու սպաներին,-«Այդ ընթացքում ինձ քաշքշել են, սակայն չեմ հիշում՝ հարվածել են, թե՝ ոչ»։
Ծեծի ենթարկելուց հետո Յուրիկ Բրոյանը արթնացել է կապտյորկում՝ ցավերի ու կապտուկների մեջ, զրկված բուժօգնությունից, որտեղ նրան պահել են երեք օր, մինչև կապտուկները կանցնեին: Հետագայում նրան տեղափոխել են բուժկետ։
Վատ վերաբերմունքի արդյունքում Բրոյանը ինքնավնասում է կատարել, որից հետո, ն ույն օրը, Յուրիկ Բրոյանին տեղափոխել են Մարտակերտի, ապա Ստեփանակերտի հոսպիտալ, որտեղ նրան չեն ընդունել, տարել են Ստեփանակերտի հոգեբուժարան, որից հետո նրան կրկին տեղափոխել են, այս անգամ արդեն Երևանի «Կանազ» հոսպիտալ:
«Կանազ»-ի հոսպիտալոմ գտնվելու օրերին Յուրիկ Բրոյանի վիճակը գնալով վատանում էր, սակայն գտնվելու օրից ընդհամենը մեկ շաբաթ անց նոր վերջինիս ինչ-որ դեղահաբ են տալիս.
«Ես դժվարանում էի խոսել, ուշագնաց էի լինում, ընկնում էի, իսկ բժիշկները ինձ տանում, գցում էին մահճակալիս վրա և բուժօգնություն չէին ցուցաբերում, ասում էին՝ «կամ կմեռնի կամ սաղ կմնա» և ծիծաղում էին ինձ վրա»,-պատմել է Յուրիկ Բրոյանը, մանրամասնելով, որ 2 ամիս հոսպիտալում գտնվելու ընթացում նրան ներարկումներ են կատարել 5 անգամ, որից հետո վերջինիս մարմինը պարալիզացվել էր:
«Այդ ներարկումներից հետո չկարողացա խոսել, կուչ էի եկել, գլուխս սկսեց ցնցվել»,-պատմել է զինծառայողը։
«Աշխարհը փուլ ա եկել ձև ես բռնում»
«Ես դժվարությամբ էի քայլում, իսկ բժիշկ Սուջոյանն ասում էր՝ «տենց լավ չի, ավելի դանդաղ քայլի, աշխարհը փուլ ա եկել ձև ես բռնում»»,-պատմել է Յուրիկ Բրոյանը՝ ներկայացնելով «Կանազ»-ի հոսպիտալում իր նկատմամբ բժիշկ Մերի Սուջոյանի վերաբերմունքը.
«Մերի Սուջոյանը բոլորի մոտ միտումնավոր ինձ սիմուլյանտ էր ասում, ասում էր՝ բոլորի հետ խոսում եմ, իսկ հենց իրեն տեսնում եմ, սկսում եմ չխոսել»։
Կանազի հոսպիտալից Յուրիկ Բրոյանին տեղափոխում են Ռազմական ոստիկանություն.
«Ինձ պետի սենյակ տարան: Գրիգորյանը ինձ վրա գոռգռաց և ասաց՝ «հլը դզվի զինվոր, էս ի՞նչ ձև ա»,-մանրամասնեց նա։
«Տաք ճաշը լցրեց դեմքիս»
Հաջորդ առավոտյան ժամը 5-6-ի սահմաններում, նրան արթնացրել են ՌՈ աշխատակիցները, որից հետո Գրիգորյանը հարվածելով Յուրիկ Բրոյանին՝ քաշել է և գցել գետնին, տարել ճաշարան և ստիպել է ճաշ ուտել:
«Գդալով հարվածել է ատամներիս, ինչպես նաև ձեռքով՝ դեմքիս, ձեռքերով բացում էր բերանս, հայհոյում էր և տաք ճաշը լցրեց դեմքիս»,-պատմել է Բրոյանը՝ նշելով, որ վատ վերաբերմունքը եղել է ոչ միայն պետի կողմից, այլ նաև աշխատակիցների։
Մոտ մեկ ամիս զինծառայողը լողանալու հնարավորություն չի ունեցել, ինքն ի վիճակի չէր, դժվարությամբ էր տեղաշարժվում, ձեռքերը պարալիզված էին, գլուխը ցնցումների մեջ էր. «Լողացրել են 1 անգամ՝ փաստաբանի ՌՈ գալուց հետո»։
Յուրի Բրոյանը Սովետաշենի հոգեբուժարանում, ենթարկվել է փորձաքննության:։ հաջորդ շաբաթ կտրամադրվի փորձագիտական եզրակացությունը: Հավելենք նաև, որ մոտ 5 ամիս չխոսելուց հետո, Յուրիկ Բրոյանը «Էրեբունի» հիվանդանոցում կարճատև բուժման արդյունքում սկսել է խոսել։
Հիշեցնենք, որ ազգությամբ եզդի 19-ամյա Յուրիկ Բրոյանն ունի ժառանգաբար փոխանցվող հոգեկան հիվանդություն: Այդուհանդերձ, օգոստոսին Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովը հետազոտել է երիտասարդին և նրա բժշկական փաստաթղթերում նշել «թեթև մտավոր հետամնացություն» ախտորոշումը: Հոգեկան հիվանդությամբ տառապող Յուրիկին ճանաչել են պիտանի սահմանափակումներով ծառայության համար և զորակոչել բանակ: Նրան բանակ զորակոչելու օրինականությունը դատարանում վիճարկում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը։
Բրոյանի հետ կապված զինդատախազությունում երեք քրեական գործ է քննվում զորամասի կոմբատի կողմից նրա նկատմամբ կիրառված բռնության՝ Քրեական օրենսգրքի 311 հոդվածի 1 մաս, 314, 358.1հոդ 3-մասի 1, 375 1-ին մաս, հոգեբուժարանի աշխատակցի հետ կոնֆլիկտի փաստերով, որը լեզվակռվի մեջ էր մտել Բրոյանի մոր հետ ու հարվածել մորը, ինչպես նաև ինքնավնասման դեպքի կապակցությամբ:
Վերջին գործով եզդի զինծառայողը մեղադրյալի կարգավիճակ ունի: Նրան մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածով «անդամախեղելու, հիվանդության սիմուլյացիայի կամ ապօրինի այլ եղանակով զինվորական ծառայությունը կամ դրա առանձին պարտականությունների կատարումը դադարեցնելը»:
Ազնիվ Սիրադեղյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: