«Սա իրավական անգրագիտության կծիկ է».18 օր հացադուլի մեջ գտնվող կինոռեժիսորը հակադարձում է Մշակույթի նախարարությանը

0
1119

«Սա ինքն իրեն հակասելու նախարարության հերթական դրսեւորումն է։ Եթե վստահ էիք, որ ես սխալներ ունեի, բայց ուզում էիք շանս տաք, ինչի նախորդ հանձնաժողովը չի արել դա, եթե նախորդ հանձնաժողովը մերժել է, ինչու նոր հանձնաժողովը չպետք է մերժի, սա իրավական անգրագիտության կծիկ է»։

Երեկ հրավիրված ասուիսում հայտարարեց արդեն 18 օր հացադուլի մեջ գտնվող կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը, անդրադառնալով Մշակույթի նախարարության տարածած հաղորդագրությանը` առանձնացնելով , հատկապես, հայտարարության վերջին հատվածը։

«Հաշվի առնելով այն փակուղային իրավիճակը, որում հայտնվել է ֆիլմարտադրողն ինչպես իր խնդրահարույց գործունեության, այնպես էլ՝ համակարգի թերությունների հետևանքով, բացառության կարգով հնարավոր ենք համարում նախագծի մասնակցությունը 2019 թ. մրցությում՝ մյուս բոլոր մասնակիցների հետ հավասար պայմաններում, կամ հետագա խախտումներից խուսափելու համար ձևավորել իրավաբաններից և ոլորտի մասնագետներից  կազմված առանձին հանձնաժողով, որը կուսումնասիրի և լուծումներ կառաջարկի՝ «Տատիկիս վարսերը» ֆիլմի խնդիրներին»:

Հովհաննես Գալստյանը իր վրդովմունքը հայտնեց այս կապակցությամբ․եթե ինքը սխալ էր և իրեն ցանկանում էին շանս տալ, ինչո՞ւ նախորդ հանձնաժողովը դա չարեց։

«Մշակույթի նախարարության տրամաբանությամբ կարելի է ենթադրել, որ դուք կարող եք քրեական հանցագործ լինել,  կոռուպցիայի մեջ թաթախված անձ, կարող եք պետության փողը վատնած լինել , սակայն ներողամտաբար և բարի ժեստի արդյունքում հնարավորություն կստանաք մասնակցել՝ եթե հաղթեք, ուրեմն ֆինանասավորումը կշարունակենք»,-ասաց նա՝ընդգծելով, որ Մշակույթի  նախարարությունը շարունակում է ինքն իր հակասելու քաղաքականությունը:

Ըստ հաղորդագրության՝ Տատիկիս վարսերը» ֆիլմի ֆինանսավորման նոր հայտի մերժման հիմքում ընկած է` կինոյի ոլորտում նախկինում առկա արատավոր մոտեցումների, ստվերային համաձայնությունների և անհավասար մրցակցության նախադեպերի վերացման քաղաքականությունը՝ նպատակ ունենալով հարթել ֆիլմարտադրող ընկերության գործունեության մեջ տեղ գտած իրավական անճշտությունները և ապահովել ֆիլմի հետագա արտադրության թափանցիկությունը։

Կինոռեժիսորի խոսքերով՝ վերոնշյալը չի համապատասխանում իրականությանը 

«Մենք ունենք մերժման թուղթը, որտեղ հստակ ներկայացված է, որ նախագիծը մերժվել է նախկինում չկատարված պարտավորության համար։ Մինչգերատեսչական հանձնաժողովն ընդունել է, որ կանոնակարգի այդ կետը օրենքի հետադարձ ուժ չունի  և մեր հայտը չէր կարող մերժվել այս հիմնավորմամբ»,-մանրամասնեց կինոռեժիսորը, հավելելով, որ փակուղային իրավիճակի առաջ կանգնելով, նախարարությունը սկսել է այլ հիմնավորումներ գտնել։

«Փաստը հետևյալն է՝ Նազենի Ղարիբյանի ֆիլմերի ֆինանասավորուման հանձնաժողովը մերժել է «Տատիկիս վարսերը» շարունակվող ֆիլմի հայտը, ապօրինաբար հղում անելով կանոնակարգի մի կետի, որին հղում անելու իրավունք չուներ»,-ասաց Հովհաննես Գալստյանը, մյուս բոլոր փաստերը երկրորդական համարելով։

Մշակույթի նախարարությունը անդրադարձել էր նաև կինոռեժիսորի «Թողություն» ֆիլմին․

«Հայտնի է, որ 2010-2014 թթ. «Պարալլելս պրոդաքշընը», նույն ինքը՝ Հովհաննես Գալստյանը, պետությունից ստացել է 93,4 միլիոն դրամ՝ «Թողություն» (Մետամորֆոզներ, Լուսավոր շրջան, Ռեմիսիա, Սրբագրողը, Գաբրիել և Մարի) ֆիլմի արտադրության համար: Ֆիլմը չկա, կա միայն 10-15 րոպե տևողությամբ տեսանյութ: Պետական գումարը անպատիժ վատնվել է: Հանդիպման զրույցից պարզ է դառնում, որ ֆիլմի հետաձգումը կապվում է նաև նախկինում նախարարների մակարդակով իրականացված բանակցությունների հետ։ Թե նախկին համակարգի օրոք ի՞նչ ստվերային համաձայնություններ են եղել այս կոռուպցիոն սխեմայի շրջանակներում, կպարզեն իրավապահ մարմինները, քանի որ ներկայումս գործը քննում է ՀՀ դատախազությունը»,-ասված էր հայտարարության մեջ։

Հովհաննես Գալստյանը անդրադառնալով վերոնշալ հատվածին, մասնավորապես ասաց․

«Սա մեղադրանք է․ նրանք մի հատարարություն են անում, որն անընդհատ փոփոխվում է։ Նախկինում ասում էին 3 րոպե նյութ կա, հիմա ասում են 10-15 րոպե»,-ասաց նա, հայտարարելով, որ Ազգային կինոկենտրոնում կա 76 րոպե նկարահանված նյութ, իրենց մոտ կա 26 րոպե նկարահանված նյութ, և 30 րոպե բալետի փորձերի նկարահանումներ։

Կինոռեժիսորը մանրամասնեց նաև, որ «Թողություն» ֆիլմի նկարահանումները ընդհատվել են, երբ մահացել են գլխավոր դերակատար Կարեն Ջանիբեկյանը, բուլղարացի պրոդյուսեր Ժելյո Ժելևը։

Հիշեցնենք, որ անցյալ տարվա դեկտեմբերի 3-ին ևս Հովհաննես Գալստյանը Մատենադարանի տարածքում հացադուլ հայտարարեց, որը տևեց տասը օր և ավարտվեց այն ժամանակ Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի միջամտությունից հետո:

Ֆինանսավորումն այդպես էլ չի շարունակվել՝ չնայած Լիլիթ Մակունցի հանձնարարականներին, և հիմա ևս Հովհաննես Գալստյանը կրկին չի կարող վերսկսել Բուլղարիայի և Գերմանիայի հետ համատեղ արտադրության իր վերոնշյալ ֆիլմի նկարահանման աշխատանքերը:

Կինոռեժիսորը դատական պրոցես է սկսել Ազգային կինոկենտրոնի դեմ, որի ներկայացուցուչներն այդպես էլ հունվարի 30-ին չեն ներկայացել դատական առաջին նիստին և դատը հետաձգվել է երկու ամսով։

Ստեղծված իրավիճակի արդյունքում, սույն թվականի փետրվարի 2-ից կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը հացադուլ է հայտարարել, իսկ արդեն փետրվարի 15-ին նրան է միացել ազատամարտիկ Մհեր Մազմանյանը՝ իշխանությանը և հասարակությանն ուղղված սթափության կոչով:

Ազնիվ Սիրադեղյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here