Երեկ «Կոշ» քրեակատարողակն հիմնարկում տեղի ունեցավ դատապարտյալ Ռոբերտ Հովսեփյանի պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու գործով դատական նիստը՝ դատավոր Սուրեն Մնոյանի նախագահությամբ։
Դատապարտյալը բողոք էր ներկայացրել դատարան, որով վիճարկում էր ՔԿՀ-ի վարչակազմի և Պրոբացիայի ծառայության զեկույցները, որոնք բացասական են բնութագրել իր վարքագիծը։
«Ես 2013 թվականի նոյեմբերի 22-ից կալանքս կրում եմ «Կոշ» ՔԿՀ-ում, ունեմ ընդհամենը մեկ կարցեր, ո՛չ տույժ, ո՛չ հակում, խելոք ապրել եմ, ինձ անհիմն պատճառներով բացասական բնութագիր են տվել։ Մի փաստ չկա»,- իր վրդովմունքը հայտնեց դատապարտյալ Ռոբերտ Հովսեփյանը, նշելով, որ ինքը ուղղիչ աշխատանքային գաղութում չի գտնվում և ի վճակի չէ աշխատել, քանի որ վատառողջ է,- «Մեկը չեկավ ասի ի՞նչդ ա ցավում, նույնիսկ իմ հետ հոգեբան չի աշխատել»,-բողոքեց նա։
Դատապարտյալը հավաստիացրեց, որ ինքն ուղղվել է․ «Ես դրսևորել եմ նորմալ, դրական վարքագիծ, իմ ռեժիմը նույնիսկ բացել են, գրադարան եմ գնում»,-ասաց Ռոբերտ Հովսեփյանը, անդրադառնալով բնութագրի բովանդակությանը․
«Բնութագրի մեջ գրված է քրեական ենթամշակույթ, տենց բան չկա, սուտ է։ Գաղութում ապրում ես բոլորի հետ, շփում ես, ես ամիսներով պառկած սերիալ եմ նայել՝ դուրս չեմ եկել, որտեղից վերցրին՝ թող ապացուցեն»։
Դատարանը հետաքրքրվեց դատապարտյալից՝ «ռեցիդիվ ունե՞ք», ինչին ի պատասխան վերջինս ասաց, որ ունի՝ «ինչ ուզում գրում են»։
Հանրային պաշտպան Հայկազ Գալստյանը հետաքրքրվեց պատճառների մասին, թե ինչո՞ւ դատապարտյալը չի մասնակցել զեկույցներում նշված կրթական ծրագրերին, մարզական, մշակութային միջոցառումներին կամ դատապարտյալների ինքնագործ միավորումներին, ինչին ի պատասխան Ռոբերտ Հովսեփյանը ասաց, որ ինքն իր համար անհատական պարապել է․
«Ես չեմ կարող գնալ էդ աղմուկի մեջ պարապել, եկեղեցի գնում եմ, գրադարան գնում եմ»,-ասաց նա։
«Կոշ» Քրեակատարողական հիմնարկի սոցիալհոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի գլխավոր մասնագետ Սարո Հարությունյանը ներկայացրեց որոշման հիմքերը, ըստ որոնց՝ դատապարտյալը չի մասնակցել ՔԿՀ-ում երկու ինքնագործ միավորումներին, որոնք ստեղծվել են դատապարտյալների դիմումների համաձայն․
«Կրոնական և մարզական միավորումներ ունենք, որոնց մասակցելու վերաբերյալ դատապարտյալի կողմից որևէ գրավոր դիմում չի ներկայացվել»,-ասաց վարչակազմի ներկայացուցիչը, ինչին ի պատասխան դատապարտյալը հավաստիացրեց, որ ինքը մասնակցության առաջարկ չի ստացել։
«Օպերատիվ բաժինը տվել է տեղեկանք, որտեղ նշված է, որ դատապարտյալը դրական է վերաբերվում քրեական ենթամշակույթին, այս ամենը հաշվի առնելով, քրեակատարողական ծառայությունը գտել է, որ պատժի կրման ընթացքում ցուցաբերել է բացասական վարքագիծ, ուստի պատժի կրելուց վաղաժամկետ ազատելու վերաբերյալ դիմում ներկայացնելը նպատակահարմար չէ»,-մանրամասնեց Սարո Հարությունյանը։
Դատապարտյալը կրկին սուտ որակեց քրեական ենթամշակույթին իր դրական վերաբերմունքի մասին օպերատիվ բաժնի տեղեկությունը և պահանջեց ապացուցել, ինչին ի պատասխան աշխատակազմի ներկայացուցիչը մանրամասնեց, որ հնարավոր չէ ապացուցել, քանի որ օպերատիվ ծառայությունը գաղտնի է և հնարավորություն չկա դատարան հրավիրելու։
Հանրային պաշտպան Հայկազ Գալստյանը աշխատակազմի ներկայացուցչից հետաքրքրվեց՝ նշված է մարզական և կրթական ծրագրերին չի մասնակցել իր վստահորդը, այդ ծրագրերը գործում են արդյո՞ք․
«Ոչ, չի գործում, այստեղից գործում են միայն երկու ինքնագործ միավորումներ»,- ասաց Սարո Հարությունյանը։
Սարո Հարությունյանը ներկայացրեց դատապարտյալի նախկին դատվածության ժամանակագրական տվյալները, ըստ որոնց՝ Ռոբերտ Հովսեփյանը նախկինում դատապարտվել է երեք անգամ՝ 2001թվականին 2 տարի ժամկետով, 2004-ին՝ 1 տարի, 2010-ին՝ 2 տարի․
«Ես ընդունել եմ իմ մեղքը դրա համար դատապարտվել եմ՝ փոքր եմ եղել չեմ հասկացել։ Իմ գողացածը ոսկի ու փող է եղել, բայց մարդկանց կյանք չեմ գողացել»,-ասաց Ռոբերտ Հովսեփյանը։
«Ես Ռոբերտի վարքագծի մեջ տեսնում եմ դրական տեղաշարժ»,-ասաց դատավոր Սուրեն Մնոյանը, դատապարտյալին խորհուրդ տալով վարքագիծը փոխել, քանի որ ոչ թե դատարանն է հետևում դատապարտյալի վարքագծին, այլ ադմինիստրացիան է հետևում և բնութագիր տալիս։
Պրոբացիայի ներկայացուցիչ Ղուկաս Նազարյանն էլ իր հերթին ասաց, որ ուսումնասիրել է անձնական գործը , դատապարտյալի հետ զրուցել է և եկել է այն եզրակացության, որ նպատակահարմար չէ, քանի որ նույնաբնույթ հանցագործություն է կատարել։
Դատապարտյալը պահանջեց Ղուկաս Նազարյանից, որ ոչ միայն բացասականը ներկայացնի այլ նաև դրականը, որից հետո Պրոբացիայի ներկայացուցիչը հրապարակեց դատապարտյալի բնակության վայրի՝ հարևանների, ինչպես նաև ծնողի դրական բնութագրերը։
Դատախազ Կուբանյանն էլ իր հերթին հիշեցրեց այն փաստը, որ դատապարտյալը նախկինում երեք անգամ դատապարտված է եղել․
«Հատկանշական է, որ բոլոր հանցագործությունները ուղղված են սեփականության դեմ»,-ասաց դատախազը, հավելելով, որ դատապարտյալի մոտ առկա է ռեցիդիվ և վերջինս չի ընդունում իր այս մեղքը, համարում է անմեղ և նշանակված պատիժը համարում է ոչ օրինաչափ։
Դատապարտյալն էլ իր հերթին հիշեցրեց, որ վերջին դատավածությունը դատապարտվածությանը զուգորդել են խոշտանգումների միջոցով է կատարվել, որի շրջանակներում նույնիսկ ոստիկաններ կան դատապարտված և իր այս գործը որակեց «վրեժխնդրություն»։
Դատախազը անձրադարձավ նաև այն փաստտերին, որ դատապարտյալը չի աշխատել, չնայած ճանաչվել է աշխատունակ․
«Լսելով կողմերի ներկայացված զեկույցները, գտնում եմ, որ զեկույցները հիմնավոր են և նույնական, ինչի կապակցությամբ խնդրում եմ մերժել բողոքը»,-ասաց նա։
Դատարանը խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո հրապարակեց որոշումը, ըստ որի՝ որոշեց չբեկանել ՔԿՀ-ի վարչակազմի և Պրոբացիայի ծառայության զեկույցներ, սակայն հնարավորություն տվեց դատապարտյալ Ռոբերտ Հովսեփյանին կրկին դիմում գրել պայմանական վաղաժամկետ ազատման համար։
Ազնիվ Սիրադեղյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: