Հունվարի 27-ին Արցախում զոհված զինծառայող, 20-ամյա Հովսեփ Գրիգորյանի մահը առեղծվածային, մինչև վերջ չբացահայտված հանցագործության արդյունք էր: Կրակոցի հետքը զինծառայողի ճակատի ուղիղ կենտրոնին էր: Մարտակերտի հատկապես կարևոր գործերի բաժնի քննիչ Ս. Ա. Եղյանը մեկ օրում բացահայտել է սպանությունը:
Դեպքի հաջորդ օրը թվագրված գրությամբ նա մշել է. «Գնդացրորդ Աշոտ Չախալյանը…նույն ջոկի նռնակաձիգ, պարտադիր ժամկետային զինծառայող Հովսեփ Գրիգորյանի հետ դիտորդի պարտականությունները կատարելու ժամանակ, վերցրել է վերջինիս ամրակցված ԱԿՄ տեսակի… ինքնաձիգը, խախտել է զենքի հետ վարվելու կանոնները, այն է՝ շարքային Հ.Կ. Գրիգորյանին վախեցնելու նպատակով մարտական փամփուշտներով լիցքավորված պահեստատուփը ինքնաձիգին ամրացված վիճակում, անհարկի կատարել է լիցքավորում, ինքնաձիգի փողը ուղղել է շարքային Հ.Կ. Գրիգորյանի գլխի ուղղությամբ, հանել պահեստատուփը, և սեղմել է ձգանը»:
Եղյանի վարկածը՝ թե, իբր Հովսեփի ծառայակիցը նրան վախեցնելու նպատակով զենքը դրել է ճակատին և անզգուշորեն կրակել, երիտասարդի մահվան օրվանից մինչև նախաքննության ավարտը չփոխվեց: Ինչպե՞ս կարելի էր անզգույշ կրակել ուղիղ ճակատի կենտրոնին՝ հարցն այս մինչ օրս տանջում է տղայի հարազատներին:
Երրորդ կայազորի զինդատախազությունն այն շուտափոյթ և գերգաղտնիության պայմաններում քննեց և վեց ամսից հանձնեց Սյունիքի ընդհանուր իրավասության դատարան: Աշոտ Չախալյանին մեղադրանք առաջադրվեց այն բանի համար, որ նա 2018 թվականի հունվարի 27-ին, ժամը 16:25-ի սահմաններում, խախտել է զենքի հետ վարվելու կանոնները, որը առաջացել է ծանր հետևանքներ: Գորիսի դատարանն էլ ավելի արագ քննեց գործը, ինչը մեր ժամանակներում հազվագյուտ է պատահում՝ ընդամենը 5 ամսում:
Հետագայում մեղադրականում ոչ մի տառ չփոխվեց, դատավորն այն ամբողջությամբ հաստատեց: Նախաքննությունն ու դատաքննությունը միասին մի տարի էլ չտևեցին: Դեկտեմբերի 25-ին Սյունքի դատարանի Գորիսի նստավայրում դատավոր Դավիթ Սարգսյանը կայացրեց դատավճիռ: Զինծառայող Հովսեփ Գրիգորյանի «պաշտոնական» մարդասպանը քրեական օրենսգրքի 373 հոդվածով՝ զենքի հետ վարվելու կանոնները խախտելու համար, որն առաջացրել է մահ, դատապարտվեց 6 տարվա ազատազրկման: Չախալյանը նստեց ընդամենը մեկ տարի, և համաներումով ազատ արձակվեց:
Դատավճիռը կայացրել են առանց տուժողի իրավահաջորդին տեղեկացնելու: Հովսեփ Գրիգորյանի մայրը՝ տուժողի իրավահաջորդ Արմինե Ավետիսյանը զայրացած է: «Առանց մեզ դատավճիռ են կայացրել: Մենք շոկի մեջ ենք: Պարզ երևում է, որ Չախալյանին ասել են՝ քո վրա վերցրու և չես նստի: Գողին են տալիս 7-8 տարի: Եթե այդ տղան մարդասպան էր, ո՞նց է համաներումով դուրս եկել: Նա հասարակ տղա էր, ոչ հարուստ ծնողներ ուներ, ոչ տեր-տիրական: Էդ ո՞նց եղավ, որ իրա նկատմամբ էդքան բարի եղան առանց ոչ մի բանի, հենց այնպես», — ասում է Արմինե Ավետիսյանը:
Մինչդեռ ընդամենը կես տարի առաջ նա չէր կասկածում, որ իրավապահներն պատվով կաշխատեն: «Դատախազը մեր շահերն է պաշտպանում պաշտոնապես, նրանք մեր կողմից են» — ասում էր Արմինե Ավետիսյանը, որը որդու մահից հետո հանդիպել էր զինդատախազ Վահե Հարությունյանի հետ: Վերջինս խոքս էր տվել մորը, որ գործը կբացահայտի: «Ասեցին՝ խոստանում ենք, որ ամենաօբյեկտիվ ձևով քննություն կանենք, ամեն մարդ կպատժվի: Անձնակազմից արդեն քանի հոգի ազատվել են աշխատանքից, մի քանի հոգի ներկա պահի նստած են», — ներկայացնում էր Արմինե Ավետիսյանը Forrights.am-ին դեռ անցյալ տարվա գարնանը:
Այսօր գործի բոլոր «պոչերը» թաքցված են: «Դատալեքս» տեղեկատվական համակարգում սուղ տվյալներ կան դրա վերաբերյալ: Անգամ դատավճիռը չի դրվել «Դատալեքսում»: Այն հանրության աչքից հեռու է պահվում:
Հովսեփ Գրիգորյանի մայրը տասը տարուց ավելի բնակվել են Ռուսաստանում, և կարող էր միակ որդուն պահել այնտեղ: Բայց Հովսեփի զինակոչի տարիքը լրանալուն պես, բերեց նրան Հայաստան, ծննդավայր Սպիտակ, քանի որ կարծում էր՝ ճիշտը ոչ թե թաքվելն է, այլ ծառայելը Հայրենիքին:
Հայրենի պետությունը Հովսեփի հետ վատ վարվեց: Որպես միակողմանի ծնողազուրկ նա կարող էր օգտվել բնակության վայրից մինչև 150 կմ տեղակայված զորամասում ծառայելու արտոնությունից, բայց նրան տարան ուղիղ Արցախ, տարիներ շարունակ քրեական բարքերով աչքի ընկած «Եղնիկներ» զորամաս:
Ռուսախոս տղային, որը 4 տարեկանից բնակվել է Հայաստանից դուրս և այլ մտածողություն ունի, ծառայությունը հեշտ չէր տրվում: Նա պատմել էր մորը, որ զորամասում իրեն «ռուս» են անվանել, իսկ հրամանատարը դաժան ու նվաստացուցիչ ուսումնական մեթոդներ է կիրառել «ռուսաստանցիների» նկատմամբ: Օրինակ, ստիպել է, որ գիշերային քնի հաշվին սովորի կանոնագիրքը:
«Կոնֆլիկտը հրամանատարի հետ է եղել, ուրիշ ոչ մեկի հետ իմ տղան կոնֆլիկտ չուներ: Գիշերը հանել ա քնից գիշերը, ստիպել է, որ կարդա հայերեն զինվորի պարտականությունները: Երեխեն ասել է՝ չեմ կարող հայերեն կարդամ, ես ո՞նց սովորեմ: Հրամանատարն էլ ասել է՝ իմ գործը չի, ոնց ուզում ես, սովորի»:
Արմինե Ավետիսյանը քննիչին հայտնել է, որ այն աստիճանի լարված հարաբերություններ են եղել հրամանատարի ու Հովսեփի միջև, որ վերջինս նույնիսկ հարձակվել է ու հարվածներ է հասցրել հրամանատարին: «Կոկորդին է հասցրել ու եդրեխեն խփել ա իրան: Ինձ պատմել է՝ խփեցի, ընկավ, սաղ հավաքվեցին, մեզ բաժանեցին: Տղաս մտածել է, ամեն ինչ սրանով ավարտվեց:
Բայց, փաստորեն, չի ավարտվել: Կարծում եմ, նա վրեժ է լուծել որդուցս, սպասել է, որ գնա պոստեր ու իր սև գործն արել է», — պատմում է Արմինե Ավետիսյանը: Քննիչը այլ վարկած, քան Չախալյանի անզգույշ կրակոցն է, չի մշակել:
«Չախալյանը ուղղակի «պեշկա» է եղել նրանց ձեռքին: Նա չի սպանել իմ որդուն, ես համոզված եմ, նրան ուղղակի ասել են՝ քեզ վրա վերցրու, չես նստի: Ակնհայտ է դա: Էս հրամանատարը տղայիս մահից առաջ տեղափոխվել էր ինքնակամ ուրիշ զորամաս, ու դա էլ ա ինձ կասկածելի թվում», — ասում է որդեկորույց կինը: Նա հիշում է, որ նոր հրամանատարը զինվորի պարտականությունները ռուսերեն տառերով գրառել է թղթի վրա ու տվել է Հովսեփին: Նա մեկ օրվա մեջ յուրացրեց տեքստը», — ասում է Արմիեն:
Դատավճիռն այժմ բողոքարկման փուլում է: Մայրը վստահեցնում է, որ արդար դատաքննության իր խախտված իրավունքը վիճարկելով, հասնելու է մինչև Եվրոպական դատարան:
Սյուզան Սիմոնյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: