«Հանրությունը թիրախավորում է փաստաբաններին, իրավապաշտպաններին և նույնացնում իրենց վստահորդների հետ»

0
481

«Հանրությունը թիրախավորում է փաստաբաններին, իրավապաշտպաններին և նույնացնում իրենց վստահորդների հետ»

«Հունիս ամսից մինչ օրս մենք ունեցել ենք 19 դեպք, երբ իրավապաշտպան անձանց մասնագիտական գործունեության իրականացման ժամանակ խոչընդոտվել է նրանց աշխատանքը: Նրանցից 5-ը լրագրողներ են, 7-ը՝ փաստաբան, մյուս 7-ն էլ՝ իրավապաշտպան կամ հասարակական կազմակերպության անդամ: Հասարակությունն այսօր իրավապաշտպան անձանց կամ լրագրողների գործունեությունը նույնականացնոմ է նրանց կատարած աշխատանքի հետ, ինչն էլ ատելության ալիք է բարձրանցում»,- Forrights-ի հետ զրույցում նշեց «Իրավունքի ուժ»  հասարակական կազմակերպության համահիմնարդիր Անաիդա Սիմոնյանը: ՀԿ-ն շուրջ 8 ամսվա մշտադիտարկումն իրականացնում է Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում և հասցրել է անդրադառնալ գրեթե բոլոր դեպքերին:

Բռնության են ենթարկվել, սպառնալիքներ և վիրավորանքներ ստացել հեղափոխության ժամանակ իր աշխատանքային պարտականություններն իրականացնող լրագրողներ Տիրայր Մուրադյանը, Թեհմինե Ենոքյանը, իրավապաշտպան Արթուր Սաքունցը, Մարինա Պողոսյանը, ՀԿ ներկայացուցիչ Անի Խաչատրյանը, փաստաբաններ Արսեն Մկրտչյանը, Տիգրան Աթանեսյանը, Երվանդ Վարոսյանը և ուրիշներ:

Փաստաբանների նկատմամբ վերաբերմունքը հիմնականում պայմանավորված է նրանց վստահորդների անձով ու այդ անձանց վերաբերյալ հանրության բացասական ընկալումներով։ Այս դեպքում ոչ թե բռնություն էր կիրառվում այլ համատարած ատելության կոչեր, ծաղրանքներ, վիրավորանքներ և սպառնալիքներ էին հնչեցվում:  Եղան դեպքեր, երբ փաստաբանները սկսեցին գաղտնի պահել, թե ում պաշտպանությունն են իրականացնում`հասարակության արձագանքից խուսափելու համար:

«Եթե առաջ հասարակությունը գրեթե միշտ իրավապաշտպանների կողմից էր, ապա այսօր հակառակ երևույթն ենք տեսնում: Հանրությունը թիրախավորում է փաստաբաններին, իրավապաշտպաններին և նույնացնում իրենց վստահորդների հետ»,- հավելեց «Իրավունքի ուժ»  ՀԿ համահիմնարդիր Սոնա Հովակիմյանը:

Փաստաբանի մեքենայի ուղղությամբ թքող անձը ներողություն խնդրեց և հաշտվեց փաստաբանի հետ

Գեներալ Մանվել Գրիգորյանի շահերը ներկայացնող փաստաբան Արսեն Մկրտչյանը դարձավ նմանօրինակ դեպքի «զոհը»: Բազմաթիվ վիրավորանքներ ու սպառնալիքներ ստանալով ոչ միայն իր, այլև ընտանիքի հասցեին, Մկրտչյանը չշտապես դիմել օրենքի ուժին: Միայն այն ժամանակ, երբ դատարանի դիմաց հավաքված քաղաքացիներից մեկը թքեց, ապա անհայտ ծագումով հեղուկ լցրեց փաստաբանի մեքենայի վրա, Ոստիկանությունը սկսեց նյութեր նախապատրաստել:

«Որոշ անձիք կարծում էին, թե բավարար է, որ  մեղադրյալը կամ ամբաստանյալը լինի նախկին իշխանությունների հետ այսպես կամ այնպես ասոցացված անձ, որպեսզի  թույլատրելի լիներ նրա  իրավունքի պաշտպանության ոտնահարումը:  Այստեղ ոչ միայն փաստաբանի գործունեությանը խոչնդոտելու հատկանիշներ եմ տեսնում, այլև ընդհանուր  բնույթի հոդվածների հատկանիշներ, մասնավորապես, բացահայտ ավարտված խուլիգանություն»,- Forrights-ի հետ զրույցում ասաց փաստաբան Մկրտչյանը: Պատահարը,սակայն, ավարտվեց հաշտությամբ. զանցանք կատարած անձը ներողություն խնդրեց փաստաբանից, վերջինս էլ՝ ներեց և գործը կարճվեց:

Ոստիկանները չէին հասկացել՝ անկյունում կանգնած ծխող լրագրողը մասնագիտական օրինական գործունեությո՞ւն էր իրականացնում

Այլ ընթացք ստացավ լրագրող Տիրայր Մուրադյանի մասնագիտական գործունեությունը խոչընդոտող իրավապահ մարմինների դեպքը:

Գործը հասավ դատարան. բռնություն գործադրած ոստիկանության աշխատակիցներ Սուրեն Թորոսյանը և Արեգ Թորոսյանը  մեղավոր ճանաչվեցին ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով (Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելը) նախատեսված հանցագործության կատարման մեջ և որպես պատիժ սահմանվեց տուգանք՝ ձևով նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:

 «Արդյո՞ք շենքի անկյունում կանգնած ծխող և հանգստացող լրագրողն իրականացնում է լրագրողի մասնագիտական օրինական գործունություն և արդյո՞ք այդ անձին որևէ կերպ խանգարելը կամ անգամ հարվածելը կարող է դիտվել որպես լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտել»,- լրագրողական աշխատանքի խոչընդոտման իր պատկերացումների մասին ճառում նշել էր Արեգ Թորոսյանի պաշտպան Անի Գրիգորյանը։

            Դատավճիռն այս պահին բողոքարկվում է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում. մեղադրյալները համաձայն չեն դատարանի վճռի ետ:

Ադրբեջանի դրոշի կողքի լուսանկարը՝ իրավապաշտպանին սպառնալու առիթ

Տարեսկզբին մեծ աղմուկ բարձրացրեց Ասյա Խաչատրայնի լուսանկարն Ադրբեջանի դրոշի կողքին, որը նա ահրապարակել էր սոցիալական ցանցում: Սոցիալական ցանցերում վիրավորական արտահայտությունների ու սպառնալիքների պակաս չէր զգացվում:  

«Իրազեկ քաղաքացիների միավորմում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանն ֆեյսբուքյան իր էջում կատարեց գրառում ի պաշտպանություն Ասյա Խաչատյանի, որի մեկնաբանություններում սկսեցին հնչեցվել  իր անձի հանդեպ տարբեր բնույթի վիրավորանքեր և սպառնալիքներ։ Նրան անվանեցին «ազգի տականք», «դավաճան», «նողկալի մարդ»:

Նմանօրինակ մեկնաբանություններ, սպառնալիքներ և վիրավորանքներ մինչ օրս հետապնդում են իրավապաշտպան անձանց: Քանի դեռ հանրությունը փաստաբանին նույնացնում է վստահորդի հետ, իսկ իրավապաշտպանին վիրավորում անձի խախտված իրավունքների մասին բարձրաձայնելու համար, այսպիսի դեպքերը կշարունակվեն:

Ռոզա Վարդանյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here