«Եթե չեն պաշտպանում հիվանդ մարդուն, թողնում են, որ բանտում մահանա, ինչո՞վ են տարբերվում նախորդներից»

0
846

Առողջական ծայրահեղ ծանր վիճակում հայտնված Նորքի «զինված խմբի» գործով մեղադրյալ Արթուր Վարդանյանին այցելելու արգելքը ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի անդամ, իրավապաշտպան Արթուր Սաքունցը «օրենքի կամայական մեկնաբանություն» է համարում:

«Դա օրենքի կամայական մեկնաբանություն է, որովհետև օրենքով տեսակցություն հասկացողությունը դիտորդական խմբի վրա չի կարող տարածվել: Մենք չենք գնում տեսակցելու, մենք այցելություն ենք կատարում: Դա օրենքի ոչ ճիշտ՝ ավելի կամայական մեկնաբանություն է»,-Forrights.am-ին ասաց իրավապաշտպանը:

Նշենք, որ ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը մեր հարցին, թե ինչո՞ւ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում գտնվող Արթուր Վարդանյանի հետ ՔԿՎ հասարակական դիտորդներն ու պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը չեն կարողացել հանդիպել, պատասխանեց. «Դատարանը արգելանք է դրել, այդ իսկ պատճառով չեն կարողացել հանդիպել»: Միևնույն ժամանակ ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետը պնդեց, որ արգելանքը տարածվում է նաև դիտորդների վրա:

Արթուր Վարդանյանի առողջական ծայրահեղ վիճակի մասին օրերես ահազանգեց ՄԻՊ գրասենյակը՝ նշելով, նրան անհրաժեշտ է տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց: Փետրվարի 19-ին, Պաշտպանի թեժ գծին արված ահազանգով Արթուր Վարդանյանը հայտնել էր, որ իր առողջական վիճակը վատթարացել է, մասնավորապես՝ 12 օր չի կարողանում սնունդ ընդունել, ունի քաշի կորուստ, մարմնի ընդհանուր թուլություն, տեղաշարժվում է դժվարությամբ, պարբերաբար ունենում է փսխումներ և արյունահոսություն:

«Մենք զրկվել ենք մեր մանդատով մարդուն տեսնելու, նրա բողոքները լսելու հնարավորությունից: Ես գտնում եմ, որ Արթուր Վարդանյանի լսելի լինելու իրավունքները խախտվել են»,- հակադարձեց իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ շարունակելով. «Դիտորդական խմբի մանդատը ճանաչվել է պետության կողմից օրենքի ուժով և այն կոչված է զբաղվելու ազատազրկվածների իրավունքների պաշտպանությամբ: Իսկ դա նշանակում է, որ ազատազրկվածները իրավունք ունեն դիմելու նաև դիտորդական խմբին: Ինձ դիմել էր Արթուր Վարդանյանի կինը, որ ամուսնու մոտ կան ցավեր, սակայն թույլ չի տրվել այցելել նրան, ինչով ոչ միայն խոչընդոտվել է դիտորդների աշխատանքը, այլև կալանավորի իրավունքներն են խախտվել»:

Նշենք, որ պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը ևս հայտարարել է Արթուր Վարդանյանին այցելելու արգելքի մասին:

Արթուր Վարդանյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը մեզ հետ զրույցում ՔԿՎ-ի մեզ տված պատասխանի առթիվ ասաց. «Նախ՝ ներպետական օրենսդրությունը հախուռն է, բայց հիմնական օրենքը Սահմանադրությունն է և Եվրոպական կոնվենցիայի նախադեպային որոշումն է տալիս պատասխանը: Ըստ այդմ՝ ԱԺ պատգամավորը կաշկանդված չէ, որ օրենքով սահմանված կարգով տեսակցի կալանավորին: Ինչ վերաբերում է դիտորդին, դա ընդամենը կարծում եմ ՔԿՎ ներքին կանոնակարգով և օրենսդրությամբ է կարգավորվում»:

Պաշտպանը նշեց, որ ինքը Արթուր Վարդանյանի տեսակցության արգելքի հետ կապված արգելանքի դեմ, մասնավորապես պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի մասով, միջնորդություն չի ներկայացրել, քանի որ դատական նիստերը հետաձգվում են և չեն կայանում:

«Ամուսինս ժամանակին ակնարկել է, որ իրեն ուզել են սպանել թունավորումով»

Նորքի «զինված խմբի» գործով մեղադրյալ, «Հայոց վահան» կազմակերպության ղեկավար Արթուր Վարդանյանի կինը՝ Աշխենը Forrights.am-ի հետ զրույցում ահազանգեց ամուսնու առողջական ծայրահեղ վիճակի մասին: «Արթուր Վարդանյանը 14-15 օր է՝ չի կարողանում սնվել՝ ստամոքսի եւ աղիների հետ կապված հիվանդությունների պատճառով: Նրա մոտ ախտորոշվել է Քրոնի հիվանդություն, որը աղիների բորբորքում է՝ էրոզիա: Նա սոված է՝ իր կամքից անկախ, փսխումների պատճառով չի կարողանում ուտել»,-ասաց կինը:

Կնոջ խոսքով՝ Քրոնի հիվանդությունը Վարդանյանի մոտ առաջացել է կալանավայրում՝ երկու տարի առաջ: «Երկու տարի է, ինչ Արթուր Վարդանյանի մոտ կա ջերմություն: Սնունդից է եղել, թե թունավորումից, չեմ կարող ասել: Ամուսինս ժամանակին ակնարկել է, որ իրեն ուզել են սպանել թունավորումով: Չգիտեմ՝ դեղերի միջոցով է եղել, սնունդի միջոցով է եղել, չեմ կարող ասել»,-նշեց կինը շարունակելով. «Ի սկբզանե, երբ Վարդանյանին կալանավորել են, եղել է նման մտադրություն, որ իրեն պետք է վերացնեն: Ես լսել եմ դրա մասին, որ նրան պետք է վերացնեն»:

Նրա խոսքով՝ «Դատապարտյալների հիվանդանոցում» չեն հասկացել՝ ինչ հիվանդություն է Արթուր Վարդայնաի մոտ և միայն այս ամռանն են քաղաքացիական հիվանդանոցում ախտորոշել Քրոնի հիվանդությունը: Բժիշկն ահազանգել է, որ նա պետք է հոսպիտալացվի և մասնագետի բուժում է պետք նրան:

«Դատապարտյալների հիվանդանոցում ամուսնուս սուր հակաբիոտիկներ էին տվել, որոնց ընդունումից հետո նա վատացել է և սուր էրոզիաներ ունի աղիներում: Այնտեղ կրկին տանելով՝ ուղղակի կսպանենք նրան: Առանց այդ էլ նա հորմոնալ դեղերը սոված վիճակում է ընդունում: Եվս հինգ օր էլ այսպես շարունակվեց, նա ուղղակի կմահանա»,-ահազանգեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ բուժումը անիմաստ ու անօգուտ կլինի, եթե նա չլինի բժիշկի մշտական հսկողության տակ:

Նշենք, որ կնոջը 3.5 տարի թույլ չեն տվել տեսակցել ամուսնուն, անգամ հիվանդ ժամանակ: Թերևս միայն վերջին օրերի հասարակական աղմուկի շնորհիվ ՔԿՎ-ն փետրվարի 22-ից թույլատրել է, որ կինը խնամի անվասայլակի վրա հայտնված ամուսնուն:

«Ամուսնուս 3,5 տարի է՝ պահում են անազատության մեջ առանց դատարանի վճռի, մինչդեռ գործով անցնող մյուս ամբաստանյալները, որոնք նույն մեղադրանքն են կրում, ազատված են կալանքից: Վարդանյանին կալանքից ազատելու արդեն 6-րդ միջնորդությունն է մերժվել: Որեւէ բան հաշվի չեն առնում»,-դժգոհեց կալանավորի կինը՝ հավելելով. «Իշխանական պատգամավորներին ենք դիմել անգամ, բայց ասում են՝ «չենք ուզում խառնվել»: Ալեն Սիմոնյանը խոստացավ զանգել ինձ, հանդիպել Արթւորի հետ, սակայն մինչև հիմա այդպես էլ ոչ զանգեց, ոչ հանդիպեց»:

Վարդանյանի կնոջ խոսքով՝ ամեն անգամ Հայաստանի նոր իշխանությունը հայտարարում է՝ մենք քաղբանտարկյալ չունենք. «Էտ դեպքում ո՞վ է Արթուր Վարդանյանը, ինչի՞ համար են Արթուրին էնտեղ պահել: Ի՞նչ հանցանք է գործել: Թե ինչ վտանգ է այս իշխանության համար, չեմ կարողանում պատկերացնել:

«Եթե չեն պաշտպանում հիվանդ մարդուն, թողնում են, որ բանտում մահանա, ինչո՞վ են տարբերվում նախորդներից»

Արթուր Վարդանյանի կնոջ համար տարակուսելի է, որ համաներումը «Սասնա ծռերի» անդամների գոնե մի մասի վրա ազդեց, սակայն իր ամուսնու վրա չի տարածվել. «Երբ որ «Սասնա ծռերի» դեպքում կար բռնություն, բռնության կոչեր, ես համարում եմ, որ իրենք ապստամբության իրավունքով են ապստամբել, բայց եթե հաշվի առնենք, որ էնտեղ կային զոհեր, իսկ Արթուր Վարդանյանին կալանավորել են ընդամենը ենթադրյալ մտադրությունների համար»,-նշեց կինը:

Հիշեցնենք, որ ըստ քրեական գործի նյութերի՝ Արթուր Վարդանյանը հանդիսացել է ենթադրյալ զինված խմբի ղեկավարը: Այդ խումբը, ըստ մեղադրանքի, 2015թ.-ին ծրագրել է խոցել նախագահ Սերժ Սարգսյանի ինքնաթիռը, զավթել պետական կառույցների շենքերը՝ իշխանությունը բռնությամբ յուրացնելու պատճառով: Ամբաստանյալները մեղադրանքները չեն ընդունում: 

«Եթե չեն պաշտպանում հիվանդ մարդուն, ինչո՞վ են տարբերվում նախորդներից: Ի՞նչ է ստացվում, որ իշխանության մակարդակով էս մարդուն թողնում են, որ բանտում մահանա: Ինչո՞ւ պիտի նա մինչև հիմա կալանքի տակ լիներ, երբ որ նույն հոդվածներով մարդիկ բոլորը ազատության մեջ են: Կոնկրետ իր հանդեսպ կա ինչ որ խտրական վերաբերմունք: Դատախազն առարկում է, որ հաշմանդամի սայլակին հայտնված ամուսինս կարող է վտանգավոր լինել դրսում իսկ դատաբոր Բեկթաշյանը 3.5 տարի հետաձգում է դատական պրոցեսը»,-դժգոհեց Ախշենը՝ վստահեցնելով, որ Վարդանյանին այդ վիճակում կալանքի տակ պահելու հիմքեր չկան, քանի որ մեղադրական վճիռ էլ մինչ այժմ չկա ու գործով բոլորն ազատված են կալանքից:

Մարինե Խառատյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here