Ցմահ դատապարտյալների խցերում ներման ուրվականը շրջում էր դեռ 2017 թվականի նոյեմբերից: Այն ժամանակ Նուբարաշենի, Արմավիրի և Արթիկի բերդերում՝ այն կալանավայրերում, որտեղ պահվում են ցմահները, խուլ շշուկներ տարածվեցին, թե Սերժ Սարգսյանը որոշել է ԵՄ-ի հետ կնքվելիք համաձայնագրին ընդառաջ ցմահ դատապարտյալներին ներում շնորհել, ոմանց նկատմամբ էլ պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատում կիրառել: Բաղրամյան 26-ից նույնիսկ առանձին ցմաների տվյալների էին պահանջել, առանց նպատակը բացատրելու: Սակայն այս շշուկներին որևէ գործընթաց չհետևեց: Ցհամ դատապարտյալները և նրանց հարազատները որոշեցին, որ իրենց ազատմանը խանգարեց հեղափոխությունը:
Ստեփան Գրիգորյանը մոտ է ինքնասպանության
Հեղափոխությունից հետո սակայն ներման սպասումը, արդարության ու գթասրտության պահանջմունքին գումարվելով, ավելի սաստկացավ: Նոր շշուկներ սկսեցին տարածվել՝ որ Նիկոլ Փաշինյանի սեղանին ցմահներից 20 ներման խնդրագիր կա, որ մի քանի հոգու, այդ թվում՝ նախկինում մահապատժի դատապարտված Ստեփան Գրիգորյանի հարցը լուծված է:
Փետրվարի 5-ին ԲՀԿ-ական պատգամավորների հետ «Արմավիր» ՔԿՀ այցելած Նաիրա Զոհրաբյանը նրան հանդիպել է, հարցրել է՝ ի՞նչ կա, ո՞նց ես, եւ ստացել է պատասխան․ «Փոստին եմ սպասում»։ Փոստը եկավ նույն օրը՝ ներման խնդրագրեր գրած 134 դատապարտյալներից ներում ստացել են ընդամենը երկու անձ:
Բոլոր ցմահների խնդրագրերը ՀՀ նախագահն ու վարչապետը մերժել են:
Երկու օր անց՝ փետրվարի 7-ին, Նաիրա Զոհրաբյանը, որը խորհրդարանի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է, այս հանձնաժողովի նիստում կարճ արտահայտեց իր կարծիքը՝ որ ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի վերաբերյալ տեղեկատվական արտահոսքը խանգարել է մի քանի այլ ցմահ դատապարտյալների ներմանը:
Մհեր Ենոքյանի ազատման շուրջ, ինչպես հայտնի է, հասարակական բուռն արձագանք եղավ, կողմ և դեմ կարծիքներ: Ենոքյանի կինը՝ լրագրող, պետական վերահսկողության ծառայության խոսնակ Զարուհի Մեջլույնանն իրեն ինքնասպանության դրդելու վերաբերյալ հաղորդում ներկայացրեց իրավապահներին, որը մերժվեց:
Արդա՞ր է արդյոք մեկի պատճառով մերժել բոլորին: «Ես իրավունք չունեմ ներման գործընթացի մասին խոսել: Այո, ես կարծում եմ, որ չցանկացան հանրային տրամադրությունների էսլակացիա անել, դրեցին, համահարթեցման ճանապարհով բոլորին մերժեցին, ինչը սխալ է: Չէի ցանկանա այս թեմայի շուրջ ծավալվել: Գիտեմ, որ Զարուհի Մեջլումյանն էլ ծանր դեպրեսիայի մեջ է, նույնիսկ սուիցիդալ տրամադրություններ ունի: Ես հարգում են սերը, հասկանում եմ, դա ինչ է, և չեմ ուզում նաև նրան ցավ պատճառել», — պատասխանեց պատգամավորը:
Նա Forrights.am-ին հայտնեց, որ Ստեփան Գրիգորյանը ևս մոտ է ինքնասպանության. «Նա ծանր ստրեսային վիճակի մեջ է: Նրա կողքին կալանավորներ են, հետևում են, որ նա իրեն չվնասի»:
Արտակ Զեյնալյանը խոստանում է ցմահներին՝ գարուն կգա
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի գնահատականը «ցմահների» խնդրագրերի վերաբերյալ հետևյալն է. «Ներումը նախագահի և վարչապետի բացարձակ և բացառիկ իրավունքն է, հայեցողությունը։ Դա իրենց սուբյեկտիվ վերաբերմունքն է, իրենց ներքին համոզման լույսի ներքո»: Նախարարը վստահեցնում է, որ ինչ որ օրենսդրական փաթեթ է մշակվում, որն առնչվում է ցմահ դատապարտյալներին: Սակայն ժամկետներ, այլ մանրամասներ չի նշում, բացի այն, որ նոր փաթեթը նախատեսում է պահման ռեժիմների փոփոխություն: ԲՀԿ փորձագետները նույնպես օրենսդրական նախագիծ են մշակում:
«Դրանով նախատեսում ենք, որ ներման գործընթացի ինչ որ մի փուլում նաև տուժողների իրավահաջորդների կարծիքը հաշվի առնել», — ասում է Նաիրա Զոհրաբյանը, վստահեցնելով, որ հանրային լայն քննարկումներ են լինելու օրենսդրական նախաձեռնությունների շուրջ:
Ո՞ւմ ներման խնդրագրերն են բավարարել ՀՀ վարչապետն ու նախագահը
Մեր տեղեկություններով, խնդրագիր ներկայացրած 134 դատապարտյալներից ոչ մեկը ազատ չի արձակվել: Ընդամենը կրճատվել է երկու անձի պատժի չկրած մասը: Նրանցից մեկը Ձորաղբյուրի բնակիչ Նարեկ Սարգսյանն է, որը 6 տարվա ազատազրկման է դատապարտվել 2016-ին քրեական՝ «Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու» հոդվածով։ Ըստ մեղադրանքի, նա 2015 թվականի հոկտեմբերի 12-ին հորեղբոր՝ Արմեն Սարգի հետ հարբել է: Հորեղբայրը ցանկացել է գնալ հաշիվ մաքրել իր ծանոթի հետ, որը գրավադրել է իր տունը, վարկը չի մարել: Նարեկ Սարգսյանը թույլ չի տվել հորեղբորը իրագործել այդ ծրագիրը, և վիճաբանության ժամանակ այնպես է ծեծել հորեղբորը, որ վերջինս երեք օրից մահացել է:
Դատարանը 2016 թվականին Նարեկ Սարգսյանին դատապարտել է 6 տարվա ազատազրկման: Նրա պատժի չկրած մասը կրճատվեց մեկ տարով։ Մյուս դատապարտյալը Բորիս Հակոբյանն է՝ 2012 թվականին սպանության եւ զենքի ապօրինի կրման համար դատապարտված (Քրօր․ 104 -րդ եւ 235 հոդվածներ)։ Այս գործի մասին դատալեքս տեղեկատվական համակարգում տվյալները փակ են: Մամուլից հայտնի է, որ Բորիս Հակոբյանը 2011 թվականին ատրճանակով սպանել է Խաչիկ Գալոյանին, լուծելով իր սպանված որդու վրեժը: Բորիս Հակոբյանը դատապարտված է 9 տարի 9 ամսվա ազատազրկման: Նրա պատժի չկրած մասը նվազեցրել են մեկ տարով:
«Նուբարաշենում» մինչ օրս խնդրագրերի պատասխանները չեն ստացել
Կալանավայրերում խնդրագրերի համատարած մերժման առիթով լիակատար հուսալքություն է տիրում: Ցմահների հարազատները շոկի մեջ են: Ներման մասին ՀՀ օրենքի համաձայն, նրանք ներման նոր խնդրագիր կարող են ՀՀ նախագահին ներկայացնել միայն 1 տարի անց:
Ներման գործընթացի շուրջ լիակատար գաղտնիություն է պահվում: Ոչ միայն հանրությունը ոչ մի բացատրություն, կամ մեկնաբանություն չի ստանում նախագահից ու վարչապետից, գործընթացի մասնակից պաշտոնատար անձանցից, այլև Խնդրագրեր ներկայացրած դատապարտյալները:
Փետրվարի 2-ին արդարադատության նախարարությունից հաղորդեցին, որ նախագահի հրամանագրերն ուղարկվել են քրեակատարողական ծառայություն՝ կատարման: Նրանց մի մասը մինչ օրս խնդրագրերի վերաբերյալ պաշտոնական պատասխան չեն ստացել, թեև «Ներման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ կետով, անձը պետք է ծանուցում ստանա ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում: Նրանց թվում է «Նուբարաշենում» պահվող ցմահ դատապարտյալ Արմեն Տեր-Սահակյանը: Նա դատապարտվել է ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի գործով և կալանավայրում է 22 տարի:
Վանոյի գործով՝ Վանոյի դեմ ցուցմունք չտալու համար դատապարտված
Նրա ներկայացուցիչ, իրավապաշտպան Արտակ Գալստյանը հաստատեց, որ Տեր-Սահակյանը չի ստացել վարչապետի հրամանագրի վերաբերյալ ծանուցում: «Ինձ դատապարտել են մահապատժի քննիչների ուզած ցուցմունքը չտալու համար: 22 տարի բանտում անցկացնելուց հետո ես մեծ հույսով Ձեզանից ներում եմ խնդրում», — գրել էր Տեր-Սահակյանն իր խնդրագրում: Իրեն մերժելու մասին նա տեղեկացել է մամուլում շրջող ոչ պաշտոնական տեղեկություններից: «Նրանց ուզածը այն է, որ մենք մեռնենք, ու ցմահները վերանան», — նա մեզ փոխանցեց որդու՝ Աբգարի միջոցով:
Արմեն Տեր-Սահակյանի վաղաժամկետ ազատումը մերժել էին անցյալ տարեվերջին: Որոշումն այս Արտակ Գալստյանը բողոքարկել է: «Պրոբացիոն ծառայութունը դրական էր բնութագրել Տեր-Սահակյանին՝ ռիսկայնությունը միջին: Արդարադատության նախարարի 2007 թվականի որոշումներից մեկով, նման դեպքում վաղաժամկետ ազատումը նպատակահարմար է: Բայց այս դեպքում տվել են, որ նպատակահարմար չի: Այսինքն, դրական են բնութագրել, բայց գրել են, որ նպատակահարմար չի:
Վարչությունը տվել էր, որ ռիսկայնությունը բարձր է, նպատակահարմար չի: Մենք հարցում արեցինք ՔԿՀ, թե ինչ աշխատանքներ են առաջարկվել Տեր-Սահակյանին, որից նա հրաժարվել է, ինչ միջոցառումներ եք արել, որտեղ կարող էր աշխատել, որ նա հրաժարվել է, որտեղ է սպորտզալը, որտեղ նա հրաժարվել է պարապել, որ գրել են՝ չի մասնակցել սպորտային միջոցառումների, — ասում է Արտակ Գալստյանը, — ստացանք մի ունիկալ պատասխան՝ որ ձեզ չենք կարող պատասխանել, որովհետև ձեր ասած տեղեկությունները առկա են 2015 թվականի փաստաթղթերում, որոնք ոչնչացված են: Այսինքն, ստացվում է, որ մարդու մասին բնութագիր են տվել փաստաթղթերի հիման վրա, որոնք ոչնչացված են»:
Իրավապաշտպանն ավելացրեց, որ ցմահ դատապարտյալները պահվում են հատուկ ռեժիմով, իսկ ՔԿՀ ներքին տնտեսական բլոկում կարող են աշխատել միայն կիսաբաց ռեժիմով պահվող դատապարտյալները, բայց ոչ ցմահ ազատազրկվածները: «Իրենց խցերում հատուկ ռեժիմով պահվող ցմահները նույնիսկ հացից ծաղիկ, նարդի ու թզբեհ չեն կարող սարքել, որովհետև ցմահ դատապարտյալին իր խցում «արտադրանք տալու համար» նույնիսկ հասարակ մկրատ պահել չի կարելի», — նշում է Արտակ Գալստյանը:
Սյուզան Սիմոնյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: