«Բա սա ի՞նչ ա կոչվում, 1,5 ամիս անցել ա, թաքցնել չի՞». մահացած զինծառայողի այրին հակադարձում է Դավիթ Տոնոյանին

0
3927
Էդգար Գրիգորյան

Մինչ ՊՆ-ն ու նախարար Դավիթ Տոնոյանը փորձում են հասարակությանը համոզել, որ զինվորի մահվան մասին չհայտնելը դա թաքցնել չէ, և որ «պաշտպանության նախարարությունը չի պատրաստվում ոչ ծածկել, ոչ կոծկել  որևէ դեպք, և դա չի արել տարիներ շարունակ», Նոր տարվա գիշերը հրազենային վիրավորումից մահացած պայմանագրային զինծառայող Էդգար Գրիգորյանի այրին, 26-ամյա Արաքսյա Կարապետյանը տարակուսանքով է հետևում նախարարի ու նախարարության հայտարարություններին ու ծառայողական քննություն անցկացնելու պատրաստակամությանը:

Բանն այն է, որ մինչ իր ամուսնու լուրը թաքցնելու առթիվ լրատվամիջոցներում աղմուկ բարձրանալը, տեսնելով, որ շաբաթներ են անցնում, իսկ ՊՆ-ն ձայն չի հանում իր զինվորի մահվան մասին, Արաքսյան խնդրում է Երևանում բնակվող մորաքրոջն այցելել ՊՆ, հանդիպել որևէ պաշտոնյայի հետ ու հարցնել, թե ինչու ՊՆ-ն չի հրապարակում ամուսնու մահվան մասին որևէ տեղեկություն:

«Կարծեմ հանդիպել է փոխնախարարներից մեկի հետ և ասել, էսպիսի դեպք է եղել, ինչո՞ւ չեք արձանագրում, լրատվությանը հայտնում, մարդու կյանք են խլել, թեկուզ ինքն է խլել, ինչի՞ չեք հայտնում, մեզ պատասխանել են, որ ամեն ինչ ընթացքի մեջ է, եթե նույնիսկ չեն հայտնել, կհայտնեն և այլն»,-Forrights.am-ին պատմեց 26-ամյա այրին, ով երեք մանկահասակ երեխաների մայր է: Փաստ է, որ ՊՆ-ն հրապարակեց զինորի մահվան դեպքը միայն, երբ այդ առթիվ լուրը հայտնվեց լրատվամիջոցում:

Նշենք, որ դեպքի առթիվ Քննչական կոմիտեում քրգործ է հարուցվել ինքնասպանության հասցնելու հոդվածուվ, սակայն կինը բացառում է ինքնասպանության վարկածը: «Մենք 8 տարվա համատեղ կյանքի ընթացքում ունենք 3 հրաշք բալիկ, որոնք դեռ փոքրիկ են, չունենք ոչ մի ֆինանսական պարտք կամ դրդապատճառ, որ ինքը նման քայլի գնար»,-ասաց Արաքսյան՝ հավելելով.

«Դիրքեր բարձրանալուց երկու օր առաջ բակի խոհանոցը քանդել էր, երեխաների համար լողավազան էր սարքում, որ մինչև ամառ պատրաստ լինի, մեծ պլաններ ուներ այգի հիմնելու: Ծառայության մտնելուց առաջ պսիխո անալիզ է հանձնել ու կատարյալ առողջ է եղել, հոգեկան որևէ խնդիր չի ունեցել»:

Արաքսյա Կիրակոսյանի համար անգամ վիրավորական են նախարարի հայտարարությունները. «Հեռուստատեսությամբ պարոն նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարեց՝ ոչինչ չի կոծկվել, ոչինչ չենք պատրաստվում թաքցնել: Բա սա ի՞նչ ա, մեկուկես ամիս անցել ա, սա ի՞նչ ա կոչվում, թաքցնել չի՞: Անունը դնում են՝ գործի ընթացքին չխանգարեն: Մենակ է՞ս գործի ընթացքին էին խանգարելու»,-հարց ուղղեց վշտացած այրին՝ շարունակելով.

«Բա 43 օր անցել ա էդ մարդու մահվանից, ոչ ՊՆ-ից զանգ, ոչ հրամանատարությունից զանգ, ոչ մի ցավակցություն պաշտոնավոր անձանց կողմից մեր տուն չի եկել, չեն զանգել: Մի աննշան իրադարձությունը, ասենք՝ կողոպուտը մոտ մի շաբաթ լրատվամիջոցների էկրաններից չի իջնում, իսկ զինծառայողի մահը 42-43 օր հետո նոր որոշել են, որ պետք է հրապարակեն ու լրատվությանը հայտնե՞ն: Ինչի՞ համար չեն արձանագրել, չեն հայտնել, ինչի՞ են թաքուն պահել: Էն որ իրանք տեղյակ չեն պահել ոչ մեկին, դա իրանց մեծ մեղավորությունն ա»:

Արաքսյան չբացառեց, որ ՊՆ-ն նման քայլի է գնացել բանակում մահացության դեպքերի քանակը քիչ ցույց տալու համար. «Թե իբր երկրում շատ գերազանց վիճակ ա տիրում: Զինվորն ա, որ պաշտպանում ա մեր խաղաղ քունը, ինչի՞ համար ՊՆ որևէ պաշտոնյա մի զանգ չի կատարում, ասի՝ գիտեք ցավակցում ենք ձեր ամուսնու կորստի համար: Ոչ մեկը»:

Նախարար Դավիթ Տոնոյանը նաև հայտարարեց. «Հաշվի առնելով այն, որ դեպքը կապված չի եղել ծառայության հետ, մենք  մեծ ուշադրություն չենք դարձրել այդ խնդրին»: Նախարարի այս հայտարարությունն առնվազն տարակուսելի է, քանի որ Էդգարը վիրավորվել է հենց ծառայության վայրում ու ծառայության ժամանակ:

Մեղրիի դիրքերից մեկում ծառայող Էդգար Գրիգորյանի հետ կինը վերջին անգամ խոսել է դեպքից 2 ժամ առաջ՝ հունվարի 1-ի գիշերը, երբ նա ծառայության վայրում է եղել: «Շատ ջերմ ու ուրախ շնորհավորել ենք միմյանց Ամանորի կապակցությամբ: Տրամադրությունը շատ լավ էր, բայց հարբած չէր: Վարկածներ են շրջանառում, որ խմած է եղել, բայց իմ ամուսինը ընդհանրապես չէր խմում, անգամ ծնունդների ժամանակ՝ դեպքից դեպք, առավելագույնը մեկ- երկու բաժակ: Ասաց առավոտյան կարթնանա, կզանգի, էլի կխոսենք»,-պատմեց Արաքսյան:

Իսկ հունվարի 1-ի ցերեկը, ժամը 12-ից հետո նրանց տուն են գնացել վաշտից՝ ասելով, թե դեպք է տեղի ունեցել գիշերը, Էդգարին տեղափոխել են Մեղրու բժշկական կենտրոն: Արաքսյան սկեսուրի հետ գնում է բժշկական կենտրոն, որտեղ նրանց դիմավորում են «խառնված հայացքներով»՝ տեղեկացնելով, որ Էդգարը մահացել է. վիրավորումը տեղի է ունեցել գիշերը ժամը 3-ին, ժամը 6-ին ընդունել են բժշկական կենտրում, իսկ առավոտյան 8-ին Էդգարն արդեն մահացել է:

Էդգարը գլխավոր աորտայի հրազենային վնասվածք է ունեցել սրտից 1.5 սմ հեռավորության վրա: Հրազենային վիրավորումով Էդգարին 8 կմ ոտքով են բերել ծառայակիցները, քանի որ սահմանային ճանապարհները շատ վատ վիճակում են:

«Եթե ճանպարհը նորմալ լիներ, կհասցնեին, չէր մահանա: Անանցանելի ճանապարհներ են: Բժիշկներն ասում էին՝ եթե նույնիսկ կես ժամ 40 րոպե իրան շուտ տեղափոխեին, ինքն էդքան արյունաքամ չէր լինի, կհաջողվեր կյանքը փրկել»,-սրտնեղեց երիտասարդ ընտանիքի միակ կերակրողին կորցրած այրին:

Վերջինիս համար աններելի է, որ ամուսնու ծանր վիրավորման մասին իրենց հայտնել են մահվանից ժամեր անց. «Մեծ բողոք ունեմ թե հրամանտարության, թե բժշկական կենտրոնի հետ կապված: Ինչի՞ մեզ ժամանակին տեղյակ չեն պահել: Թող ավելի շուտ ասեին, գուցե մենք միջոցներ էինք ձեռնակրում, իրան հասցնում էինք Կապանի բժշկական կենտրոն, որտեղ կան ավելի լավ ապարատներ ու մասնագետներ: Էդ ամենամեծ բողոքն ա, որ ես էս պահին ունեմ»:

Նրա խոսքով՝ պատասխանատուներն իրար վրա են գցում մեղքը. «Վիրահատող բժիշկն ասում է՝ մենք իրավունք չունենք, հրամանատարը սկեսրայրիս ասել է, թե բժիշկներն ասել էին՝ կյանքին վտանգ չի սպառնում, դրա համար չենք ասել, բայց բժիշկները հերքում են դա»:

Հարցրինք, թե կարծում է կատարվածը սպանությո՞ւն է, մահացած զինծառայողի կինն ասաց. «Համենայն դեպս, ոչ ինքնասպանություն: Չեմ ուզում նույնիսկ էս պահին գործի քննությանը խանգարեմ, ամեն վայրկյան սպասում եմ, որ ինձ պիտի զանգեն, նորություն ասեն, որ ինքնասպանության էդ կեղտոտ բիծը Էդգարի վրայից մաքրվի, որին ես շատ-շատ կասկածում եմ»:

Նրա խոսքով՝ եթե Էդգարը նման միտք ունենար, դա հաստատ չէր անի դիրքերում. «էդքան մարդ չէր խառնի իրար, ոչ մեկի վրա ոչ մի կասկածանք չէր գցի: Նախևառաջ նամակ կգրեր: Ինքը շատ գիտակից մարդ ա եղել»:

Արաքսյան չի բացառում սպանության վարկածը. «Ամեն դեպքում՝ ինչ- որ մեկի մատը հաստա խառն ա: Ես դա չեմ կարող 100 տոսոկով ասել, պարզապես էն որ ինքը չի դա արել, ես դրանում 100 տոկոսով վստահ եմ: Մենք երեք հրաշք բալիկ ունենք ու ես չեմ պատկերացնում, որ ինքը տենց բան կարար աներ իր հետ՝ ունենալով ապագայի հետ կապված մեծ պլաններ»:


Մարինե Խառատյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here