Արթուր Մովսիսյանի անմեղությունը պետք է ապացուցվի․փաստաբան

0
462

«Ես մենակ կազմակերպված խումբ եմ, չի երեւո՞ւմ»,- կատակում է Ժիրայր Սեֆիլյանի  եւ մյուսների գործով դատապարտված Արթուր Մովսիսյանը։

Ժիրայր Սեֆիլյանի գործով անցնող Արթուր Մովսիսյանի դատական նիստերն առանձին  են անցկացվել։ Նա 2017 թ դեկտեմբերի 4-ին դատապարտվել էր երեք տարվա ազատազրկման։

 Ըստ մեղադրական եզրակացության՝ ռազմական նշանակության շենք-շինություններ զավթելու նպատակով Արթուր Մովսիսյանն իր բնակարանում թաքցրել է հրազեն ու ռազմամթերք՝ այն փոխանցելով ժիրայր Սեֆիլյանի կողմից ստեղծված զինված խմբի մյուս անդամներին:

 Վերաքննիչ դատարանն անփոփոխ էր թողել  դատավճռը։ Իսկ ահա  Վճռաբեկ դատարանը օգոստոսի 1-ին որոշել էր  փոփոխել «Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսներ»-ի գործով դատապարտված Արթուր Մովսիսյանի խափանման միջոցը:

Դատարանը որոշեց Արթուր Մովսիսյանի նկատմամբ ստորագրությունը ընտրել՝ որպես խափանման միջոց եւ գործն ուղարկել Վերաքննիչ դատարան՝ նոր քննության:

Մինչ Վճռաբեկ դատարանի նման որոշում կայացնելը՝    հունիսի 13-ին  արդեն Վերաքննիչ դատարանը «Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսներ»-ի գործով կազմակերպված խմբի կազմում հանցագործություն կատարելու մեղադրանքը վերաորակել էր՝ այն դարձնելով խմբի կազմ եւ նրանց  ազատ արձակել: Ստացվում է, որ Արթուր Մովսիսյանը միայնակ էր գործել կազմակերպված խմբի կազմում։

 Արթուր Մովսիսյանը շարունակում է պնդել, որ ինքը  Ժիրայր Սեֆիլյանին նույնիսկ չի ճանաչել, իսկ ենթադրյալ հանցագործություն կատարելու օրերին գտնվել է ՌԴ-ում։ Արթուր Մովսիսյանն այնտեղ էլ կալանավորվել է եւ միայն 6 ամիս հետո տեղափոխվել Երևան։

Վերաքննիչ  քրեական դատարանում մեկնարկած դատական նիստն այսօր շատ կարճ տեւեց։ Ոչ միայն դատարանի կազմը համալրված չէր, այլ նաեւ դատախազ Պետրոս Պետրոսյանը չէր ներկայացել դատարան։

Արթուր Մովսիսյանը նշում է, որ աննորմալ մեղադրանք է, այն  չի  ընդունել, հիմա էլ չի ընդունում։

 «Հետո մի բան, ես դեմ եմ, որ ինձ դատի այս դատարանը։  Սերժի դատարանին ես դեմ եմ։ Ես ուղղակի այստեղ եկել եմ Նոր Հայաստանի պայմաններում օրենքը պահելու համար։ Բայց Նոր Հայաստանում պետք է լինեն նոր դատարաններ։ Այս դատավորները, դատախազը հին ռեժիմից են մնացել, չեն բարեհաճում նույնիսկ դատարան գան»,- ասաց Արթուր Մովսիսյանը։

Արթուր Մովսիսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը  հիշեցնում է, որ այս գործը սարքվել էր նախկին նախագահ Սերժ Սարգսյանի պատվերով․

«Մենք գիտենք, հիշում ենք, որ Սերժիկ Սարգսյանի պատվիրած գործն է եղել։ Նրա կողմից Քննչական կոմիտեում պատվերը հստակ ստացվել էր եւ շատ ուշագրավ է, որ այն քննչական խմբի ղեկավարը, որն այս գործը պատրաստեց եւ Արթուր Մովսիսյանի ու  Սեֆիլյանի եւ մյուսների մասով ուղարկեց դատարան, այսօր հանդիսանում է Սերժ Սարգսյանի փաստաբանը։ Սրանք ինքնին խոսուն փաստեր են»։

 Իսկ Արթուր Մովսիսյանը գիտի, թե ինչու են որոշել մեղադրանք առաջադրել նաեւ իրեն  «Իրենց պետք էր մեծ խումբ հավաքել, որ ցույց տան, որ Ժիրայր Սեֆիլյանը խժդժություններ է նախապատրաստում՝ կազմակերպված զինված խումբ ունի։ 10-12 հոգի էին սկզբից, բայց այդ 10-12 հոգին,   ըստ իրենց,  երկու  կալաշնիկով տեսակի ինքնաձիգ, սարքեցին, շինծու էր, բայց մինչեւ վերջ չկարողացան տանել, փլուզվեց մեղադրանքը»։

Արթուր Մովսիսյանը հիշում է, որ ընկերներից մեկը ասել է, որ գործիքներ է դնում տանը, ինչին համաձայնվել է,  հետո եկել տարել է  «Ես չեմ էլ իմացել, հիմա նույնիսկ կասկածում եմ, որ այդտեղ զենք է եղել։ Մինչեւ հիմա չեմ իմացել, թե այդտեղից են տարել զենքը, թե կրկին սարքել են։ Ընդամենը երկու հոգի ցուցմունք է տվել, որ եկել, այդտեղից տարել են ավտոմատները»։

Արթուր Մովսիսյանի  պաշտպան Արայիկ Պապիկյանի խոսքերով՝  անհեթեթ վիճակում է հայտնվել դատարանը։ Ըստ էության անձի մեղադրանքը համարել են ապացուցված կազմակերպված խմբում կատարելու մեջ, բայց մեկ այլ դատարան որոշում է կայացրել, որ կազմակերպված խումբ չի եղել։

«Սա ինքնին վկայում է, որ ոչ թե անձերի կամ մեղադրանքի մասին է խոսքը, այլ քաղաքական պատվերի մասին է խոսքը։ Հիմա,  քանի որ Սեֆիլյանի եւ մյուսների գործով կազմակերպված խումբ արարք գոյություն չունի, բնականաբար Արթուր Մովսիսյանի գործով չէր կարող լինել միայնակ կազմակերպված խումբ հասկացություն»,- ասում է Արայիկ Պապիկյանը։

Պաշտպանը ընդգծում է՝ Արթուր Մովսիսյանի անմեղությունը պետք է ապացուցվի։ Իսկ եթե կայացվեց դատապարտող դատական ակտ, անկախ նրանից ինչպիսին այն  կլինի, բողոքարկելու են Վճռաբեկ, անհրաժեշտության դեպքում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

Սուսաննա Պողոսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here